[1]Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի պատվիրակությունն այսօր այցելել է Արցախի Հանրապետություն:
Ինչպես «Ապառաժ» -ի լրագրողին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետություն են այցելել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ:
Պատվիրակությանը Շուշիում դիմավորել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը: Արցախում վաղը Ավստրալիայից ժամանած պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ պատգամավորների հետ:
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել են Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի եւ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ:
aparaj.am