[1]Բեյրութում փակվում են գործող թուրքական առեւտրական եւ մշակութային կենտրոնները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նկատելով, որ թուրքական գործոնը նահանջում է Լիբանանում:
«Խնդիրը չի վերաբերում միայն թուրք օդաչուների առեւանգմանը։ Առեւանգման գործողությունը հայտնապես կատարվում է իբրեւ հակադարձություն լիբանանցի առեւանգվածների, որոնց պատասխանատվությունը առեւանգյալների ընտանիքները եւ որոշ քաղաքական շրջանակներ դնում են Անկարայի ուսերին։ Շուրջ մի շաբաթ առաջ լիբանանյան «Ախպար» թերթը գրել էր, որ սեպտեմբերին Հարավային Լիբանանում տեղակայված թուրքական զորամիավորումը, որը ներգրավված է միջազգային խաղաղապահ ուժերում, կլքի Լիբանանը»,- ասաց Գանտահարյանը: Նրա խոսքով` պատճառները վերլուծվում էին որպես հետեւանք Թուրքիայի վերցրած դերակատարությանը Սիրիայում եւ նաեւ լիբանանցի առեւանգյալների հարցը։
«Սրանք են երկու հիմնական պատճառները, որոնք երկրում ստեղծել են Թուրքիայի նկատմամբ լարված մթնոլորտը։ Սկզբում Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գրասնեյակը` ՅՈՒՆԻՖԻԼ-ը չհաստատեց լուրը` ասելով, որ «ՅՈՒՆԻՖԻԼ»-ի լիբանանյան գրասենյակը նման դիմում չի ստացել Թուրքիայից: Սակայն օգոստոսի 11-ին պարզ է դարձել, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ը հաստատում է թուրքական զորքերին մաս կազմող շուրջ երկու հարյուր մասնագետի հեռացումը Լիբանանից»,-նշեց նա։
«Այստեղ մնում են շուրջ 50 թուրք զինվորներ, որոնց հեռանալու կամ մնալու մասին դեռեւս հստակ տեղեկատվություն չկա։ Այս բոլորին զուգահեռ` տեղակայված թուրքական զորքի անվտանգությունն իրականացվում է արտակարգ միջոցառումներով։ Այսօր Լիբանանում գործող թուրք դեսպանը հայտարարել է, որ ժամանակավոր փակում են Բեյրութում գործող թուրքական առեւտրական եւ մշակութային կենտրոնները»,- պատմեց Գանտահարյանը:
Նրա գնահատմամբ` այս ամենը վկայում է այն մասին, որ թուրքական ազդեցության գոտու ընդարձակման անարգել գործունեությունը Լիբանանում որոշակի փոփոխությունների է ենթարկվում, ինչը կարող է հանգեցնել նաեւ կտրուկ շրջադարձի։
«Մի բան պարզ է, որ նախկինի նման հասարակական լայն առումով միանշանակ չի ընդունվում տարածաշրջանում Անկարայի ունեցած դերակատարությունը։ Այս պահի դրությամբ Լիբանանում կա որոշակի շրջանակների կողմից առնվազն ոչ բարյացակամ վերաբերմունք թուրքական գործոնի նկատմամբ։ Իսկ եթե ավելացնենք Եգիպտոսում այսօր առկա հակաթուրք տրամադրությունների բարձրացման տեմպերը, կարող ենք ընդգծել, որ նորօսմանականության քաղաքականությունը ակներեւ դժվարությունների է հանդիպում տարածաշրջանում»,- հավելեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:
Շահան Գանտահարյան
armenpress.am