Հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելուն

ARF_Logo-coloredՀուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը:

Թե’ Պռոշյանի բնակիչները, թե’ հասարակությունը, թե’ մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության ձևավորմանն ու սպանության լիարժեք բացահայտմանը: Հույս կար, որ գոնե այս ընտրությունները, հաշվի առնելով վերոնշյալ առանձնահատուկ հանգամանքները, կանցնեն բնականոն հունով` սկսած առաջադրվողներից մինչև բուն ընտրական գործընթացը: Ցավոք, ընտրություններն անցան վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրություններին հատուկ տրամաբանությամբ: Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն, պարտադրանք, ընտրակաշառք և այլն: Արդյունքում հաղթանակն արձանագրվում է սպանված համայնքապետի` նախորդ ընտրություններում մրցակից հանրապետական թեկնածուի օգտին:

Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսևորումը խաթարեց ընտրական գործընթացը, խորացրեց համայնքում առկա լարվածությունը: Հակառակ այս իրողությանը` մենք հորդորում ենք Պռոշյանի բոլոր բնակիչներին տուրք չտալ նոր լարվածություն ստեղծելու` հնարավոր փորձերին, միաժամանակ վստահեցնում ենք, որ հասարակության համախմբմամբ հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելուն:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
16.07.2013

Տպել Տպել