Պռոշյանի գյուղապետարանի ողջ աշխատակազմը հրաժարական է տվել

proshՊռոշյան համայնքի գյուղապետարանի ողջ աշխատակազմն այսօր հրաժարականի դիմումներ է ներկայացրել գյուղապետարանին։ Աշխատակիցներն իրենց որոշումը պայմանավորել են գյուղապետարանում առաջացած անվստահության մթնոլորտով, ինչպես նաեւ հայտարարել, որ իրենց հրաժարականը բողոքի նշան է, քանի որ ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը չի բացահայտվել։

Աշխատակիցները գյուղապետարանում հրավիրած մամուլի ասուլիսում նաեւ տեղեկացրել են, որ նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանն աշխատակազմի հետ չի շփվում, գյուղապետարան է ներկայանում իր թիմակիցների հետ, որոնք որեւէ կապ չունեն աշխատակազմի հետ։

Նրանք, ի դեպ, այդ պահին էլ եղել են գյուղապետի աշխատասենյակում։ Նրանց հետ՝ գյուղապետի նախկին պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը, որին դեռ ընտրություններից առաջ հենց պռոշյանցիները թույլ չէին տվել մտնել գյուղապետարան եւ կատարել իր պարտականությունները։

Գյուղապետ Արթուր Մուրադյանը լրագրողներին ասել է, որ չի պատրաստվում զրուցել իր աշխատակազմի հետ։
“Իրենք են որոշել հրաժարականի դիմում գրել, ես ի՞նչ պետք է անեմ”,- ասել է Արթուր Մուրադյանը եւ կարծիք հայտնել, թե գյուղում կան բազմաթիվ կրթված երիտասարդներ, որոնք կարող են աշխատել իր հետ։

Նա նաեւ նկատել է, թե փորձել է աշխատել հին աշխատակազմի հետ, նրանց հրավիրել է զրույցի, սակայն չեն ներկայացել։

“Երեւի չեն ուզում, իսկ դա ինձ երբեւէ չի մտահոգում: Ես իրենց առաջարկել եմ, որ ձեզ հետ ուզում եմ աշխատել, դուք իմ գյուղացիներն ենք: Ես ուզում եմ միանալ ձեզ, որ գյուղի համար աշխատենք։ Չեն ուզում` չեն աշխատում: Իրենք հայտարարություն են արել, որի մասին ես տեղյակ չեմ եղել: Եթե ուզում են, թող մնան աշխատեն: Որեւիցե մեկն էլ չի եկել ու չի ասել”,- ասաց նորընտիր գյուղապետը:

Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Պետոյանը, որը նույնպես հրաժարական է ներկայացրել, հերքել է, որ գյուղապետը փորձել է իրենց հետ հարցեր քննարկել:

Տպել Տպել