- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Թուրքիան մեկ անելիք ունի ԼՂՀ հարցում` դա չխառնվելն է

GiroManoyan-20 [1]Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է մեկնաբանում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Գաբալայում արված այն հայտարարությունը, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ամենակարճ ժամկետներում և որ ինքը ցանկանում է, որպեսզի թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը ապագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը պատասխանել է. «Պետք է նախագահ Գյուլի` Ղարաբաղ այցելելու և թյուրքալեզու պետությունների գագաթաժողովն այնտեղ անցկացնելու ցանկությանը նայել հետևյալ տեսանկյունից. Գյուլը ցանկանում է, որ թյուրքալեզու պետություններն այնքան հասունություն կունենան և բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ կունենան` ի շարս այլ հարևանների և կսկսեն թյուրքալեզու պետությունների գագաթաժողովը նաև այլ պետություններում անցկացնել և կարող է նաև որպես այդպիսին այցելել ԼՂ և այդտեղ գագաթաժողով անել: Այլապես, եթե այլ բան նկատի ունի, Գյուլի ասածը ծիծաղելի է»:

Հարցին`սպառնալի՞ք է այն, որ Գյուլը հայտարարում է, թե ԼՂ հիմնախնդիրը ամենակարճ ժամկետներում պետք է լուծվի, պարոն Մանոյանը պատասխանեց.

«Սա պետք է դիտել որպես ցանկություն: Ադրբեջանում է եղել, Ադրբեջանի հյուրերի նկատմամբ ինչ-որ պարտավորություն է զգացել ու ասել է: Պաշտոնական Երևանը սրա պատասխանը տվել է. Թուրքիան մեկ անելիք ունի ԼՂՀ հարցում, դա էլ չխառնվելն է, մնացածն արդեն զուտ վնաս է»:

Գյուլի` ԼՂ գալու ցանկության մասին էլ Կիրո Մանոյանն ասաց. «Ուզում է գալ, թող գա, այդ դեպքում ԼՂՀ իշխանությունները պիտի ընդունեն իրեն, կարծում եմ որ միանգամից էլ Գյուլի օդանավը կիջնի Ստեփանակերտի օդանավակայան այդ ձևով Գյուլը երկու հարց միանգամից կլուծի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

aravot.am
20/08/2013