ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 8-րդ Գերագույն Ժողովը


Հոկտեմբերի 29-31-ը Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը գումարեց 8-րդ Գերագույն ժողովը: Հ.Յ.Դ. Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ անդամ, ԱԺ Հ.Յ.Դ. խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին ժողովի ընթացքում քննարկված հարցերի եւ կայացրած որոշումների վերաբերյալ։Հ.Յ.Դ. 8-րդ Գերագույն ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը առնչվել են Հայաստանի ներքաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական իրավիճակին, Արցախի հիմնախնդրին, ջավախահայության վիճակին, ազգային խնդիրներին, ինչպես նաեւ ներկազմակերպական խնդիրներին։ Ժողովը ընտրել է նաեւ նոր Գերագույն մարմին, մատնանշել այն անելիքները, որ առաջիկա երկու տարում պետք է իրականացնի Գերագույն մարմինը։

Հ.Յ.Դ. Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այս Գերագույն ժողովը առանձնահատուկ համարեց այն հանգամանքով, որ Դաշնակցությունը՝ որպես կոալիցիայի անդամ կուսակցություն, առաջին անգամ էր պետական կառավարման գործընթացների մեջ, եւ բնական է, որ այս հանգամանքն էլ պայմանավորել էր Գերագույն ժողովի մի շարք շեշտադրումներ։

Այնուհետեւ Ա.Ռուստամյանը ներկայացրեց Գերագույն ժողովի ընդունած հիմնական որոշումները. ժողովի ժամանակ նախ գնահատվեց կոալիցիայի ձեւավորման ընթացքում, ինչպես նաեւ անցած երկու տարիներին կուսակցության գործունեությունը, քանի որ այդ ժամանակահատվածը բավական հագեցած էր ներքաղաքական իրադարձություններով՝ նախագահական, խորհրդարանական ընտրություններ եւ դրանց հաջորդած կոալիցիոն կառավարության ձեւավորման հետ կապված խնդիրներ։ Մենք այս ժողովում արձանագրեցինք, որ կոալիցիայի հուշագրում նախանշված առաջնահերթությունների մի զգալի մասը դեռեւս չի հաջողվել իրականացնել։

Այնուամենայնիվ, կոալիցիան նպաստել է հետընտրական քաղաքական լարվածության թուլացմանը, ներքաղաքական կայունության ամրապնդմանը, միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդմանը։ Եվ կարեւորելով այս ուղղությամբ իրականացված քայլերը՝ քննադատության ենթարկվեցին ներկայիս տեմպերը, որով երկիրը առաջ է ընթանում։
Մենք առանձին անդրադարձանք հակակոռուպցիոն պայքարին։ Երբ Դաշնակցությունը մտավ կոալիցիայի մեջ, սա դիտվում էր առաջնահերթ անհրաժեշտության քայլերից մեկը։ Չնայած այս ուղղությամբ մեկ տարվա ընթացքում որոշակի քայլեր, այնուհանդերձ, կատարվել են, բայց դրանք բավարար չեն։ Այս առումով քննադատվեցին իրականցվող աշխատանքների տեմպերը։

Հաշվի առնելով այն, որ մենք ունենք երեք նախարար եւ երկու մարզպետ, որոնք մասնակցել են Կառավարության գործունեությանը, առանձին անդրադարձ եղավ մեր պաշտոնյաների գործունեությանը։ Լսվել է հաշվետվություն, նախարարները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը։ Ժողովը առաջարկություններ ներկայացրեց նախարարություններին, արվեցին դիտողություններ, եւ արձանագրվեց, որ կան մեծ ծավալի չլուծված խնդիրներ, լիարժեք չեն օգտագործվել բոլոր հնարավորությունները։

ԱԺ Հ.Յ.Դ. խմբակցության գործունեությանը նույնպես անդրադարձ է եղել, եւ նշվել է, որ խմբակցությունը այս ընթացքում բավական ակտիվ է եղել օրենսդրական գործունեության դաշտում։ Մենք մի քանի մայր օրենքների հեղինակ ենք եւ բազմաթիվ այլ օրենքների համահեղինակ, սակայն մատնանշվել է, որ ժողովրդի հետ կապը անհրաժեշտ չափով չի ապահովվել։ Չեն կազմակերպվել անհրաժեշտ ծավալի հանդիպումներ, եւ այս առումով անելիքները նույնպես հստակ են։

Ինչ վերաբերում է ներկազմակերպական խնդիրներին, ապա դրանք այսօր այնքանով են կարեւորվում, որ իսկապես այն խնդիրներն են, որոնց դեմ հանդիման այսօր կանգնած է Դաշնակցությունը, եւ կազմակերպական իրավիճակը նույնպես պետք է լիարժեք լինի։ Իհարկե, մեր կուսակցությունը միշտ աչքի է ընկել կազմակերպական բավականին բարձր մակարդակով, բայց նաեւ կարծում ենք, որ այն հարցերը, որ այսօր ծառացած են կուսակցության առաջ, կարելի է իրականացնել ավելի կազմակերպված մակարդակով։

Քաղաքական կոալիցիա

Նորընտիր ԳՄ-ն պետք է աշխատի մինչեւ 2006 թվականը։ Այս առումով ժողովում մատնանշվեց այն գլխավոր նպատակը, որի ուղղությամբ ԳՄ-ն պետք է աշխատանքներ կատարի։ Դա ազգային պետական ուղեգիծն անշրջելի դարձնելու խնդիրն է: Մենք բազմիցս ասել ենք, որ, սկսած 1998 թվականից, երկրում տեղի է ունեցել ուղեգծի փոփոխություն, սակայն մենք համարում ենք, որ այսօր անհրաժեշտ է լուրջ քայլեր կատարել, որպեսզի այդ ուղեգիծը հետագայում անշրջելի մնա։
Այս նպատակի իրականացման համար հիմնական առաջնահերթություններն են, որ մատնանշվել են ժողովի ժամանակ։ Ըստ էության, կոալիցիայի մաս կազմելը եւ կոալիցիայում լինելը պայմանավորված են հենց այս խնդիրները արդյունավետ լուծելու մտադրությամբ։
Դեպի ազգային պետական նպատակներն ուղղված քաղաքական ուղեգիծն անշրջելի դարձնելու համար որոշվել է շարունակել մաս կազմել կոալիցիոն կառավարությանը՝ առավել լիարժեք օգտագործելով բոլոր հնարավորությունները նախանշված խնդիրները լուծելու առումով։ Մյուս կողմից, Հ.Յ.Դ.-ն իրեն իրավունք է վերապահելու կոալիցիայի ձեւավորման նպատակների, հուշագրի պայմանների խախտման դեպքում վերանայել իր մասնակցությունը կոալիցիոն կառավարության մեջ։

Հայ Դատ

Մենք չափազանց կարեւորում ենք 2005 թվականին մենք պետք է նշենք Հայոց ցեղասպանության 90-ամյակը։ Ժողովի կողմից ԳՄ-ին հանձնարարվել է հատուկ ծրագիր մշակել՝ պատշաճ մակարդակով 90-ամյակը նշելու համար։ Այս փաստը առիթ կդառնա նաեւ համազգային միասնականության եւ համերաշխության ապահովման համար։

Արցախի հիմնախնդիր

Արցախի հիմնախնդրի կապակցությամբ ժողովը վերահաստատել է այս տարի Հայաստանում տեղի ունեցած ՀՅ Դաշնակցության 29-րդ Ընդհանուր ժողովի բանաձեւումները։ Կարեւորվել է այն հանգամանքը, որ հայկական երկու կողմերի՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճիշտ տեղն ու դերակատարությունը պետք է մատնանշվի բանակցային գործընթացում։ ԼՂՀ-ն պետք է լիարժեք մաս կազմի բանակցային գործընթացին, եւ մեր բոլոր ջանքները պետք է ուղղված լինեն դրան։

Ջավախահայության հիմնախնդիր

Ջավախքի հարցով կատարվել են որոշակի հաստատումներ։ Գերագույն ժողովը հաստատում է, որ ջավախահայությունը հայտնվել է ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, որի հետեւանքով մեծացել է արտագաղթը։
Ջավախքի հայությունը զրկված է սոցիալ-տնտեսական եւ կրթամշակութային կյանքի տնօրինումից։ ՀՀ քաղաքականությունը պատշաճ մակարդակի վրա չէ հասարակական, տնտեսական եւ ազգային հարցերի ասպարեզներում։
Հաշվի առնելով Ջավախքում ստեղծված ծանր կացությունը եւ անսալով ջավախահության պահանջներին` անհրաժեշտ է ՀՀ Կառավարության ուշադրությունը հրավիրել այդ խնդիրների լուծմանը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Վրաստանի իշխանությունների համատեղ ծրագրերի շրջանակներում, որը կարող է նաեւ հայ-վրացական համագործակցության եւ վստահության հավելյալ գործոն հանդիսանալ։

Հայ-թուրքական հարաբերություններ

Ժողովում մասնավոր անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին։ Մենք շարունակում ենք կարծել, որ այդ հարաբերությունները պետք է դիտարկել առաջին հերթին որպես ազգային եւ տարածաշրջանային անվտանգության հիմնահարց։ Եվ այդ առումով անդրադարձ է եղել Թուրքիայի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցությանը։
Մենք համարում ենք, որ Թուրքիան այս վիճակով չի համապատասխանում եվրոպական չափանիշներին եւ Հ.Յ.Դ.-ի հրապարակած նախապայմանները համարում է կարեւոր չափանիշ Թուրքիայի որակական փոփոխությունը արձանագրելու համար։ Մենք երկու նախապայման ենք նշել. Թուրքիան նախ պետք է ճանաչի Ցեղասպանությունը եւ ԼՂՀ հարցում չեզոքության պահպանումը։

Իրաք հայկական զորամիավորում ուղարկելու խնդիրը

Իրաք հայկական զորամիավորում ուղարկելու խնդրի վերաբերյալ ժողովը, հանգամանորեն քննելով Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ այլ հարցերի փոխըմբռնման հուշագրին ՀՀ ՊՆ միանալու առաջարկությանը հավանություն տալու Կառավարության որոշումը, արձանագրում է, որ՝ առաջին. Հայաստանի իշխանությունները Իրաքի հիմնախնդրում պետք է խստորեն առաջնորդվեն ՄԱԿ□ի Անվտանգության խորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների որոշումներով, երկրորդ՝ այս հիմնահարցն առնչվում է հայ ժողովրդի եւ Մերձավոր Արեւելքի հայ գաղութների անվտանգությանը, ուստի ՀՀ իշխանությունները պետք է առաջնորդվեն Հայաստանը եւ հայ գաղթօջախները միջազգային ահաբեկչական հարվածների թիրախ չդարձնելու ռազմավարությամբ: Սրանք այն սահմաններն են, որոնց շրջանակներում պետք է ԳՄ-ն համապատասխան որոշման փաթեթը ստանալու ժամանակ իր դիրքորոշումը հստակեցնի։

Մինչ այսօր արված քայլերը բավարար չեն

Մենք կարծում ենք, որ այն քայլերը, որ պետք է երաշխավորեն մատնանշված ուղեգծի անշրջելիությունը, անհրաժեշտ է սկսել այսօր։ Որովհետեւ մի բան է ճիշտ ուղղություն ունենալը, այլ բան՝ այս ուղղությունը հաստատուն դարձնելու համար բավարար ճանապարհ անցնելը։ Եվ մեր հիմնական հաստատումն այն էր, որ որդեգրելով ազգային պետական նպատակների ուղեգիծ՝ մենք համարում ենք, որ այս ուղղությամբ դեռեւս բավարար ճանապարհ չենք անցել։

Եվ այդ դիրքորոշումները նույնն են, ինչը մենք միշտ արտահայտել ենք։ Առաջին հերթին հակակոռուպցիոն պայքար։ Այս առումով մենք համարում ենք, որ համապատասխան աշխատանք պետք է կատարվի միջազգային փորձի տեղայնացումը էլ ավելի հստակ իրականացնելու համար, եւ այդ փորձը պետք է վերածվի պետական քաղաքականության։

Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ մեր տեսակետները հայտնի են, սակայն այդ ուղղությամբ դեռեւս որոշակիություն չկա, եւ սահմանադրական փոփոխությունները պետք է իրականացվեն այնպես, որ դրանք նոր նախադրյալներ ստեղծեն պետական շինարարությունը մատնանշված ուղղությամբ իրականացնելու համար։

Կարեւոր ենք համարում «Ընտրական օրենսգիրքը»։ Մենք մեր փաթեթը օրենսդրական նախաձեռնության ձեւով ներկայացրել ենք։ Այս առումով աշխատանքները պետք է արագ ընթանան, եւ փոփոխված ԸՕ-ն այլեւս չպետք է փոփոխվի մինչեւ նոր ընտրություններ։
Մյուս խնդիրը վերաբերում է Հայաստանում օրենքների կիրառմանը։ Օրինակ, առանձին անդրադարձ է եղել սոցիալական ոլորտին եւ, մասնավորապես, «Կենսապահովման նվազագույն զամբյուղի» եւ «Նվազագույն կենսապահովման բյուջեի» մասին օրենքը չկատարելու հիմնախնդրին։
Ժամանակին մեր նախաձեռնությամբ այս խնդիրը օրենքի ուժ ստացավ եւ պետք է սկսեր կիրառվել դեռեւս հուլիս ամսից, բայց դեռեւս չի կիրառվում։ Սա անընդունելի է, քանի որ այն առնչվում է նաեւ հաջորդ տարվա բյուջեի հաստատմանը, եւ մեր նոր բյուջեն չի կարող համահունչ լինել մեր ընդունած այն առաջնահեթությանը, որի համաձայն՝ ամեն տարի սոցիալական ուղղվածությունը պետք է շեշտադրվի բյուջեում։

Ներքաղաքական

Գերագույն ժողովն անդրադարձել է նաեւ քաղաքական դաշտում առկա իրավիճակին, եւ հիմնական հաստատումներն ուղղված են նրան, որ նորընտիր ԳՄ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի երկրում պահպանվի կայունությունը, ներհասարակական համերաշխությունը, քաղաքական դաշտում առկա թշնամանքը, եւ ատելությունը վերանա, որովհետեւ միասնականությունը հիմնական ներուժն է, որ կարող է նպաստել մեր նպատակների արդյունավետ կատարմանը, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ բաժանվենք տարբեր ճամբարների։ Կա մի քանի հարց, որոնց շուրջ մենք պետք է գործենք միասնաբար։
Այստեղ չափազանց կարեւոր է ընդդիմության մասնակցության հարցը Սահմանադրության, ԸՕ-ի փոփոխությունների, ինչպես նաեւ հակակոռուպցիոն պայքարին առնչվող հարցերի քննարկման ժամանակ։ Այս առումով նորընտիր ԳՄ-ն փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրում կարողանանք ստեղծել այդ համերաշխության մթնոլորտը։

Տպել Տպել