Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դիմումը հայ ժողովրդին


Հայրենակիցնե՛ր,

Արցախին մահացու վտանգ է սպառնում։ Հակառակորդի ձեռքերն ազատ են, եւ նա պատրաստ է ամէն քայլի՝ մի քանի հազար տարիների հայկական օճախը ոչնչացնելու համար, ինչպէս Արեւմտեան Հայաստանում, Նախիջեւանում, Գանձակում։

Մեր ժողովրդի նկատմամբ երեք տարի շարունակուող սադրանքները չբաւարարեցին բարբարոսների եւ նրանց հովանաւորների արնատենչութիւնը։ Արցախը շրջապատուած է Ադրբեջանի զօրքերով եւ ճակատագրական օրեր է ապրում։ Արցախն օգնութեան է կանչում իր արիւնակից եղբայրներին։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ջանք չի խնայի՝ իր ամբողջ կարելիութիւնները տրամադրելով Արցախի հայութեան իրաւունքների պաշտպանութեանեւ Հայրենիքի պատիւն ու սահմանները պաշտպանելու գործին, ուստի Ձեզ կոչ է անում.

-Անյապաղ դադարեցնել ներքին հակամարտութիւնները եւ համախմբել բոլոր ջանքերը՝ յանուն մեր սրբազան հողերի պաշտպանութեան,

-Ազգային զինուած ջոկատները հայրենի իշխանութեան ղեկավարութեամբ մղել գործելու Արցախի եւ սահմանամերձ շրջանների պաշտպանութեան ուղղութեամբ,

-Ամէն կերպ կանխել Հանրապետութիւնում քաղաքական եւ հասարակական իրադրութիւնն ապակայունացնելու փորձերը,

-Ապահովել Արցախի տնտեսական անկախութինը եւ նրա ղեկավարութեան ինքնուրոյնութիւնը,

-Ճեղքել Հայաստանի ինֆորմացիոն շրջափակումը,

-Ապահովել Հայաստանի ելքը միջազգային քաղաքական թատերաբեմ եւ Արցախի խնդիրը արծարծել միջազգային ատեաններում։

Մեր ժողովուրդը պէտք է յաղթի, քանի որ օժտուած է ինքնակազմակերպման, կարգապահութեան, ազգային իդէալներին նուիրուելու, անձնազոհութեան բնատուր յատկութիւններով։

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ
5 Սեպտեմբերի 1990 թ. ք. Երեւան

Տպել Տպել