[1]Ինչպես Tert.am-ին հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Երևանի ավագանու նախընտրական շրջանում իրենց ծրագրային դրույթներում կային կետեր, որոնք վերաբերում էին հանրային տրանսպորտի ոլորտում օրենսդրական անկատարությանը:
Եվ առաջիկայում էլ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծ, որով փորձ պետք է արվի ներդնել հանրային տրանսպորտի միասնական կարգավորման համակարգ՝ բազմասակագնային համակարգի ու կորպորատիվ փաթեթների ներդրմամբ:
«Խնդիրն այն է, որ հանրային տրանսպորտը լինելով հասարակական բարիք, ուղղակիորեն առնչվում է տեղական և պետական կառավարման հետ, և պետությունը կամ տվյալ դեպքում՝ քաղաքապետարանը չեն կարող անտարբեր մնալ, ու կառավարման համակարգը պետք է վերցնեն իրենց ձեռքը, որոշումներ կայացնեն: Բայց էնպիսի որոշումներ, որոնք կբերեն թե՛ ծառայությունների որակի բարելավմանը և թե՛ դրանց մատչելիության բարձրացմանը: Ինչպես շատ եվրոպական երկրներում է կիրառվում, բազմասակագնային համակարգը թույլ է տալիս էժան գնով ձեռք բերել հանրային տրանսպորտի տոմսը և երթևեկել հանրային տրանսպորտի ցանկացած միջոցով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Հանրային տրանսպորտի ներկա իրավիճակի հետ կապված որպես երկրորդ կարևորագույն խնդիր Արծվիկ Մինասյանն առանձնացրեց ներկա օրենսդրության վերանայման հարցը: Եվ հիմա դաշնակցական խմբակցությունն աշխատում է օրենքի մի նախագծի վրա, որով առաջարկվում է փոփոխել ներկա կարգը, ըստ որի՝ «ուղեվարձի սակագնի որոշումը վերապահված է մրցույթի կազմակերպման, անցկացման և մրցույթով շահող ճանաչող կենտրոնին՝ Երևանի քաղաքապետարանին»։
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ստացվում է, որ թե՛ գին որոշողը, թե՛ մրցույթի պայմաններ փոփոխողը քաղաքապետարանն է, և ակնհայտ է, որ անհրաժեշտ է գործառույթների տարաբաժանում:
Նշենք, որ օրերս Aravot.am- ը՝ մեջբերելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքը, գրել էր. «Ուղեվարձի թանկացման պատճառների շարքում քաղաքապետարանը չէր նշել գազի գնի թանկացումը, մինչդեռ ի պատասխան ՀՅԴ-ի հարցապնդման, կառավարությունն այլ պատասխան է տվել` ասելով, որ ուղևորափոխադրումների թանկացումն ուղղակիորեն կապված է գազի գնի թանկացման հետ»:
Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ իրենց հարցապնդումն առհասարակ վերաբերել է էլեկտրաէներգիայի և գազի սակագնի բարձրացման գնաճային հետևանքներին: «Տնտեսության, բնապահպանական տեսանկյունից ինչ հետևանքներ են ունենալու, և կառավարությունը հաշվարկներ է ներկայացրել, որ դրա ազդեցությունը 2.7 տոկոս է գնաճի հավելյալ առումով, իսկ տնտեսության աճն էլ կկասեցվի 0.3-0.4 տոկոսով»:
«Հավելյալ գնաճի» հաշվարկման հիմքում դրված է եղել նվազագույն սպառողական զամբյուղը, որի մեջ, ըստ պատգամավորի՝ լուրջ կշիռ է կազմում տրանսպորտը:
«Հետևաբար, ակնհայտ է, որ հակասություն կա կառավարության էս պատասխանի և էն հիմնավորման միջև, որ քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, թե իբր հանրային տրանսպորտի գների բարձրացումը կապ չունի գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետ»,- մեկնաբանեց դաշնակցական պատգամավորը:
Նա նշեց, որ էլետրաէներգիայի և գազի սակագների բարձրացման հայտերի քննարկման ժամանակ ևս, չնայած կառավարության հերքումներին, Դաշնակցությունը հայտարարել էր, որ սրանք բերելու են մնացած ապրանքների թանկացման շղթայական ռեակցիայի:
tert.am