- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արմեն Ռուստամյան. Երկրում ներհասարակական ճգնաժամ կա

[1]
« Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի թեման» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության փոխնախագահ Արմեն Ռուստամյանը:

– Մեր եթերում քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը ԵԽԽՎ Հայաստանին վերաբերող բանաձեւի առանձին կետեր բառացիորեն որակեց անհեթեթ: Նման տեսակետներ մինչ այդ էլ էին հնչում այն ժամանակ, երբ դուք մասնակցում էիք վեհաժողովին: Իրականում, որքանո՞վ է փաստաթուղթը հավասարակշռված:

– Ես կարծում եմ, որ բավականին հավասարակշռված է: Կետեր կան, որոնց հետ մենք ոչ միաձեւ կարող ենք համաձայնել, բայց իրականում փաստաթուղթն իսկապես հավասարակշռված է եւ ընդհանուր առմամբ ադեկվատ է այսօրվա մեր խնդիրներին: Ուղղությունը շատ ակնհայտ է` այնտեղ տրվում է այսօրվա իրավիճակի գնահատականը. որո՞նք են պատճառները, որ հանգեցրին ներքաղաքական այս լարվածությանը, բերեցին մեզ հասարակական այս ճգնաժամին: Որ դա իսկապես այդպես է` ես չեմ կարծում` պետք էր գնալ Եվրախորհուրդ դրանում համոզվելու համար:

Մենք ինքներս էլ այստեղ բազմիցս հաստատում էինք, որ, իսկապես, երկրում կա ներհասարակական ճգնաժամ: Ախտաճանաչում է կատարված, եւ այդ ախտաճանաչման հիմնական մասը մենք մինչեւ այդ արդեն կատարել էինք: Եթե, օրինակ, Դաշնակցության` այս ընթացքում արած հայտարարությունները հիշեք, դրանք լիովին համահունչ են բերված հաստատումներին:

Դրանից բխող առաջարկություններ են կատարված, այսինքն` ի՞նչ անել այդ ախտաճանաչումից բխած խնդիրները լուծելու համար եւ որո՞նք են այսօր հրատապ քայլերը, որ պետք է իրականացնի Հայաստանը, որպեսզի վերադառնա ժողովրդավարական գործընթացների իմաստով առավել արագընթաց զարգացման փուլ:

– Իսկ պատճառների աղբյուրը հիմնականում իշխանություննե՞րն են դիտվում:

– Իշխանությունները, բնական է, հիմնական պատասխանատուն են: Հենց այս տաղավարում բազմիցս ասել ենք, որ երբ երկրում ողբերգություն է տեղի ունենում, լարվածություն, հարցեր, պրոբլեմներ են առաջանում, դրսի համար պատասխանատուն երկիրն է ամբոջությամբ, իսկ երկրի հիմնական ներկայացուցիչը իշխանություններն են: Պարզ է, որ սլաքը պետք է ուղղվեր իշխանությունների վրա:

Կարեւոր խնդիրը հետեւյալն է` ի՞նչն է հիմնական պատճառը: Եթե հիշում եք, Դաշնակցությունը երեք հիմնական հարց էր նշում: Ասում էինք, որ ընդդիմության տեղի ու դերակատարության խնդիր ունի Հայաստանը, որ պետք է ընդլայնել այդ դաշտը, որպեսզի ընդդիմությունը կարողանա լիարժեք մասակցություն ունենալ քաղաքական գործընթացներին, ազդել երկրում որոշումների կայացման վրա: Եվ դրա համար լիարժեք մեխանիզմներ են պետք, ոչ թե պարզապես դեկլարատիվ հայտարարություններ: Դա ասված է նաեւ փաստաթղթի մեջ:

Երկրորդ, ասում էինք, որ իսկապես առաջացել է բազմակարծության, խոսքի ազատության հետ կապված խնդիր, մեր էլեկտրոնային մասմեդիան չի ապահովում այդ լիարժեք բազմակարծությունը: Ասում էինք, եւ դա արձանագրված է փաստաթղթի մեջ:

Երրորդ` մենք հստակ ասում էինք, որ պետք է ընտրական համակարգը բարեփոխվի, այս ընտրական համակարգը վստահություն չի առաջացնում: Սա փաստ է: Այսինքն, երբ մենք ասում ենք`ընտրությունների արդյուքի նկատմամբ վստահությունը պատշաճ մակարդակի վրա չէ, պարզապես հայտարարություններ չեն, այլ դրա հետեւում ընկած են պատճառներ: Ի՞նչն է պատճառը, որ այդ վստահությունը չի առաջացել: Բնականաբար, մեղքը մեր երկրի ներսում ժողովրդավարական գործընթացների եւ ընտրական համակարգի մեջ պետք է փնտրել:

Երկու այլ հաստատումներ եւս կան փաստաթղթում, որոնք ածանցվում են այս խնդիրներից: Դրանք վերաբերում են դատական համակարգի լիարժեք ինքնուրույնությանը եւ անաչառությանը: Դրա մասին էլ ենք բազմիցս ասել, որովհետեւ` երբ քաղաքացին բողոքելու տեղ չունի, ավելի ճիշտ` ֆորմալ առումով կա, բայց քաղաքացին չի վստահում այդ դատական համակարգին, ուրեմն երկրում արդարադատություն չի իրականացվում լիարժեք, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

– Իսկ եռամսյա ժամկետը, որ դրված է մեր առջեւ, արդյոք այդ ընթացքում հնարավո՞ր է օբյեկտիվորեն լուծել խնդիրները, օրինակ` նույն ընդդիմության:

– Կարծում եմ` հնարավոր է: Այստեղ անհնար բան չկա: Երեք ամսվա համար երեք խնդիր է դրված, որոնք մենք պետք է կարողանանք լուծել: Առաջինը երկխոսության դաշտի, երկխոսության հնարավորության ապահովումն է: Երկրորդ` անաչառ քննություն` կապված մարտի 1-ի, 2-ի իրադարձությունների հետ: Երրորդը` ժողովների, հանրահավաքների օրենքում փոփոխությունները վերանայելու պահանջն է: Վերջին խնդիրը լուծվել է, պրոցեսի մեկնարկը ճիշտ տրված է:
Խնդիրն այն չէ, որ ընդդիմությունը կամ նրա մի հատվածը ուզենա` երկիրն անպայման սանկցիաների տակ ընկնի եւ չուզենա գնալ երկխոսության: Սա չի անհրաժեշտ պայմանը հանդիսանալու, որ եվրախորհուրդը գնահատի երկրում երկխոսության չկայանալը: Ոչ: Խնդիրն այն է, թե իշխանությունները ի՞նչ քայլ կատարեցին, որը իսկապես լիարժեք դաշտ բացեց երկխոսության համար, եւ մեկի մեղքը մյուսի վրա չի դրվելու: Եթե ընդդիմությունը չի գնալու դրան, բայց համապատասխան քայլեր կատարվելու են իշխանության կողմից երկխոսության իրականացման առումով, չեմ կարծում, որ այնուհետեւ դա չգնահատվի կամ այդպես է, համարվի չկատարված պահանջ եւ սանկցիա կիրառվի: Իսկ որ կան մեխանիզմներ այդ երկու ուղղությամբ քայլեր կատարելու` իսկապես եւ մենք դրա մասին ասել ենք:

– Ասացիք, որ դուք դեռեւս ամիսներ առաջ ահազանգում էիք այն մասին, որ ընդդիմությունը պետք է անպայման մասնակցի քաղաքական գործընթացներին: Հիմա ընդդիմութունը ինչպե՞ս կարող է վերահսկել իշխանության գործունեությունը, երբ մեծ հաշվով արդեն բաժանված են պաշտոնները:

– Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, եւ այդ փորձը տալիս է որոշակի մեխանիզմներ, թե ինչպես ընդլայնել ընդդիմության դաշտը: Դրանք բազմաթիվ ձեւեր են, որոնցից մի քանիսը կարող են կիրառվել նաեւ Հայաստանում: Մասնավորապես` Ազգային ժողովի կանոնակարգում պետք է փոփոխություն մտցվի, որպեսզի օրենքով քաղաքական փոքրամասնության ինքնադրսեւորման հնարավորություն տրվի: Մասնավորապես, մենք պետք է հանենք այն արգելքը, որ հարցը օրակար մտնում է նախապես քվեարկվելուց հետո:

Սա ճիշտ եղանակ չէ, նշանակում է, որ եթե դու մեծամասնություն ունես եւ ունես մեծամասնություն հանձնաժողովում, միշտ կարող ես բացասական կարծիք տալ ընդդիմադիր որեւէ պատգամավորի նախաձեռնությանը եւ քվեարկությամբ չթողել, որ այն մտնի օրակարգ: Այն պետք է պարտադիր մտնի, առանց քվեարկելու: Կա, օրինակ, ձեւ, որ երբ ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվում ընդդիմադիր ուժի պահանջով, ապա համանախագահության կարգավիճակ է ձեւավորվում, որը նախագահներից մեկը, որ պետք է հետաքննի տվյալ հարցը, լինում է ընդդիմությունից: Կան միջազգային փորձում նման օրինակներ:
Կա եւս մեկ խնդիր, որ երկխոսություն պետք է տեղի ունենա ոչ միայն Ազգային Ժողովի ներսում, այլ նաեւ արտախորհրդարանական ուժերի: Այստեղ եւս մենք առաջարկություններ ունենք հայտարարություններից մեկում: Ասում ենք, որ նախագահն իրեն կից կարող է ստեղծել քաղաքական կամ հասարակական խորհուրդ, որտեղ կընդգրկվեն ընդդիմադիր գործիչները եւ ուժերը: Կլինի խորհրդակցական մարմին, որտեղ քննարկվելու են երկրի առջեւ ծառացած կարեւորագույն հարցերը:

– Երբ դուք այս առաջարկն արեցիք, միանգամից եղավ նման տեսակետ, որ այդ դեպքում ընդդիմությունը այլեւս ընդդիմություն չի լինի:

– Այսինքն` եթե մենք ընդդիմության հետ խոսում ենք, ընդդիմությունը այլեւս ընդդդիմություն չէ՞: Սա է մեր կաղապարված պատկերացումը ժողովրդավարության մասին: Երկիրը առանց ընդդիմության կլինի մի թեւանի թռչուն: Պետք է ապահովենք այդ երկրորդ թեւի աշխատանքը: Ընդդիմությունը պետք է հասկանա, որ ինքը նաեւ պարտավորություն ունի: Էնպես չի, որ եթե դու ընդդիմություն ես, պետք է խռովես, մի կողմ քաշվես եւ ասես` քանի ես իշխանություն չեմ, ես աշխատելու դաշտ չունեմ կամ բավարարված չեմ այդ դաշտով եւ ուղղակի հարցերի լուծումը տեղափոխում եմ փողոց: Սա էլ մյուս սխալն է: Ընդդիմությունը ոչ միայն պետք է քննադատի իշխանությանը, այլ ինքը ժողովրդավարական գործընթացներին այլընտրանք ցույց տա:

– Անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդրին: Ինչքանո՞վ է այս բանաձեւը հարվածում մեր դիրքերին:

– Մեր դիրքերը, բնական է, թուլանում են ցանկացած պարագայում, երբ ունենում ենք ներսում թուլացում: Սա էլ էինք մենք ասում, երբ ասում էինք, որ մեր առաջ կա արտաքին վտանգը չեզոքացնելու խնդիրը: Այդ վտանգը երեւաց հենց Եվրախորհրդի քննարկումների ժամանակ: Պետք էր տեսնել, թե ինչ ոգեւորությամբ եւ խանդավառությամբ էին ադրբեջանցիները հարձակվում Հայաստանի վրա: Անգամ մեր ընդդիմադիրները այդ աստիճանի որակումներ չեն օգտագործում: Նրանք էլ ունեն նույն խնդիրները` քաղբանտարկյալների հարցը եւ այլն:

Դրանով մենք տարբերվում էինք Ադրբեջանից, երբ մեր ժողովրդավարության մակարդակը էապես բարձր էր Ադրբեջանից: Մենք սա կորցնում ենք: Մենք պետք է այս երեք ամիսների ընթացքում այնպես անենք, որ այդ մակարդակը չկորցնենք: Մենք չպետք է զիջենք մեր դիրքերը Ադրբեջանի համեմատ: Ժողովրդավարական իմաստով մենք պետք է մրցակցությունը շահենք, թե չէ` Ղարաբաղյան հարցում կունենանք կորուստներ: