ԱՄՆ-ը չի դադարեցնի ռազմական օգնությունը Հայաստանին


ԱԺ Ներքին գործերի, Ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը «Առավոտ»-ին:

– ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը այսօր լսումներ է անցկացնելու հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Որքանո՞վ է այս ամենը լուրջ եւ վտանգավոր մեր երկրի համար, մանավանդ` մեր երկիրը նաեւ ռազմական օգնություններ է ստանում ԱՄՆ-ից:

-Այո, ձեր նշած ռազմական օգնությունը մի քանի ուղղություն ունի, եթե այդ ուղղությունները բացենք, հետեւյալ պատկերը կստանանք: Առաջինը` արտաքին ռազմական ֆինանսավորման FMF ծրագիրն է: Ամերիկյան ռազմական դոկտրինում հստակ նշված է, որ այս ծրագրից օգտվում են բոլոր այն երկրները, որոնք համագործակցության անհրաժեշտությունից ելնելով` օգնության կարիք ունեն: Սա ռազմական օգնություն է, որը կարող է լինել կապի միջոցների ձեւով, թիկունքային նշանակության սարքեր, սարքավորումներ, հանդերձանք: Եվ այսօր այդ ծրագրից մեր երկիրն օգտվում է` այն ուղղորդելով իր խաղաղապահ առաքելությունը ընդլայնելուն: Հայաստանն այսօր ունի խաղաղապահ գումարտակ եւ հայտարարել է, որ նպատակ ունի ընդլայնել իր խաղաղապահ կարողությունները` հասցնելով մինչեւ բրիգադայի: Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում մեր երկիրը առաքելություն է իրականացնում Կոսովոյում, իսկ հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում առաքելություն ենք իրականացնում Իրաքում:

Ռազմական երկրորդ ծրագիրը, որից օգտվում է մեր երկիրը, դա «Միջազգային ռազմական կրթություն եւ վարժանք» ծրագիրն է, որը հիմնականում նպատակ ունի տվյալ երկրի հետ ռազմական համագործակցության շրջանակներում բարձրացնել փոխգործակցելիության աստիճանը` սպայական կազմը, սերժանտական կազմի համապատասխան վարժանքներ, դասընթացներ անցկացնելով ԱՄՆ-ում, ընդյալնելով կարողությունները, որպեսզի հետագա գործողությունների ժամանակ կարողանանք լինել փոխգործակցելի: Գործում է նաեւ նահանգային ծրագիը, որը մեր երկիրը իրականացնում է Կանզասի նահանգի հետ, եւ նպատակը նույնն է` բարձրացնել փոխգործակցության աստիճանը:

Գործում է նաեւ «Վարշավյան նախաձեռնության հիմնադրամը», որից Հայաստանը հիմնականում օգտվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով: Եթե նկատի ունենանք թվարկածս օժանդակության բոլոր այս ձեւերը (ես հատուկ շեշտեցի բոլորը), ապա բոլորը ունեն մեկ նպատակ, այն է` մեծացնել փոխգործակցության աստիճանը եւ տվյալ երկրին հնարավորություն տալ, որպեսզի ստացած օգնության դիմաց ցուցաբերի համապատասխան օգնություն: Կոնկրետ, այս ամենի դիմաց, հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակներում, այսօր մեր երկիրն առաքելություն է իրականացնում Իրաքում: Եվ, որքան տեղյակ եմ լրատվամիջոցներից, Հայաստանը միակ երկիրն է, որը մասնակցության իր «այո»-ն ասելուց հետո երբեք չի շահարկել այդ մասնակցությունը հայ-ամերիկյան հարաբերություններում:

Առնվազն վերջին տարվա ընթացքում, եթե նկատել եք, ընտրություններից հետո հատկապես հնչեցվել են ամերիկյան քաղաքական գործիչների կողմից Կոնգրեսի տարբեր աստիճանի հայտարարություններ, թեկուզ Բրայզայի վերջին հայտարարությունները, ապա կնկատեք, որ այդ ամենին ի պատասխան` Հայաստանը երբեք չի հայտարարել, որ կդադարեցնի իր առաքելությունը: Եվ չմոռանանք նաեւ, որ ե՛ւ լեհական, ե՛ւ ամերիկյան հրամանատարությունները բազմիցս հայտարարել են, որ հայկական զորախումբն Իրաքում իր առաքելությունը փայլուն է իրականացնում: Իզուր չէ, որ յուրաքանչյուր ռոտացիայից հետո Հայաստան վերադարձած անձնակազմն առնվազն արժանանում է լեհական դիվիզիայի եւ ամերիկյան հրամանատարության պարգեւներին: Սա խոսում է այն մասին, որ իսկապես Հայաստանը շահագրգռված է մասնակցել միջազգային խաղաղապահ առաքելություններին:

-Այդուհանդերձ, այսօր խոսվում է այն մասին, որ ԱՄՆ-ը կդադարեցնի իր օգնությունները, ի՞նչ է անելու Հայաստանը:

-Եթե դա ուղղված լինի նաեւ նշածս ռազմական օժանդակություններին, ապա դրա հետեւանքը կլինի այն, որ Հայաստանը կարող է վերանայել իր մասնակցության ձեւաչափը: Եկեք չմոռանանք, որ այս մասնակցությունից շահում է ոչ միայն Հայաստանը, այլեւ օժանդակող կողմերը: Քիչ չեն եղել ամերիկյան, այսպես ասած, բարեկամ պետություններ, որոնք ներքաղաքական իրադարձություններից կամ ներքին խնդիրներից ելնելով` հայտարարել են, որ կդադարեցնեն իրենց մասնակցությունը այս կամ այն ծրագրին: Օրինակ, Լեհաստանում իշխանության եկած քաղաքական ուժն անընդհատ հայտարարում էր, որ եթե իրեն ընտրեն, անպայման Իրաքից դուրս կբերի լեհական զորախումբը: Արդյունքում` ընտրված քաղաքական ուժի վարչապետը անմիջապես հայտարարեց, որ 2008-ին Լեհաստանը իր զորախումբը դուրս է բերելու Իրաքից: Կամ` Ադրբեջանը Կոսովոյից դուրս բերեց իր անձնակազմը, օրեր առաջ Կոսովոյից իր անձնակազմը դուրս բերելու մասին որոշում է կայացրել Վրաստանը:

-Սակայն այդ նույն քայլերը Հայաստանը չի անում, քանի որ դա չի բխում Հայաստանի շահերից:

-Համաձայն եմ, բայց ոչ միայն Հայաստանի շահերից, ուզում եմ շեշտել, որ դա բխում է նաեւ այն երկրների շահերից, որոնք խնդրել կամ առաջարկել են, որ Հայաստանը իր մասնակցությունը ունենա թե Կոսովոյում եւ թե Իրաքում: Հայաստանը նման բազմազգ գործողությունների մասնակցում է, որովհետեւ լինում են առաջարկներ, ստորագրվում են պայմանագրեր, եւ եթե առաջիկայում եւս նման առաջարկ լինի, չեմ կարծում, որ Հայաստանը կհրաժարվի: Խոսքս ուզում եմ եզրափակել հետեւյալով` միակողմանի օգնություններ չեն լինում, ամեն ինչ փոխադարձ է, եւ վստահ եմ, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը չի տուժելու, եւ ԱՄՆ-ը, վստահ եմ, փորձ չի անելու դադարեցնել ռազմական այն օգնությունը, որը տրամադրում է Հայաստանին:

ԱՌԱՎՈՏ օրաթերթ
Մմարգարիտ ԵՍԱՅԱՆ

Տպել Տպել