[1]Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Դրանց մասնակցելու համար, արդեն 3-րդ անգամ, առաջադրվել է գործող նախագահ Իլհամ Ալիեւը: Ընդդիմության միասնական թեկնածուի հարցը դեռեւս անորոշ:
Եւ մինչ նախընտրական Ադրբեջանը ու դրա հատկապես ընդդիմադիր հատվածը հաղթող թեկնածու է փնտրում, Հայաստանում քննարկվում է Իլհամ Ալիեւի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը` ամենաբարձր մակարդակով: Հանրապետության նախագահն էր օգոստոսի 17-ին այդ մասին խոսել բազեականների հետ հանդիպմանը, Ծաղկաձորում: Նա ասել էր, որ մեզ համար ամենաձեռնտու տարբերակը կլինի գործող նախագահի հաղթանակը:
“Մենք դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը` գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է՝ հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, եւ եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիեւը կարողանա կամք դրսեւորել եւ վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի եւ նախընտրելի տարբերակը դա է”,- ասել էր Սերժ Սարգսյանը։
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի հայտարարության նպատակը ամենեւին էլ բանակցային գործընթացը գնահատելը չէր: Միայն այդ ընթացքի համար Ալիեւին վերաբերող հայտարարությունը հազիվ թե հնչեր.
“Այն, որ ճանապարհ ենք անցել, ճիշտ է, փորձը ասում է` իմացածը լավ է, քան չիմացածը, բայց երբ որ իմացածով հասկանում ենք, որ տեղ չենք հասնելու, կգա մի պահ, որ կասենք` իմաստ էլ չունի նույն բանն անընդհատ հասկացնելը, բայց սա այդ դեպքը չէ”:
ՀՅԴ ներկայացուցիչն ասում է, որ հայտարարությունն առաջին հերթին եւ հիմնականում ուղղված էր Ադրբեջանի հանրությանը` նախընտրական շրջանում Ալիեւին վարկաբեկելու նպատակով։
“Եթե նույնը ասած լիներ Ալիեւը Սերժ Սարգսյանին մասին, ի՞նչ վերաբերմունք կլիներ այստեղ. Սերժ Սարգսյանի վարկը կընկներ”,- ասաց Կիրո Մանոյանը։
ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը չի կիսում Կիրո Մանոյանի այս կարծիքը: Ասում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն Ալիեւի վարկանիշի վրա որեւէ ազդցությւն չի կարող ունենալ:
“Սերժ Սարգսյանի կարծիքը չի լուսաբանվելու: Ադրբեջանում չկա անկախ լրատվամիջոց, ռադիո, հեռուստաընկերություն, հազիվ մեկ-երկու թերթ, որոնք, սակայն, ազդեցություն չեն գործի”:
Ալիեւին նախընտրելով` Սերժ Սարգսյանը նախապատվությունը տալիս է ռազմատենչ հայտարարություններ անող, Հայաստանի դեմ բազմաթիվ բանաձեւեր ընդունող մեկին, ուստի, այս նախընտրությունը բանակցային գործընթացով պայմանավորելը Վլադիմիր Կարապետյանին արժանահվատ չի թվում. բանակցային գործընթաց, ըստ նրա, չկա, Սերժ Սարգսյանն էլ արդեն 1.5 տարի Ալիեւին չի հանդիպել.
“Այն, որ համանախագահները գալիս են, դրանով ընդամենն արդարացնում են իրենց աշխատավարձերը, փաստաթղթի շուրջ բանակցություններ չկան, փաստաթուղթ չկա, իրականում ամբողջ գործընթացը դադարեցված է”,- նշեց Վլադիմիր Կարապետյանը։
Ի՞նչ կարիք կար հրապարակային հայտարարություն անել մի հարցի շուրջ, որն ուղղակիորեն մեզ չի վերաբերում. տարակուսում է Վլադիմիր Կարապետյանը: Կիրո Մանոյանն էլ կարծում է, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը նորմալ դիվանագիտական հարաբերություններ ունենային, Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարող էր դիտարկվել որպես միջամտություն այլ երկրի ներքին կյանքին:
Ի դեպ, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն անուղղակիորեն անդրադարձել է անեւ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: “Ազատություն” ռադիոկայանին նա ասել է, որ ԼՂՀ-ն նախընտրում է ժողովրդավար հարեւանի, մինչդեռ բոլոր թեկնածունների նախընտրական ծրագրերն ազգայնական ուղղություն ունեն: