- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ադրբեջանին զենք վաճառելու ՌԴ-ի քայլը ռազմավարական գործընկերոջ պահվածք չէ

kir00 [1]Ադրբեջանին զենք վաճառելու ՌԴ-ի քայլը ռազմավարական գործընկերոջ պահվածք չէ, այս մասին, այսօր, հուլիսի 9-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանին 1 մլրդ դոլար արժողությամբ հարձակողական բնույթի զենքի գործարքին:…

Ըստ Կիրո Մանոյանի՝ Ռուսաստանը իրավական առումով պայմանագրային տրամադրություններ չի խախտել: Բայց, նրա գնահատմամբ, Ադրբեջանին մեծածավալ զենքի վաճառքը ռազմավարական դաշնակցից ակնկալվող պահվածք չէ:

«Եթե հավատանք մեկնաբանություններին, թե այդ զենքը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը չի խախտում, ապա, այդուհանդերձ, պատերազմի հավանականությունը մեծանում է, երբ նման պետության ձեռքին զենք է հայտնվում: Բնականաբար, պատերազմ սկսելու գայթակղությունն Ադրբեջանի մոտ մեծանում է:

Ուստի մտահոգիչ է ՌԴ-ի պահվածքը, որքան էլ որ փորձեն ներկայացնել, թե ռազմական հավասարակշռությունը երկրների միջև չի խախտվում: Կան նաև այնպիսիք, որոնք ասում են, թե ոչ միայն խախտվում է հավասարակշռությունը, այլև վտանգվում է տարածաշրջանը: Դա առավել ևս մտահոգիչ է: Իրավական իմաստով խախտում չկա, բայց ռազմավարական դաշնակցից ակնկալվող կեցվածք չէ»,- մեկնաբանել է Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ ՌԴ-ի պահվածքն ընդունելի չէ:

Բանախոսի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունների հրապարակային արձագանքը ևս համարժեք չէր ՌԴ-ի այդ քայլին. ՌԴ-ն պետք է զգար, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները, քաղաքական ուժերը դժգոհ են այս պահվածքից:

«Եթե նույնիսկ հավասարակշռությունը չի խախտվում, պատերազմի հավանականությունը մեծանում է: ՌԴ-ն գնաց տնտեսական գործարքի՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար»,- ասել է Կիրո Մանոյանը:

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն հիշեցրեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի գործարքին զուգահեռ խոսակցություններ տարածվեցին Հայաստանում ռուսական ռազմաբազաների արդիականացման մասին, ինչն, ըստ նրա, գուցե ոմանց կարծիքով, լրացնում է Ռուսաստանի այդ քայլը, բայց, Կ.Մանոյանի դիտարկմամբ, դա այդքան էլ այդպես չէ, քանի որ նոր զենքն, այնուամենայնիվ, մեծացնում է պատերազմի հավանականությունն, ինչը մեր շահերից չի բխում։

Եվրասիական միությունից պետք է մի շարք հարցերի պատասխաններ պահանջենք

Կիրո Մանոյանը անդրադառնալով «Եվրասիական միություն, թե ԵՄ» երկընտրանքի շուրջ ծավալող խոսակցություններին՝ ասաց, որ ՀՀ իշխանություններն ասում են, թե Եվրասիական միության կողմից Հայաստանի առջև անդամակցության կտրուկ պահանջ չի դրվել, կան գործընթացներ, բանակցություններ այդ ուղղությամբ: Ըստ նրա՝ շատ կարևոր հարցեր կան ՀՀ-ի անվտանգության, ԼՂ-ի հետ կապված, որոնք մինչ այդ միությանն անդամակցելը պետք է հստակեցվեն: «Մենք երաշխավորություն պետք ստանանք, որ եթե Եվրասիական մությանը միանալու պահանջ դրվի, շատ հարցեր իրենց լուծումը պետք է ստանան, պետք է ավելի պահանջկոտ լինենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իր դիտարկումների համաձայն՝ Հայաստանը փորձում է համաչափ քաղաքականության սկզբունքով առաջ շարժվել:

Թուրքիա-Տարածաշրջան

Ըստ Կիրո Մանոյանի՝ Թուրքիան փորձում է դեմ գնալ միջազգային համայնքի պահվածքին և ուզում է իր ազդեցությունը մեծացնել, որը սակայն սկսել է իր հակառակ ազդեցությունը տալ՝ շատ հարցերում Թուրքիան սկսել է մնալ մենակ:

«Եգիպտոսում Արաբական գարնան ոչ այնքան հաջող ելքի փաստն ենք տեսնում, այդ իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան նաև տարածաշրջանի վրա: Տարածաշրջանում ազդեցիկ ուժերը չեն ուզում, որ Եգիպտոսում տեղի ունեցածն այլ տիրույթներ տեղափոխի, միայն Թուրքիան է, որ փորձում է անիվը հետ պտտել և Եգիպտոսում տեղի ունեցածը հասցնել նախկին վիճակին»,- ասել է Մանոյանը` շեշտելով, որ շատերը հավատացած են, որ Թուրքիային դա չի հաջողվելու:

Անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին` Մանոյանը շեշտել է, որ Սիրիայում իրավիճակը վերջին շրջանում ծանր հետևանքներով լեցուն էր: «Սիրիայում պատերազմական գործողությունների վերջը չի երևում: Այստեղ ևս ճիգեր են գործադրվում` սահմանափակելու իրադարձությունները, որպեսզի արտահոսք չլինի այլ շրջաններ, բայց դա այնքան էլ չի հաջողվում, որի վկայությունն են վերջին բախումները Լիբանանում»,-նշել է ՀՅԴ անդամը:

Նա նաև նկատել է, որ Եգիպտոսում և Սիրիայում տեղի ունեցածը իր ազդեցությունը կունենա նաև տեղի հայ համայնքների վրա: «Հայաստանն այս ամենում պետք է դրսևորի ճկուն կեցվածք և այս կամ այն կողմի հետ չնույնացվի և շարունակի հետապնդել իր շահերը»:

Եգիպտոսում և Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նույնը կարելի է ասել նաև Լիբանանի մասին: Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը հուլիսի 3-ին Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո հրամանագիր է հրապարակել, որով սահմանվում են նոր նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները: Մինչդեռ «Մուսուլման եղբայրներ»-ի ներկայացուցիչները վերստին կոչ են արել հանրահավաքներ անցկացնել ի պաշտպանություն Մուրսիի: Բախումները շարունակվում են նաև Սիրիայում և զոհերի թիվը գնալով մեծանում է. ՄԱԿ-ի տվյալներով` 2 տարի տեւած բախումների ընթացքում 100 հազար մարդ է զոհվել, 1,5 միլիոնը փախստական են դարձել:

Լավ կաշառել են

Անդրադառնալով Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի` ՀՀ ԱԺ-ում արված սկանդալային հայտարարություններին, Կիրո Մանոյանը տեսակետ է հայտնել. «Աուրելիա Գրիգորիուն ընդամենը փաստեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անդունդը»:

«Եթե միմամիտ լինենք, կարող ենք ասել, որ Աուրելիա Գրիգորիուն լավ համոզված է եղել իր ասածի մեջ: Եթե իրատես լինենք, կասենք, որ իրեն մի լավ կաշառել են: Սակայն այս ամեն ինչ-որ առումով վկայում է այն մասին, որ եթե Հայաստանում նա նման բան կարողացել է ասել, ապա Ադրբեջանում հակառակի մասին խոսել չէր համարձակվի: Այս առումով` կարևոր է, որ առնվազն այն շրջանակը, որը մասնակցում էր այդ հանդիպմանը, կամ առհասարակ ՀՀ-ում անցկացվող միջոցառումներին, իրականում տեսնեն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հիմնական տարբերությունը նման հարցերում: Չենք պնդում, որ Հայաստանում դրախտ է և ամեն ինչ սքանչելի է, սակայն նման հարցերում տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ է»,- ասել է Մանոյանը:

Մանոյանի խոսքով` կարելի է անգամ շնորհակալ լինել այդ կնոջը, ով փաստեց, որ Հայաստանում կարող է նման հայտարարություն անել և ապահով մնալ, բայց ոչ ոք չի համարձակվի Ադրբեջանի դեմ նման բան ասել այդ երկրում:

«Այնքան նրա խոսելը չէր կարևորը, որքան ներկաներից ոմանց ձայնակցելը»,- ասել է նա և հավելել. «Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր ֆինանսական ներգործությամբ կարողացել է ազդել անգամ իրավական դաշտի մարդկանց վրա»:

Ովքե՞ր են ցանկանում պառակտել ՀՅԴ-ն

Հարցին` որտեղի՞ց են ծնվել ՀՅԴ հայաստանյան մարմնում գոյություն ունեցող պառակտումների և ՀՅԴ-ի` երկու թևերի բաժանվելու մասին խոսակցությունները և ովքե՞ր են ցանկանում պառակտել ՀՅԴ-ն, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն պատասխանել է,- «Ասել, որ մեր կուսակցության մեջ ոչ մի խնդիր, ոչ մի տարակարծություն չկա, դա էլ ճիշտ չէ: Կուսակցությունը միշտ էլ ցույց տվել է, որ իր ներքին խնդիրներն ինքը կկարողանա լուծել և դրսի ուժերի այն բոլոր ցանկությունները, որ Դաշնակցությունը տեսնեն պառակտված, միշտ էլ ձախողվել են: Կուսակցությունում տարբեր մարդիկ, տարբեր տեսակետներ, մոտեցումներ, հարցեր կան: Բայց Դաշնակցութան համար դա ընդունված է, իր ողջ գոյության ընթացքում հաճախ եղել են հարցեր, որոնք միշտ էլ կուսակցությունը կարողացել է հաղթահարել»:

Կիրո Մանոյանի կարծիքով` դա ձեռնտու է դրսի ուժերին. «Ես կասեի, որ Դաշնակցությունը պառակտված տեսնելու ցանկությունը և տարբեր թևերի բաժանելը գոնե 80-90 տարվա պատմություն ունի»:

Երկիրը վարկաբեկվում է

Վարչապետի օֆշորային միջադեպի հետ կապված հարցին՝ թե հավատո՞ւմ է, արդյոք, որ առանց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գիտության են նրա անունով հաշիվ բացել օֆշորում, Կիրո Մանոյանը պատասխանել է. «Նման երևույթների դրսևորումը, եթե իրականությանը համապատասխանում է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները նման գործարքների մեջ են մտնում, երկիրը վարկաբեկվում է, էլ չեմ խոսում բարձրաստիճան եկեղեցականների մասին» ու նաեւ նշել՝ մինչև հիմա կասկածելու հիմքերը շատ են, բայց համապատասխան մարմինները պիտի կարողանան փաստերը հաստատել:

Հարցին՝ թե որո՞նք են այդ հիմքերը եւ արդյոք Կիրո Մանոյանը հավատում է Կիպրոսի դատախազին, վերջինս պատասխանել է. «Կիպրոսի դատախազն ասում է, թե անհավանական է համարում, որ մեկի անունը դրվի՝ որպես սեփականատեր առանց իր գիտության, իսկ ինչ վերաբերում է դատախազին հավատալուն՝ նրան չհավատալու պատճառ չունենք, թեպետ ինքն էլ կտրուկ վերջնական չի ասում:

Այն դիտարկմանը, թե ՀՀ վարչապետն էլ է ասում, որ տեղյակ չի եղել, Կիրո Մանոյանն արձագանքել է. «Կարող է չի իմացել, կարող է սխալմամբ ուրիշ բանի համա՞ր է անձնագիրը տվել»: