ԼՂՀ նախագահական ընտրությունների մասին


Սիրելի հայրենակիցներ

ԼՂՀ նախագահական ընտրությունների շեմին պահն է հասել անցած հինգ տարիներին ԼՂՀ-ի ունեցած հաջողություններն ու անհաջողությունները վերաիմաստավորելու և դրանց շուրջ մտորելու:

Անշուշտ կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրությունից բխող օրենսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանության թևերի տարանջատում, խորացել են զսպման և հակակշռման մեխանիզմները, որի հետևանքով առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում, իրականացվել է նպատակաուղղված քաղաքականություն սոցիալական ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ, Արցախի արտաքին քաղաքականության ասպարեզում դրսևորվել է հայանպաստ կարծր կեցվածք:

Սակայն նկատելի են նաև լուրջ բացթողումներ ու չիրականացած խոստումներ: Մեր առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարումը մեզնից պահանջում է վերափոխելու երկրում ստեղծված քաղաքական համակարգը: Անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ և ցուցաբերել նոր մոտեցումներ: Համոզված ենք, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի պահպանել այն վստահությունն ու ոգևորությունը, որին ականատես եղանք նախորդ նախագահական ընտրությունների նախաշեմին:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն բազմակողմանիորեն քննարկելով ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրությունների հարցը և անցկացնելով զանազան խորհրդակցություններ, որոշում է կայացրել նախագահական ընտրություններին սատարել ԼՂՀ գործող նախագահ Բ. Սահակյանին: Համոզված լինելով, որ չի սպառվել միասնական ջանքերով աշխատելու հնարավորությունը և վստահ լինելով, որ Բ. Սահակյանը կդրսևորի հարկ եղած վճռակամություն և քաղաքական կամք` հաղթահարելու երկրի զարգացմանն արգելակող բոլոր խոչընդոտները:

Ցավով պետք է հայտնել, որ չնայած անցյալ տասը տարիների համատեղ գործակցության, նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի հետ մեր համագործակցությունը դադարեցվում է` չկայացած համաձայնությունների պատճառով:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ակնկալում է, որ Բ. Սահակյանը հավատարիմ կմնա հետևյալ սկզբունքներին, որով և պայմանավորված կլինի մեր հետագա համագործակցությունը.

    1. Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում ոչ մի դեպքում չցուցաբերել զիջողական կեցվածք ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված մեր ժողովրդի իրավունքների իրականացման հարցում:

    2. Համազգային և ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի առընչությամբ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը քննարկել ԼՂՀ գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ:

    3. Քաղաքական և տնտեսական ոլորտներում խուսափել խտրական մոտեցումներից` ապահովելով օրենքի գերակայությունը:

Հարկ է նշել, որ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր աջակցությունն է հայտնում գործող Նախագահին, նկատի ունենալով միջազգային և տարածաշրջանային իրադարձությունները, որի արդյունքում օր առաջ անհրաժեշտություն է դառնում համայն հայության ուժերի լարումն ու միասնական կամքի դրսևորումը, ինչպես նաև ԼՂՀ Նախագահի խորհրդանշական դերն ու ազդեցությունը համահայկական հարցերի ուղղությամբ` դրսևորելով հայ ժողովիդի պահանջատիրական կեցվածքը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտե
07 հունիսի 2012թ.

Տպել Տպել