- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Եգիպտոսում բռնության թիրախ են դարձել քրիստոնյաները. մեկնաբանում է Շահան Գանտահարյանը

4ejipy-xach-xuran copy [1]Զբոսաշրջիկների համար արաբական աշխարհի երբեմնի գայթակղիչ Եգիպտոսն այսօր ծայրաստիճան ճգնաժամ է ապրում: Զինվորականության օժանդակությամբ գահընկեց արված Մուհամեդ Մուրսիի կողմնազկիցների ճամբարները ցրելու համար օգոստոսի 14-ից սկսված զինված գործողությունների եւ դրանց հաջորդած բախումների զոհերի ընդհանուր թիվը 900-ի է հասնում:

Իրադարձությունների էպիկենտրոնը մայրաքաղաք Եգիպտոսն է, թատերաբեմում են իշխանությունից զրկված եւ ներկայում ճաղերի հետեւում գտնվող Մուրսիին սատարող “Մուսուլման եղբայրներ” շարժման կողմնակիցները մի կողմից ու զինվորականությունը՝ մյուս կողմից:

Վերջին օրերին բռության թիրախ են դարձել նաեւ Եգիպտոսի քրիստոնյաները: Հարձակման է ենթարկվել մի քանի տասնյակ քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաեւ՝ բնակելի տներ, դպրոցներ, կրպակներ:

Եգիպտոսի քրիստոնեական համայնքը 85 միլիոն բնակչության 10 տոկոսն է կազմում: Հայեր կամ հայկական եկեղեցիներ այս հարձակումների հետեւանքով չեն տուժել:

Ի դեպ, Եգիպտոսում, եւ ընդհանրապես, այս տարածաշրջանում բնակվող քրիստոնյաներն առաջին անգամ չէ, որ այլատյացության կամ ծայրահեղ իսլամականության թիրախ են դառնում:

“Կոնկրետ խմբավորումներ, որ ստանձնել են հարձակումների պատասխանատվությունը, չկան: Ընդհանուր այս ֆոնին նաեւ խուլիգանական արարքներ են լինում, սակայն չի բացավռում, որ սա իսլամական եւ աշխարհիկ ուժերի միջեւ ընթացող պայքարի դրսեւորում լինի”,- ասաց լիբանանյան “Ազդակ” օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը։

Ականատեսների վկայությամբ, հարձակման ենթարկված եկեղեցիներն ու քրիստոնյաներին պատկանող այլ հաստատություններն այս հարձակումների հետեւանքով չեն ավերվել, միայն թեթեւ վնասներ են կրել: Երբեմն զինված փոքր խմբերը հարձակվում են եկեղեցիների վրա՝ բղավելով Մուրսիին սատարող կարգախոսեր: Իսկ “Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչները համարում են, որ այս հարձակումները հաճախ զինվորականության ձեռքի գործն են՝ իրենց դեմ դավադրություն իրականացնելու համար:

Կահիրեից 400 կիլոմետր հեռու գտնվող Սոհագ քաղաքի Մար Ջերգիս ղպտիական եկեղեցին հարձակման ենթարկվածների թվում է: Լրատվամիջոցները տեղանքը ուրվական քաղաքի են նմանեցնում. մարդիկ թաքնվել են իրենց բնակարաններում:

Միեւնույն ժամանակ, “Մուսուլման եղբայները” մեղադրում են քրիստոնեաներին, մասնավորապես՝ ղպտնիներին, Մուրսիին իշխանությունից զրկելու հարցում զինվորականությանը սատարելու համար:

Հուլիսի 3-ին, երբ գահընկեց արվեց Մուրսին, ղպտիների Թավադրոս 2-րդ առաջնորդը իր աջակցությունը հայտնեց զինվորականությանը: Շատ քրիստոնյաներ, իրենց հերթին, կրոնական բազմակարծությունը պարբերաբար ճնշելու համար մեղադրում են Մուրսիին:

“Այլատյացության միտում կա տարածաշրջանում: Չի բացառվում, որ սա տարածաշրջանը ապաքրիստոնեականացնելու աշխարհաքաղաքական օրանկարգի մաս է”,- ասաց Շահան Գանտահարյանը։

Անկայուն վիճակն աստիճանաբար Ալեքսանդրիայից եւ Կահիրեից տարածվում է երկրի այլ շրջաններ: Մահացու ելքով հերթական բախումն է գրանցվել Սինայի թերակղզում: Դեռեւս անհայտ զինյալների հարձակման զոհ է դարձել 24 ոստիկան, երեք հոգի վիրավոր է: Սինայում անվտանգության ապահովման խստացված միջոցառումներ ձեռնարկվել էին դեռեւս 2011 թվականից, քանի որ իսլամիստական հարձակումներն այստեղ հաճախակի էին դարձել: Այն անցակետ է ոչ միայն իսլամիստների, ջիհադիստների համար, այլեւ՝ հանցագործ տարրերի:

yerkirmedia.am