[1]Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի պատասխանատու դիտում է միայն երկրի իշխանությանը:
«Կարծում եմ, այս պահին մենք ուրիշ տարբերակներ չունենք, քան վստահել իշխանություններին, և որպես գործի բացահայտման պատասխանատու, մենք իշխանություններին ենք դիտում, որովհետև միայն նրանք կարող են կոնկրետ գործողություններ իրականացնել»,- Tert.am-ին ասաց նա:
Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք կապը պահում են Ոստիկանության հետ, սակայն, ցավոք, դեռևս հուսադրող որևէ բան չունեն: «Ոստիկանությունը մեզ պատրաստակամություն է հայտնել, որ պետք է բացահայտվի այդ ամենը և պետք է պատժվեն իրական կատարողները, դրդողները»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ Ոստիկանությունն անում է գործողություններ, բայց կարևորն արդյունքն է, որն այս պահին դեռևս չունեն, չունեն նաև դեպքի մասին լիարժեք պատկեր:
«Նաև մենք մեր համակարգը գործադրել ենք, որպեսզի մենք էլ կարողանանք ինչ-որ բաներ պարզել և փոխանցել Ոստիկանությանը, որովհետև ինքնագործունեությունն այս պահին ամենավատ բանը կարող է լինել, հարկավոր է, որպեսզի, ի վերջո, երկրում հաստատվի օրենսդիր իշխանություն, և դրան պետք է ծառայենք բոլորս՝ պատասխանատվություն և պահանջ դնելով իրավապահ մարմինների առջև»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դեպքի մասին նախնական պատկերացումներին, ՀՅԴ ներկայացուցիչը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել՝ պատճառաբանելով, որ բաներ կան, որոնք ընթացքի մեջ են և իրենց կարծիքները կարող են վնասել գործի քննությանը:
Ըստ նրա՝ Հրաչ Մուրադյանի սպանությունը ոչ միայն սթափության կոչ է, այլ նաև պատասխանատվություն է պահանջում յուրաքանչյուր մարդուց: «Սա պարզապես սպանություն չէ, սա պետականության վրա հարձակում է, կրակոց է մեր արժանապատվության վրա: Դրա համար իշխանությունը եռակի, քառակի, հնգակի ջանքեր պետք է գործադրի այս գործը բացահայտելու համար»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում հայերը կկորեն աշխարհի երեսից:
tert.am