[1]Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անօրինական միգրանտների դեմ սկսված արշավը տարատեսակ մեկնաբանությունների է արժանանում իրավապաշտպան հանրության, ներգաղթյալների և ՀԿ-ների կողմից:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ այս արշավը սկսվեց ազգությամբ դաղստանցի ներգաղթյալների հետ տեղի ունեցած մի քանի աղմկահարույց դեպքերից հետո:
Ըստ նրա՝ այս ամենը բերում է նախ նրան, որ Մոսկվայում և ՌԴ խոշոր քաղաքներում դեռևս գործում են չկարգավորված գետտոյական առևտրի կենտրոններ՝ միգրանտների կուտակումներով և շինարարական հրապարակներով, հարթակներով, առանց համապատասխան փաստաթղթերի։
Դրանք բացահայտվում են և ժամանակ առ ժամանակ հայտնվում իրավապահ մարմինների թիրախում, քանի որ, Նավոյանի խոսքերով, ՌԴ-ում վաղուց կա հասունացած խնդիր, այն է՝ անօրինական միգրանտների հարցը: «Երբ որևէ տեղի (որտեղ անօրինական գործունեություն են իրականացնում) վերաբերյալ տեղեկություն է կուտակվում, իրավապահ համակարգը հարված է հասցնում: Երկար տարիների պատմություն է այս ամենը»,- ասաց Յուրի Նավոյանը:
Անդրադառնալով այն տեսակետներին, թե այս «մաքրումները» պայմանավորված են քաղաքապետի ընտրություններով, թե ընտրություններից առաջ Մոսկվայի գործող քաղաքապետը փորձում է գրավել ժողովրդին՝ նա ասաց, որ քաղաքապետի թեկնածուները շրջում են փողոցներով, եթե գործող քաղաքապետը հանդիպում է ունենում և ասում են, որ միգրանտների կուտակումներ կան, պետք է արձագանքի:
«Ընդհանուր խնդիր է, որը տարբեր ենթատեքստերում կարող է դիտարկվել, բայց վերջին ամսում դաղստանցիների հետ կապված դեպքերն էին այս ամենի պատճառը: Ես կարդացի, թե վախենում են մետրո նստել։ Ասեմ, որ նման բան չկա: Ամբողջ Մոսկվան այս օրերին լարված ռեժիմով չի ապրում: Հյուսիսային Կովկասի որոշ ժողովուրդներ խնդիրներ ունեն ՌԴ-ում իրենց պահվածքով, մշակույթով և այլն և երբեմն հայերին էլ են փորձում ներքաշել այդ ամբողջ խնդրի մեջ, բայց մեր պարագայում այդքան սուր չի դրված այդ հարցը: Պատահական չէ, որ այս ամենում հայեր չկային, քանի որ հայերի կուտակումներ կան միայն շինարարական մասով»,- ասաց Յուրի Նավոյանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի շուկաներում այս օրերին սկսված պրոֆիլակտիկ գործողության հետևանքով ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ: Ոստիկանությունը մայրաքաղաքային շուկաների «մաքրումը» կազմակերպել էր այն բանից հետո, երբ շաբաթ օրը շուկաներից մեկում բռնաբարության մեջ կասկածվող կովկասցի միգրանտ տղամարդուն ձերբակալելիս ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցը:
1in.am