Դաշնակցության իշխանություն լինելը մեծ դեր կունենա մեր երկրի պատմության մեջ

ArturՀՀ Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության նախկին պատգամավոր, այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Tert.am-ին հայտնեց, որ չի կասեցրել անդամակցությունը Դաշնակցությանը, պարզապես փոխանցագրով տեղափոխվել է կուսակցության ԼՂՀ կառույց: ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ իր տեսակետների փոփոխությունը բացատրեց այն հանգամանքով, որ նախկինում ինքը բնակվում էր ՀՀ-ում և ՀՀ-ի քաղաքացի էր, այժմ՝ ԼՂՀ քաղաքացի և ԼՂՀ քաղաքացի լինելով՝նաև ԼՂՀ Սահմանադրության երաշխավորը։

-Ժամանակին պնդում էիք, որ Հայաստանի և Արցախի փրկությունը Դաշնակցության իշխանության գալն է, մինչդեռ գալով ԼՂՀ՝ սառեցրիք ձեր անդամակցությունը կուսակցությանը և մաս կազմեցիք իշխանությանը։ Կարելի՞ է եզրակացնել, որ փոփոխել եք Ձեր այդ տեսակետը։

-Մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել, թե կասեցրել եմ անդամակցությունս։ Դաշնակցականը որտեղ ապրում է՝ փոխանցագրով անցնում է այդ տարածքի կառույց, և երբ ես փաստացի տեղափոխվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, փոխանցագրով տեղափոխվել եմ, և հիմա ԼՂՀ ՀՅԴ կառույցում շարքային դաշնակցական եմ։ Ես միշտ էլ շարունակում եմ պնդել, եթե նկատել եք, քարոզարշավների ժամանակ միշտ կրկնել եմ, որ Դաշնակցության իշխանություն լինելը մեծ դեր կունենա մեր երկրի պատմության մեջ։ Շատ ուրախ եմ, որ Ղարաբաղում Դաշնակցությունն ունի հնարավորություն՝ կյանքի կոչելու իր ծրագրային դրույթները։

-Ինչո՞ւ որոշեցիք Ձեր քաղաքական գործունեությունը շարունակել Արցախում՝ համագործակցելով այն իշխանության հետ, ում քննադատում էիք։

-ԼՂՀ իշխանությանը ես դեմ չեմ եղել, առնվազն Բակո Սահակյանի ձևավորած իշխանությանը դեմ չեմ եղել։ Ավելին՝ իմ հնարավորությունների շրջանակում, որպես ՀՀ-ում ազդեցություն ունեցող քաղաքացի, փորձել եմ անել ամեն ինչ, որ ԼՂՀ-ում կյանքի կոչվեն բոլոր այն ծրագրերը, որոնք ստանձնել է ԼՂՀ նախագահը, նրա կառավարությունը։ Բացի այդ, իշխանության գալուց հետո շատ ծրագրեր եմ իրականցրել անհատապես, նաև աջակցել եմ այլ անհատների, որոնք փորձել են ծրագրեր իրականացնել ԼՂՀ-ում։ Այնպես որ ես երբեք հեռու չեմ եղել իշխանության կողմից իրականացվող ծրագրերից։ Հրավիրեցին, իհարկե, երկար եմ մտածել, բայց մտածմունքս քաղաքական ուղղվածություն չի ունեցել, այլ՝ նեղ անձնական, և պետք է որոշում կայացնեի՝ շարունակել ապրել Երևանու՞մ, թե՞ վերադառնալ հայրենի գյուղ, փորձել իրագործել գոնե մոտակա 10 տարիների համար իմ անելիքները։ Որոշեցի վերադառնալ, կար առաջարկ և անհրաժեշտություն, և ես չէի կարող մերժել։

-Բայց համաձայնեք, որ որոշում կայացնելուց առաջ հասկանում էիք, որ ԼՂՀ-ն ՀՀ-ի իշխանության եթե ոչ կցորդն է, ապա գոնե համաձայնեցված քաղաքականություն է վարում։

-«Կցորդ» արտահայտություն օգտագործողները առնվազն Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչ կարող են լինել, իսկ ինչ վերաբերում է համաձայնեցված կամ չհամաձայնեցված լինելուն՝ ԼՂ-ն հանրապետություն է՝ իր նախագահով, իր կառավարությունով, իր Սահմանադրությամբ, իր օրենքներով, իր 12 000 քառ. կմ տարածքով։ Եվ ինչպես հարմար է գտնում տանել իր քաղաքականությունը, այնպես էլ իրականացնում է՝ ի դեմս իր նախագահի, կառավարության և ժողովրդի։

– Ինչպե՞ս եք գնահատում բանակցային սեղանին ԼՂ հարցի կարգավորման շուրջ քննարկումները: Չե՞ք կարծում, որ հայկական կողմը գնալով ավելի թույլ դիրքերից է հանդես գալիս։

– Ցավոք, դա այդքան էլ մեր կողմից տարվող դիվանագիտության արդյունք չէ. իրականում միջազգային հանրությունը, իր շահերից ելնելով, հաճախ կողմնակալ մոտեցում է դրսևորում: ՀՀ դիվանագիտությունը պետք է թույլ չտա Ադրբեջանին իրականացնել իր գործողություները։ Ավելին ասեմ՝ ԱՄՆ Կոնգրեսը ժամանակին հայտարարել էր, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում ԼՂՀ-ում՝ խաղաղ բնակչության դեմ, այսօր այդ նույն Կոնգրեսն այդ թեման այլևս չի բարձրաձայնում։ Դա դիտարկում եմ ժամանակի տիրույթում։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը հստակ գիտակցում է, որ իր ցանկացած դիրքորոշում չի կարող ազդել մեր կամքի վրա, և թե ՛ հայաստանյան, թե՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, հակառակ ժողովրդի կամքի, որոշումներ չեն կայացնելու։

– ՀՅԴ-ն բազմիցս նշել էր, որ ՀՀ իշխանությունն առաջինը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Այս հարցում Ձեր տեսակետը նո՞ւյնպես չի փոխվել։

– 1994 թ.-ին եմ այդ կարծիքն արտահայտել, որ ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Հիմա, երբ հետ հայացք եմ ձգում, հասկանում եմ, թե ինչքան ճիշտ կլիներ, եթե 1994թ. զինադադարից հետո ՀՀ-ն ճանաչեր ԼՂՀ-ի անկախությունը։ Հետագա տարիներին արդեն վարած քաղաքականությունը՝ վերելքները, ձեռք բերված հաջողությունը, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցած անհաջողությունները ինձ բերել են այն համոզման, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումն ուշացած գործողությունն է։ Այսինքն՝ դրա անհրաժեշտությունը եղել է 1994թ.-ին, ասեմ ավելին՝ 1992թ.-ից սկսած, երբ ձևավորվել է ԼՂՀ Գերագույն խորհուրդը, որը հաստատել է Անկախության հռչակագիրը։ Եվ եթե այդ տարիներին, ճիշտ ժամանակին, Հայաստանը չճանաչեց, հետագայում արդեն խոսել անցած ճանապարհի մասին ու հարցականի տակ դնել բոլոր այն ձեռքբերումները, ստատուս քվոյի պահպանության, պետական նշանակության լուծման առումով, իրավունք չունենք։ Իրավունք չունենք վերցնել ու ասել՝ «դե, «դավայ» տղե՛րք, եկե՛ք ճանաչենք ԼՂՀ անկախությունը»։

Բայց ԼՂՀ-ն իր բոլոր միջգերատեսչական համաձայնագրերը, օրենքները ընդունում է այնպես, որ դրանք շատ քիչ տարբերվեն ՀՀ օրենքներից. անում ենք ամեն ինչ, որ վաղը հասնելով խաղաղության՝ հնարավորություն ունենանք ստրատեգիական համաձայնագրի շրջանակներում համատեղ վարել մեր արտաքին քաղաքականությունը։

-Պարոն Աղաբեկյան, համաձայնեք, որ Ձեր տեսակետները ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ ակնհայտ փոփոխվել են, դրանք նաև տարբերվում են ՀՀ Ձեր կուսակցական գործընկերների տեսակետներից։

-Ես ԼՂՀ պետական պաշտոնյա եմ և հանդիսանում եմ ՀՅԴ ներկայացուցիչ և կուսակցության կողմից երաշխավորված անձ և ԼՂՀ փոխվարչապետ։ Իմ նախկին հայտարարությունները պայմանավորված էին նրանով, որ ես ապրում էի ՀՀ-ում և ՀՀ-ի քաղաքացի էի, հիմա ես ԼՂՀ քաղաքացի եմ և ԼՂՀ քաղաքացի լինելով՝ նաև ԼՂՀ Սահմանադրության երաշխավորն եմ։

-Ի՞նչ տեսլականով եք Արցախում, դեռ ԼՂՀ ապագան կապո՞ւմ եք ՀՅԴ իշխանության և նախագահի գալով։

-Շփոթում եք իմ արտահայտությունը կուսակցական նախագահ լինելու հետ։ Եթե Դաշնակցությունը կանգնելու է ԼՂՀ իշխանության կողքին, ուրեմն ամբողջությամբ համաձայն է նրա վարած քաղաքականությանը։ Իսկ եթե նախագահը լինի դաշնակցական, դա էլ չի խանգարում, ես միայն կուրախանամ, չգիտեմ՝ ինչ տարիքում կլինեմ, բայց միայն կուրախանամ։

-Գուցե դուք ունե՞ք նման հեռանկարներ։

-Ես նման ցանկություն չունեմ։

tert.am

Տպել Տպել