- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ամերիկահայերը Միացան Սիրիայում Խաղաղութեան Հաստատման Համերկրային Նախաձեռնութեանը

0912vigil2 [1]Լոս Անջելեսի հայ համայնքի հարիւրաւոր ներկայացուցիչներ Սեպտեմբերի 9ին միացան երկրի բազմահազար այն քաղաքացիներին, ովքեր դէմ են արտայայտւում Սիրիայի դէմ Ամերիկայի հնարաւոր յարձակմանը: Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի գրասենեակը հայաշատ քաղաքում կազմակերպել եւ համակարգում էր մոմավառութեան ձեռնարկը՝ մաս դառնալով նոյն երեկոյեան երկրի 250 այլ քաղաքներում անցկացուող միաժամանակեայ նախաձեռնութեանը, որ համատեղ կազմակերպել էին ութ միլիոն անդամ ունեցող «MoveOn.org», Լոս Անջելեսի Մարթին Լիւթեր Քինգի Կոալիցիա եւ մի շարք այլ քաղաքացիական կազմակերպութիւններ:0912vigil1-300x224 [2]

«Խաղաղութիւն չի կարող ծնուել բռնութիւնից, նախայարձակումից, հրետակոծութիւններիից ու պատերազմից», նման ուղերձով ներկայացան ձեռնարկի ընթացքում հանդէս եկած բանախօսները: Նրանք կոչ ուղղեցին հայ համայնքին՝ նամակներ յղել Կոնգրեսում իրենց ներկայացուցիչներին եւ յորդորել դէմ արտայայտուելու Սիրիայի վրայ յարձակման նախագահ Օբամայի նախագծին:

«Միացեալ Նահագների ռազմական հարուածները յանգեցնելու են առաւել արիւնահեղութեան եւ ունենալու են անկանխատեսելի հետեւանքներ: Դրանք ապակայունացնելու են իրավիճակը՝ վատթարացնելով հակամարտութիւնը եւ մեզ տանելով դէպի ճահիճ: Այսօր, մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարումներ ապրած եւ Ցեղասպանութիւն ապրած հայերի ժառանգները, որ ապաստան էին գտել Սիրիայում, գտնւում են հակամարտութեան թէժ գծում: Եթէ ԱՄՆի ռազմական միջամտութեամբ հնարաւոր լիներ կասեցնել բռնութիւնը եւ խաղաղութիւն հաստատել, մենք կը դիտարկէինք նման որոշումը, սակայն այսօր արդէն պարզ է, որ դա չէ ԱՄՆի ներխուժման առաքելութիւնը», նշեց Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղի ատենապետ Պերճ Կարապետեանը: Նա ընթերցեց Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկեանի ԱՄՆի Կոնգրեսին ուղղուած նամակը, որտեղ կոչ է արւում գտնել հարցի դիւանագիտական լուծում եւ հակամարտող կողմերին յորդորել դադարեցնելու խաղաղ քաղաքացիների նկատմամբ իւրաքանչիւր յարձակում»: Ձեռնարկի բանախօսներից՝ Հայ Դատի յանձնախմբի ազգային խորհրդի նախագահ Սեդօ Պոյաճեանն էլ նշեց, որ վտանգուած է Սիրիայի հայ համայնքը, եւ այս իմաստով է նաեւ, որ աշխարհասփիւռ հայերը լուրջ մտահոգութիւններ ունեն:

«Այսօր Լոս Անջելեսի համայնքը նոյնքան մտահոգ է, որքան ողջ աշխարհի հայերն ու Հայաստանը, քանզի սիրիահայերը մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի մի մասն են: Սա նշանակում է, որ եթէ մեր գաղութներից որեւէ մէկը վնասուի, վնասը նաեւ հայրենիքինն է եւ մնացեալ համայնքներինը: Մենք համոզուած ենք, որ զինեալ միջամտութիւնը, բիրտ ուժի գործադրումը առիթ կը տան նոր եւ յաւելեալ զինեալ միջամտութիւնների, նոր զոհերի: Ըստ այդմ, ԱՄՆի կառավարութիւնը փոխանակ հրետակոծելու, պէտք է խաղաղ միջոցներ կիրառի՝ տրամադրելով մարդասիրական օգնութիւն», իր խօսքում նշեց բանախօսը: Պոյաճեանը նաեւ նշեց, որ Սիրիայի վրայ յարձակումը միջազգային օրէնքի խախտում է, քանզի ՄԱԿը սահմանում է, որ նման յարձակումների որոշումը պէտք է կայացուի Անվտանգութեան խորհրդում: «Մենք չենք ցանկանում, որ մեր երկիրը դառնայ օրինախախտ եւ նախայարձակ լինի, հակառակը՝ ցանկանում ենք, որ խաղաղութիւն հաստատի, յարգի մարդու իրաւունքները, եւ հոգայ ազգային փոքրամասնութիւնների եւ նրանց շարքում՝ Սիրիայում բնակուող շուրջ 100 հազար հայերի անվտանգութիւնը», յայտարարեց Սեդօ Պոյաճեանը: Սիրիայի դէմ ԱՄՆի յարձակմանը Հայ-ամերիկեան դեմոկրատների միութեան անունից դէմ արտայայտուեց նախագահ Կարօ Աւանէսեանը՝ նշելով, որ ամերիկահայ դեմոկրատները նամակով դիմել են կոնգրեսական Ադամ Շիֆին՝ յորդորելով դէմ հանդէս գալ ԱՄՆի Սիրիա ներխուժմանը: Սիրիա ներխուժման դէմ ելոյթ ունեցաւ նաեւ Գլենդելի դպրոցական միացեալ վարչութեան Կրթական խորհրդի փոխնախագահ Նայիրի Նահապետեանը:

Գլենդելի Երիտասարդական կենտրոնում հաւաքուած աւելի քան երկու հարիւր մարդ մասնակցեց մոմավառութեանը՝ միաժամանակ Սիրիայի վրայ յարձակման դէմ արտայայտուելու կոչով դիմելով կոնգրեսականներին: «Հայ Դատի յանձնախումբը համոզուած է, որ միայն դիւանագիտական ճանապարհով է հնարաւոր հասնել խաղաղութեան Սիրիայում: Այսօր, միանալով ամերիկեան բազմաթիւ քաղաքացիական նախաձեռնութիւններին՝ հայ համայնքը մոմավառութեամբ յարգում է Սիրիայում զոհուածների յիշատակը, որոնց թւում են նաեւ մեր հայրենակիցների, նաեւ քայլ է անում յետագայում կանխելու մարդկային կորուստները», նշեց Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի գրասենեակի ատենապետ Դալար Մալաքեանը: Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցու դիմաց կատարուած մոմավառութիւնն ու ձեռնարկը կենդանի եթերում լուսաբանում էին Քալիֆորնիայի առաջատար լրատուամիջոցները:

Հայ Դատի յանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին ակտիւօրէն մասնակցել Սիրիայի դէմ ռազմական գործողութիւնները կանխելու նախաձեռնութեանը՝ նամակ ուղղելով ԱՄՆի Կոնգրեսի անդամներ՝ Դայեան Ֆայնշթայնին ու Բարբարա Բոքսերին, Ներկայացուցիչների տան անդամներ՝ Ադամ Շիֆին, Հովարդ Մկքէօնին, Ջուդի Չուին, Քերեն Բասին եւ Խաւիէր Բեքերային Հայ Դատի յանձնախմբի կայքէջի միջոցով՝ http://www.anca.org/action_alerts/actionalerts.php.:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
asbarez.com

11/06/2013