[1]Հուլիսի 2-ի երեկոյան Պռոշյանի գյուղապետարանի հարակից հրապարակը մարդաշատ էր: Տեղի «Դրո Կանայան» Կոմիտեի հրավերով այստեղ էին հավաքվել դավադիր գնդակի զոհ դարձած Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մարտական ու կուսակցական ընկերներ, գյուղի հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ մասնակցելու արցախյան պատերազմի հերոսի և հարգված գյուղապետի հիշատակին կազմակերպված մոմավառությանը:
Մինչ արարողության մեկնարկը ելույթ ունեցան բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ովքեր, ընդգծելով Հրաչ Մուրադյանի նման հերոսների մարդկային տեսակի կարևորությունը մեր երկրի ու ժողովրդի համար, միևնույն ժամանակ պահանջեցին ամեն ինչ անել բացահայտելու այս ոճրագործության կատարողներին, կազմակերպիչներին և դրդիչներին:
[2]
Արծվիկ Մինասյանը, մասնավորապես կոչ արեց պռոշյանցիներին ամեն կերպ աջակցել հետաքննությանը, ապա թե ոչ, այն ինչ կատարվեց Հրաչ Մուրադյանի հետ, վաղը, մյուս օրը կարող է տեղի ունենալ հենց նրանց հետ, ովքեր տեսել են եղելությունը, բայց, վախենալով, լռում են այդ մասին: Արծվիկ Մինասյանն իր խոսքում Հրաչ Մուրադյանի վրա արձակված կրակոցը որակեց կրակոց մեր երկրի, մեր պետականության, արցախյան հերոսամարտի մասին մեր ունեցած համոզմունքի վրա: ՀՀ իշխանությունները, իսկ այսօր նրանք են երկրի տերը, պարզապես պարտավոր են բացահայտել մեր պետության դեմ ուղղված այդ նենգ դավադրությունը՝ հավելեց պատգամավորը:
[3]
Այնուհետև արարողության մասնակիցները կտրեցին և հանեցին ասֆալտի այն կտորը, որի վրա, ինչպես նշեց Տարոն Տոնոյանը՝ չնայած տեղացած անձրևներին, արևին, տակավին պահպանվել էին հերոսի արյան հետքերը: Կտրված ասֆալտի կտորը կտեղափոխվի թանգարան, որի կառուցումն սկսել էր Հրաչ Մուրադյանը և կցուցադրվի նրա մասին պատմող մյուս ցուցանմուշների կողքին: Կտրված ասֆալտի տեղում կտեղադրվի մարմարե սալիկ:
Այնուհետև մոմավառության մասնակիցները ծաղիկներով պատեցին հերոսի ընկած վայրն ու կատարեցին մոմավառություն՝ այդ կերպ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հրաչ Մուրադյանի անմահ հիշատակին:
Մոմավառության արաողությանը ներկա էին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: