ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Նոր Հարավային Ուելսի ԱԺ պատգամավորներին և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներին

XulyanԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 17-ին ընդունել է Ավստրալիայի Միության Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորների և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների համատեղ պատվիրակությանը, որը նախօրյակին Արցախ է ժամանել կարճատև ճանաչողական այցով։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նրանց այցի առթիվ։ «Մեզ համար շատ ոգևորիչ էր անցյալ տարվա հոկտեմբերին ձեր ընդունած բանաձևը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին, բանաձև, որի հեղինակներն այսօր այստեղ՝ մեզ հետ են։ Երևի միայն ժողովրդավարական չափանիշները ճիշտ ընկալող մարդիկ ու կառավարման մարմինները կարող են նման գնահատելի քայլի դիմել՝ կարևորելով ժողովուրդների ազատության և անկախության իրավունքը»: Հույս հայտնելով, որ բավական հեռանկարային համագործակցություն է սպասվում երկու խորհրդարանններին, ԱԺ նախագահը նշել է, որ այդ տեսլականով առաջիկայում կմշակվի ու կյանքի կկոչվի փոխադարձ շփումների ու փոխգործակցության ծրագիր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության ղեկավար, Նոր Հարավային Ուելս նահանգի Հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օ՛Դին գոհունակությամբ նշել է, որ իրենց նահանգի խորհրդարանն Ավստրալիայում առաջինն է ճանաչման բանաձև ընդունել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի երկրի մյուս նահանգների խորհրդարանները ևս ընդունեն նման բանաձևեր, նույնպես դիմելով կենտրոնական իշխանություններին` հորդորելով ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- նշել է նա:

Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը և Արմեն Սարգսյանը, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկենդերյանը, պատվիրակությանը Երևանից ուղեկցող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը։

Զրույցի ավարտից հետո Ավստրալիայից ժամանած պատվիրակությունը և ուղեկցող անձինք մասնակցել են ԱԺ պատգամավորական կազմի, դատական և գործադիր իշխանությունների ղեկավար անձնակազմի, երկրի քաղաքական կառույցների և ուժերի ներկայացուցիչների հետ նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը։

armenpress.am

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՍ ՀՈՂԻ ՎՐԱ ԱՊՐԵԼ է ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՊՐԵԼ

Իսկ պատմությունն աղավաղողները չեն կարող փոխել այս զարգացման ընթացքը

Հուլիսի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի պատգամավորներից և Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատուներից բաղկացած պատվիրակության հանդիպումը ԱԺ պատգամավորական կազմի հետ։ff

Հանդիպմանը հրավիրված էին հանրապետության գործադիր և դատական կառույցների, քաղաքական ուժերի և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանրապետության իշխանություններից անունից ողջունեց պատվելի հյուրերին։ Պատվիրակության կազմում էին Ջոնաթան Օ’ Դին՝ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ, Հայ-ավստրալական բարեկամության խմբի նախագահ, Հայոց ցեղասպանության և ԼՂՀ ճանաչման պայքարի առաջամարտիկ, Մարի Ֆիկարան՝ Օրենսդիր խորհրդի անդամ, վարչապետի խորհրդարանական քարտուղար, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ջատագով, ով 2012թ. նահանգի խորհրդարանում ներկայացրել է ԼՂՀ ճանաչման մասին առաջարկություն, Գլեդիս Բերեջիկլյանը՝ խորհրդարանի անդամ, առաջին ավստրալաբնակ հայը, որ ընտրվել է նահանգի խորհրդարանում, այժմ Նոր Հարավային Ուելսի կառավարության տրանսպորտի նախարարը, Ֆրեդ Նայլը՝ Օրենսդիր խորհրդի անդամ, խորհրդի նախագահի օգնական, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության և ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչման ջատագով (Օրենսդիր խորհրդում քանիցս հանդես է եկել հայտարարություններով), Ամանդա Ֆացիո՝ Օրենսդիր խորհրդի անդամ, խորհրդի ընդդիմադիր քարտուղար, պաշտպանում է Ավստրալիայի հայ համայնքի և ՀՀ շահերը, Դեվիդ Կլարկը՝ Օրենսդիր խորհրդի անդամ, խորհրդարանի արդարադատության գծով քարտուղար, Օրենսդիր խորհրդի և խորհրդարանի Հայ-ավստրալական բարեկամության խմբի ակտիվ անդամ։

Ա. Ղուլյանն այնուհետև ներկայացրեց Ավստրալիայից ժամանած մեր հայրենակիցներին. Գրիգոր Սողոմոնյան՝ Հայ Դատի հանձնախմբի պատվավոր նախագահ, ավելի քան 40 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել համաշխարհային շուկայի առաջատար խոշոր ընկերություններում, Վաչե Կահրամանյան՝ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն, Ստեփան Աբուլաքյան՝ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի համայնքի հետ կապերի գծով պատասխանատու։ Հյուրերին ուղեկցում էր Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկանդարյանը։ Պատվիրակության հետ Արցախի Հանրապետություն էին ժամանել հայ համայնքի մի խումբ անդամներ։

ԼՂՀ խորհրդարանի խոսնակը երախտագիտություն հայտնեց այցի նախաձեռնողներին ու կազմակերպիչներին, Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի անդամներին, պատվիրակությանն ուղեկցող անձանց և ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Շուշան Պետրոսյանին։
ԼՂՀ խորհրդարանի խոսնակը, հարմար առիթն օգտագործելով, ևս մեկ անգամ երախտագիտության խոսք հղեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին՝ տիկին Մարի Ֆիկարայի առաջարկած բանաձևը 2012թ. հոկտեմբերի 25-ին միաձայն ընդունելու համար։ Բանաձևով ճանաչվում են ԼՂՀ անկախությունն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Բանաձևում Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատին կոչ էր արվում պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ն և ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները ԼՂՀ-ի հետ։ Ա. Ղուլյանը նշեց նաև, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը հայկական հարցերի պաշտպանության ամենաակտիվ ջատագովներից է։

Խորհրդարանի խոսնակի խոսքերով` անցած տարիներին Արցախ էին ժամանել ավստրալացի մեր բարեկամները, իսկ այժմ այստեղ հյուրընկալվում է նահանգից ժամանած բավական ներկայացուցչական մի պատվիրակություն։ Հանդիպումը ճանաչողականից բացի ունի նաև ապագա համագործակցության հիմքերը ձևավորելու նշանակություն։

Հայ-ավստրալական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օ’ Դին, դիմելով ներկաներին, ասաց, որ չնայած նահանգից մինչև այստեղ երկար ճանապարհ են անցել, և երկուստեք շփումներում առկա են լեզվական դժվարությունները, այնուամենայնիվ, նրա բնորոշմամբ, այս տարածությունը կողմերի միջև շատ փոքր է։ Նա իրեն շրջապատված է տեսել ընկերներով ու բարեկամներով, դրա հետ մեկտեղ նրան հիացրել է այստեղի մարդկանց լսելու կարողությունը։ Նա կարևորեց պատվիրակության կազմում Ավստրալիայում գործող մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների ներգրավված լինելու փաստը, և չնայած տեսակետների տարբերությանը, Արցախի հարցում բոլորը միաձայն են։ Մեկշաբաթյա այցի ընթացքում նա կարողացել է հաղորդակից լինել հայոց պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև համոզվել, որ հայերը բավականին ինքնատիպ մարդիկ են։ Այս օրերի ընթացքում Ջոնաթան Օ’Դին կարողացել է հստակ պատկերացում կազմել Հայաստանի և Արցախի մասին։ Նա ներկաներին փոխանցեց ավստրալացիների բարեմաղթանքները Արցախի ժողովրդին։ Բարեկամության հիմքի վրա շատ ավելի մեծ ձեռքբերումներ կարելի է ունենալ, համագործակցելով բարեկամների հետ՝ հնարավոր է հասնել նպատակին։

Նա հպարտությամբ ասաց, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը Ավստրալիայի նահանգներից առաջինն է ճանաչել ԼՂՀ անկախությունը, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ ՙՄենք մեծ հարգանք ենք տածում Ձեր ժողովրդի հանդեպ,- եզրակացրեց բանախոսը,- որը չնայած իր տեսած դժվարություններին, պատերազմին, այնուամենայնիվ, պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը՚։
altՀայ-ավստրալական բարեկամության խմբի նախագահը խոսքը փոխանցեց Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար, Հայաստանի դուստր Գլեդիս Բերեջիկլյանին, ով բավականին մեծ ներդրում ունի նահանգի զարգացման ու բարգավաճման, ինչպես նաև իր հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու գործում։ Ծնված լինելով Ավստրալիայում, բայց լինելով հայ՝ նա ցանկություն ունեցավ դրվատանքի խոսք ասել ավստրալացիների հասցեին, ովքեր, նրա խոսքերով, չնայած հայ չեն, բայց մտածում են հայի պես, և շատ ու շատ հետաքրքրված են Ղարաբաղի հարցով։ Առաջին անգամ նա Արցախ եկավ 8-9 տարի առաջ։ Եվ ահա նորից գտնվելով այստեղ՝ հիացած է տեղի ունեցած առաջընթացով, երկրի կյանքում արձանագրված հաջողություններով, իսկ այս ամենը Գլեդիս Բերեջիկլյանին միայն հպարտություն է ներշնչում։

Ավստրալիայի քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ֆրեդ Նայլը, ով անչափ տպավորված էր արցախցիների ջերմ ու բարեկամական վերաբերմունքից, իր ակնածանքն արտահայտեց հայ ժողովրդի հանդեպ, ով պետականորեն առաջինն է ընդունել քրիստոնեությունը և հավատարիմ է քրիստոնեական արժեքներին՝ հավատն ընդունելուց մինչ այսօր։ Նա առանձնակի կարևորեց նահանգի խորհրդարանի կողմց ԼՂՀ ճանաչման մասին բանաձևի ընդունումը, և շեշտեց, որ Թուրքիայի հյուպատոսարանից իր հասցեով եկած բողոքներն ու քննադատությունը իր համար որևէ նշանակություն չունեցան։

Նահանգի Օրենսդիր խորհրդի անդամ Ամանդա Ֆացիոն իր հիացմունքն արտահայտեց մայրաքաղաքի վերաբերյալ, որն իրենից ներկայացնում է մի գեղատեսիլ վայր։ Նրա ելույթում ընդգծվեց այն միտքը, որ 250 տարի առաջ Եվրոպայիղ տեղափոխվելով և վերաբնակվելով Ավստրալիայում, ինքը կարևորություն է տալիս այստեղ ապրող ժողովրդի պայքարին։ Իրենք չեն կարող անտարբեր լինել այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են ԼՂ ժողովրդի ինքնորոշման պայքարի և Հայոց ցեղասպանության խնդիրները։ Նա տեղեկացրեց, որ պատվիրակության որոշ անդամներ կշարունակեն իրենց ճանապարհը դեպի Կիպրոս՝ աջակցություն հայտնելու նրանց պայքարին։ Նա հաջողություն մաղթեց արցախցիներին՝ միջազգային ճանաչման հասնելու ու նաև բարգավաճ երկիր կառուցելու գործընթացում։

Հետևեցին Դեվիդ Կլարկի և Մարի Ֆիկարայի ելույթները։ Պարոն Կլարկն ընդգծեց այնպիսի արժեքների պաշտպանությունը ԼՂՀ-ում, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու ժողովրդավարության մյուս ատրիբուտները։ Հայ ժողովուրդը բազում զրկանքների և ճնշումների է ենթարկվել, հետապնդվել, սակայն չի ընկճվել և շարունակում է պայքարել իր ազատության և իրավունքների համար։ Նրա համոզմամբ՝ հայ ժողովրդի հավատը երբեք չի կարող կոտրվել։ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, Դ. Կլարկի խոսքերով, ամեն ինչ արվել է, և դեռ կշարունակվի աշխատանքն այս ուղղությամբ։ ՙՊատմությունն աղավաղողները, և մասնավորապես նրանք, ովքեր հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, շարունակելու են իրենց գործը, բայց նորմալ մարդիկ միշտ պնդելու են հակառակը, որ այն եղել է, և որ այն պետք է ճանաչվի՚։ Հայ ժողովուրդը, Կլարկի գնահատմամբ, աշխարհի ամենահերոսական ժողովուրդներից մեկն է, ստեղծվել է որպես այդպիսին, և նրա հերոսական կամքը երբևէ չի կոտրվի։

Նահանգի խորհրդարանի կողմից ընդունված՝ ԼՂՀ ճանաչման մասին բանաձևի հեղինակ Մարի Ֆիկարան նախ շեշտեց, որ հայ ժողովրդի ճակատագիրն ավստրալացիների սրտին շատ մոտ է։ Ղարաբաղի ժողովուրդը կարող է հպարտանալ 21 տարվա իր ձեռքբերումներով։ Ժողովուրդն այս հողի վրա ապրել է հազարամյակներ շարունակ և դեռ կապրի, քրտինք է թափել այս հողի վրա՝ ստանալով այն, ինչ ունի այսօր։ ՙՄենք ճանաչում ենք այդ փաստը, և այն ամենը, ինչ գտնվում է այս հողի վրա, պատկանում է միայն ու միայն ձեզ, և դուք իրավունք ունեք դրանք պաշտպանելու։ Համոզված եմ, որ քաղաքակիրթ ժողովրդավար երկրները կճանաչեն ձեր այդ իրավունքը՚,- ընդգծեց Մ. Ֆիկարան։ Տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը նա համարում է կարևորագույն արժեքներ։ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ընդունելով ԼՂՀ անկախության ճանաչման բանաձևը, նրա խոսքերով, սկիզբ է դրվել մի գործընթացի, որը պետք է ունենա իր տրամաբանական շարունակությունը։

Ելույթի ավարտին նա պատվիրակության և նահանգի խորհրդարանի անունից ԼՂՀ Ազգային ժողովին հանձնեց հուշատախտակ, որի վրա ԼՂՀ անկախության ճանաչման բանաձևի տեքստն էր։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

artsakhtert.com

Տպել Տպել