[1]«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
– Պարոն Մինասյան, Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվության աղմկոտ քննարկումից հետո կարծիքներ են հնչում, որ պետք է փոխել ՎՊ մասին օրենքը: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը:
– Շատ ավելի վաղ այդ մասին որոշակի քննարկում եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում: Խոսքը վերաբերում է նրան, որ տարվա ընթացքում ՎՊ հաշվետվությունը պետք է քննարկել ոչ թե մեկ անգամ, այլ պետք է լսել նաև միջանկյալ հաշվետվությունները, հրավիրել այն կողմերին, որտեղ տեղի են ունեցել վերահսկողական աշխատանքները: Ընդ որում` փոփոխության հիմնական նպատակն այն է, որ տարվա ընթացքում ՎՊ գործունեությունը պետք է զուգակցել նաև պետական բյուջեի իրականացման հետ: Այլ փոփոխությունների հետ կապված քննարկումներ չեն եղել: Հնարավոր է նաև, որ ՎՊ մասին օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն լինի այդ մարմնի վրա Ազգային ժողովի վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ դարձնելու համար:
– Ի՞նչ է ենթադրում ՎՊ-ի վրա ԱԺ վերահսկողական գործառույթների ավելացումը:
– ԱԺ վերահսկողության մեծացումն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Դա ենթադրում է, որ ԱԺ-ն պետք է մասնակից լինի ոչ միայն բյուջեի զուտ ձևավորման ու կատարման եզրափակիչ փուլին, այլև ԱԺ պատգամավորներն ու մարմինները, հանձնաժողովներն ու խմբակցությունները պետք է հնարավորություններ ունենան բյուջեի կազմման ու կատարման ընթացքում ստանալ օպերատիվ տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում՝ նաև բացատրություններ: Սա պահանջում է նաև այն, որ ԱԺ համապատասխան՝ տվյալ դեպքում ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում ստեղծվի հատուկ մի կառույց, որը միջազգային փորձով կոչվում է բյուջետային օֆիս: Դա միջազգային պրակտիկայում ընդունված է և կոչված է ըստ ոլորտների օգնելու խմբակցություններին, պատգամավորներին և այլ հանձնաժողովներին ունենալ անհրաժեշտ տեղեկատվություն:
– Իսկ ՎՊ-ի վրա ԱԺ վերահսկողության ավելացումը կամ նախագահ Սերժ Սարգսյանի ու շատ այլ պաշտոնյաների քննադատություններն արդյոք չե՞ն սահմանափակելու այդ կառույցի առանց այդ էլ սահմանափակ անկախությունը:
– Այդ մտահոգությունը կա նաև ՀՅԴ-ում, դրա համար էլ մենք ասում ենք` դրական է, երբ ՎՊ գործունեության վերաբերյալ արձագանք է լինում, բայց չպետք է հասնել ծայրահեղության ու փորձել նսեմացնել, փոքրացնել այդ կառույցի՝ միջազգային փորձով ամրագրված պահանջները: Թե Լիմայի, թե Մեքսիկայի հռչակագրում այդ կառույցը՝ որպես անկախ պետական աուդիտորական մարմին, պետք է օժտված լինի բոլոր լծակներով իրականացնելու իր վերահսկողական աշխատանքը: Եվ որևէ մարմին, անձ իրավունք չունի միջամտել ՎՊ գործունեությանը: Մյուս կողմից էլ` ՎՊ-ն ամբողջությամբ պետք է գործի իր գործառույթների շրջանակում: Այս ընթացքում նաև պարզ դարձավ, որ վերահսկիչ մարմինների գործունեության մեջ պակասում է ընդդիմության դերն ու նշանակությունը: Եվ նորից վերադառնում ենք մեր կուսակցության առաջարկին, թե ՎՊ ղեկավարության նշանակումը պետք է վերապահվի քաղաքական ընդդիմության վստահությունը վայելող անձին:
– ՎՊ ղեկավարությունը հիմա չի՞ վայելում այդ վստահությունը:
– Ոչ թե չի վայելում, այլ խնդիրն այն է, որ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի նկատմամբ նման ձևով խորհրդակցություն, ցուցումներ, հանձնարարականներ, գնահատականներ չէին տրվի: Իսկ երբ խոսքը իշխանության կողմից նշանակված մարդու մասին է, պարզ է, չէ՞, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է իշխանության կողմից նշանակված մարդուն, բնականաբար, իշխանությունն էլ ունի ՎՊ գործունեության վրա ազդելու փաստացի և իրավական բոլոր հնարավորությունները: Ընդդիմադիր կուսակցության, իհարկե, ոչ բոլոր ընդդիմադիրների մասին է խոսքը, թեկնածուի նկատմամբ նման ոտնձգություն չէր կարող լինել:
– Պարոն Մինասյան, այս անգամ ո՞րն էր ՎՊ նախագահի մեղքը, որ նրա բացահայտումներն ու հայտարարությունները չընդունվեցին ու նման քննադատության արժանացան: Չէ՞ որ նա ամեն տարի գրեթե նույնպիսի բացահայտումներ էր անում: Թե՞ միգուցե, իսկապես, նա այս անգամ քաղաքականացրել էր այդ քննարկումը:
– Ինձ համար անհասկանալի էր այն, որ ՎՊ հաշվետվությունը զետեղված լինելով թե ԱԺ կայքում, թե ներկայացված լինելով ՀՀ նախագահին՝ քննարկման առարկա չդարձավ քաղաքական մեծամասնության կողմից այն ժամանակ, երբ ներկայացվում էր կառավարության ծրագիրը և ձևավորվում էր նոր կառավարություն, որն ըստ էության վերանշանակվեց: Եվ նրանց գործունեությունը գնահատելու հարցում էական էր լինելու ՎՊ հաշվետվությունը: Ինձ համար նաև անհասկանալի մնաց, թե ինչու իշխանությունը նման բուռն ձևով չէր արձագանքում ՎՊ հաշվետվությամբ արձանագրված խախտումներին, երբ քննարկվում էր 2012թ. պետական բյուջեի կատարողականը: Եվ այստեղից հետո տպավորություն է ստեղծվում, որ ՎՊ նախագահի նկատմամբ նման հարձակումները ավելի շատ քաղաքական շոու են հիշեցնում: Թեև, ըստ էության, որոշակի արձանագրումներ եղան: Մասնավորապես այն, որ ՎՊ-ն պարտավոր էր իր հաշվետվության մեջ և արձանագրություններում քրեական բնույթի խախտումներ լինելու դեպքում այն անպայման ներկայացնել իրավապահ մարմիններին, ինչն այս դեպքում չէր արվել:
– Չե՞ք կարծում, որ նման բնույթի խախտումներ պարունակելով հանդերձ՝ իրավապահ մարմիններին չներկայացնելն էլ քաղաքական քայլ էր ՎՊ կողմից:
– Կարծում եմ` դա առիթ էր, որ հետագայում նման թերացումներ չլինեն, և ՎՊ-ն ավելի զգուշավոր կլինի իր գնահատումներում, որովհետև հաշվետվության մեջ օգտագործված բազմաթիվ ձևակերպումներն ուղղակիորեն մատնանշում են քրեորեն պատժելի արարքների մասին ՔՕ նորմերը: Ինչպես, օրինակ, միջազգային վարկերն անարդյունավետ օգտագործելը, հակամրցակցային համաձայնությունը, պետական բյուջեի միջոցների փոշիացումը և այլն:
– ՎՊ-ի շուրջ ստեղծված այս աղմուկի մասին խոսում են բոլորը, բայց մենք հիմա չենք կարող լսել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ այս դեպքում իրավիճակի պատասխանատուի կամ տիրոջ մեկնաբանությունները: Նա զգուշանո՞ւմ է, վախենո՞ւմ է մեկնաբանություններ տալուց:
– Քանի որ ՎՊ-ին մեղադրանք ներկայացրեցին քաղաքական գործընթացների մեջ ներգրավվելու համար, ինձ թվում է, կա այդ զգուշավորությունը, որ ևս մեկ անգամ չներքաշվի քաղաքական գործընթացների մեջ: Բայց պետք է հասկանանք, որ ՎՊ-ն՝ իբրև անկախ պետական մարմին, չի կարող քաղաքականությունից դուրս լինել: Այլ բան է, որ քաղաքականության մեջ լինելով հանդերձ՝ ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում: Արդյոք այս կամ այն քաղաքական ուժի շահերի՞ց է բխում նրա գործունեությունը, թե՞ երկրի զարգացման հիմնարար խնդրի տեսակետից է դիտարկվում: Չէ՞ որ պետական բյուջեին վերաբերող ցանկացած հարց կարող ենք ներկայացնել որպես քաղաքական հարցադրում:
– Իսկ ձեր կարծիքով` ՎՊ-ն ո՞ր կողմի շահերն է ներկայացնում:
– Ինձ համար միանշանակ է, որ քանի դեռ ՎՊ ղեկավարությունը՝ նախագահը և անդամները, չեն ստացել ընդդիմության վստահության քվեն, ներկայացնելու են բացառապես իշխանության շահերը, որովհետև իշխանությունն է նրանց նշանակողն ու ազատողը: Եթե մեր առաջարկած տարբերակը կյանքի կոչվի, այն է` վերահսկողության մեջ իրական դերակատարություն պետք է ունենա ընդդիմությունն իր վստահության քվեով, այդ դեպքում շահերի հավասարակշռությունը ՎՊ նախագահին թույլ կտա գործել ավելի շատ մասնագիտական դաշտում և զերծ կմնա նման մեղադրանքներից:
Արմինե Ավետյան
1in.am