Այլ երկրներում ներդրումներ անելու փոխարեն Արցա՛խ գնացեք

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին (ամբողջությամբ)

artur-Մաքսային միությանն անդամակցելու շուրջ Հայաստանում ընթացող քննարկումներում արտահայտվող հիմնական մտահոգությունն է՝ որտե՞ղ է Արցախի Հանրապետության տեղը, հնարավո՞ր է, որ մաքսային սահմանը շրջանցի ԼՂՀ-ն, ու վերջինս Հայաստանի հետ համընթաց չներգրավվի հիշյալ կառույցում: Արցախում կա՞ նման անհանգստություն:

-Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ դիմել այնպիսի քայլի, որը կարող է նման վտանգ պարունակել: Այսօր Արցախի տնտեսությունն ամբողջությամբ ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը, Արցախի արտադրողի համար թիվ մեկ շուկան Հայաստանն է: Իսկ սա նշանակում է, որ հետդարձ քայլ չի կարող լինել:

Արցախում նման մտահոգություններ ամենեւին չկան, մենք այն կարծիքին ենք, որ ԼՂՀ-Հայաստան շարունակվող ինտեգրացիոն գործընթացների վերջնարդյունքը մեկ օր պետք է լինի միասնական Հայաստան ունենալը:

Ինչ վերաբերում է Արցախի ներկայիս կարգավիճակի վրա Մաքսային միության հնարավոր ներազդեցությանը, դեռ վաղ է այդ մասին եզրահանգումներ անելը, քանի դեռ քննարկման առարկա չեն դարձել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման հիմնարար սկզբունքները:

Բայց մի բան փաստ է, որ այդ գործընթացը պետք է խարսխված լինի այն իրողության վրա, որ Արցախի տնտեսությունը Հայաստանի տնտեսության մի մասն է:

-Ոչ պակաս մտահոգիչ է ՄՄ անդամ Ղազախստանի դիրքորոշումը, մանավանդ երբ ղազախ քաղաքագետների մակարդակով Բաքուն մեսիջներ էր ուղարկել, թե պաշտոնական Աստանան չի ընդունի Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին Ղարաբաղի հետ միասին, քանի որ Արցախի հարցում համամիտ է Բաքվի դիրքորոշմանը:

-Այո, դրանք Ադրբեջանի դրդմամբ հնչած մեսիջներ են: Այն, որ Արցախի հարցում Աստանայի դիրքորոշումը ներդաշնակ է Բաքվի դիրքորոշմանը, պարզորոշ երեւաց նաեւ Իսլամական համագումարում. Ղազախստանը միշտ կողմ է քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Բայց եթե այդ երկրի կողմից Հայաստանի առաջ նման պայման դրվի՝ անդամակցություն առանց ԼՂՀ-ի մասնակցության, ապա Հայաստանը չի՛ կարող մաս կազմել նման միության: Սա գիտակցում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի իշխանությունները, ե՛ւ մեր ժողովուրդը՝ Արցախում ու Հայաստանում:

-Վերջերս Ղարաբաղ-Ադրբեջան համագործակցության մասին անսպասելի կոչով հանդես եկաք, ասելով՝ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամ են Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ: Խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործման մասին է:

-Զինադադարի կնքումից հետո Արցախը դիվանագիտական տարբեր խողովակներով կոչ է արել Ադրբեջանին, որ պատրաստ է սահմանային համագործակցության:

Ի տարբերություն Բաքվում հնչած պոպուլիստական հայտարարության, թե Ադրբեջանը պատրաստ է գազ վաճառել Հայաստանին, ինչին չեն կարող հավատալ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ հայերս, Արցախն այդ պոպուլիզմին հակադրեց կոնկրետ առաջարկ՝ հիմքում ունենալով հետեւյալ սկզբունքը. ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է միմիայն հանդուրժողականության ու համագործակցության ճանապարհով: Իսկ դա կարող է դրսեւորվել տարբեր հարթություններում՝ զինադադարի ռեժիմի պահպանումից մինչեւ համաճարակների տարածման դեմ պայքարը:

Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսներին, ապա Արցախն այստեղ իր կոնկրետ շահն է հետապնդում: Արցախի գյուղատնտեսությունն օր օրի զարգանում է, ստեղծված են գյուղատնտեսական մեքենատրակտորային կայաններ, եվրոպական երկրներում արտադրվող լավագույն գյուղտեխնիկան է աշխատում Արցախում, անհրաժեշտություն է առաջացել էլ ավելի ընդլայնել ոռոգովի հողերի քանակը, իսկ դա հնարավոր է Թարթառ գետի ջրային ռեսուրսների հաշվին:

Կա երկու ճանապարհ. Արցախ-Ադրբեջան երկխոսության դեպքում երկու կողմերն էլ կշահեն, համատեղ կկառավարվի Սարսանգի ջրամբարի ջուրը, արդյունքում ե՛ւ Արցախի գյուղատնտեսության համար հատկացված տարածքները կդառնան ջրովի, ե՛ւ ջրից կօգտվի ադրբեջանցի հողօգտագործողը, իսկ այդ երկիրն ունի ջրային ռեսուրսների լուրջ պակաս:

Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, ԼՂՀ կառավարությունը ստիպված կլինի խոշոր ներդրումներ անել, կառուցել հզոր պոմպակայաններ, ու ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղել: Մենք առնվազն 10 000-ից ավելի հեկտար հողատարածք կարող ենք դարձնել ոռոգովի: Դա նշանակում է մի քանի անգամ կրկնապատկել գյուղմթերքի բերքատվությունը: Ուրեմն ինչո՞ւ չգնալ նման համագործակցության:

-Եթե Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե Հայաստանն ու Արցախը շրջափակման մեջ պահելով իրականություն է դարձնում Հայաստանը թուլացնելու իր երազանքը, կարծում եք կարձագանքի՞ մի ծրագրի, որը նպաստելու է Արցախի զարգացմանը:

-Ադրբեջանի կողմից արդեն իսկ մերժողական հայտարարություններ են հնչել, բայց մենք ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը, տեղեկացրել ենք Կարմիր խաչին, համանախագահներին եւ այն միջազգային կառույցներին, որոնք շահագրգիռ են ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմամբ:

Արցախի առաջարկը կառուցողական է, դրա համար էլ այն արդեն իսկ հետաքրքրել է միջազգային կառույցներին, որոնք կփորձեն այս հարցում հանդես գալ որպես միջնորդ:

-Արցախի գյուղատնտեսական հնարավորություններն անհրաժեշտ չափո՞վ են օգտագործվում:

-Ոչ, եւ հիմնական գործոնը Արցախի փոքրաթիվ բնակչությունն է, 140 000 բնակիչ ունեցող երկիրը չի կարող այնքան գյուղատնտես ունենալ, որոնք կզբաղվեն ինտենսիվ գյուղատնտեսությամբ, կհիմնեն գյուղական տնտեսություններ ու կստանան անհրաժեշտ արդյունք: Այդ նպատակով մենք այսօր լայնածավալ քարոզչություն ենք իրականացնում՝ հույսով, որ Հայաստանից եւ արտասահմանից կգան իրական ներդրողներ, կմշակեն դեռ անմշակ մնացած հազարավոր հեկտար հողերը:

Հաճախ եմ լսել կեղծ տեղեկատվություն այն մասին, թե Արցախում հողերը զավթել են գեներալները: Նման խոսքեր տարածողներն արդարացնում են իրենց չմասնակցությունը Արցախի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող խնդրի լուծմանը:

-Ի՞նչ ընթացքի մեջ է Արաքսի հովտի հողերի յուրացման ծրագիրը, հայտնի է, որ դրանց ընդամենը 5-10 տոկոսն է օգտագործվում:

-Հայրենիքին կոնկրետ գործեր են պետք, եւ Արցախի կառավարությունը կոնկրետ գործից է սկսել. դա Արաքսի հովտի հողերի օգտագործման ծրագիրն է: Մենք լուրջ ներդրումներ ենք կատարում, որպեսզի Արաքսի հովտում համատարած զարգանա ե՛ւ հացահատիկային մշակաբույսերի մշակումը, ե՛ւ այգեգործությունը:

Հայաստանից հրավիրված «Բերրիություն» կազմակերպությունը վերականգնել է էրոզիայից տուժած հարյուրավոր հեկտար հողեր: Պատրաստ ենք դրանք երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով տրամադրել Հայաստանից, Արցախից, Սփյուռքից ցանկություն հայտնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց: Արաքսի հովտում հրաշալի բնակլիմայական պայմաններ են, ցորենի, եգիպտացորենի, բանջարաբոստանային մշակաբույսերի բերքատվությունն աննախադեպ բարձր կլինի:

Չնայած արդեն իսկ կան դիմողներ, բայց նրանց թիվը դեռ բավարար չէ, որովհետեւ հազարավոր հեկտարներ են իրենց մշակողին սպասում: Կան մարդիկ, որ ներդրումային հարմար միջավայր են փնտրում ու չեն գտնում: Այդպիսիներին խորհուրդ կտամ ոչ թե բենզալցակայաններ սարքել, այլ գալ Արցախ ու Արաքսի հովտում ներդրումներ անել։ Համոզված եղեք, մեկ տարում ձեր կատարած ներդրումներն ամբողջությամբ կվերադարձնեք՝ կրկնապատկված:

-ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը դեռ 5 տարի առաջ հայտարարեց, թե Արցախը կարող է ապահովել ոչ միայն սեփական, այլեւ Հայաստանի հացի պահանջարկը: Արդյոք այդպե՞ս է:

-Ես նման գնահատական չեմ կարող տալ, թե Արցախը հացով կկերակրի Հայաստանը, բայց մի բան փաստ է, որ տարեցտարի ավելանում է Արցախից Հայաստան արտահանվող հացահատիկային մշակովի բույսերի բերքի քանակը: Այս տարի ակնկալում ենք մոտ 20 000 տոննա ցորենի, գարու եւ եգիպտացորենի արտահանում: Ես մեծ հպարտություն եմ ապրում՝ տեսնելով բարձված բեռնատարները, որոնք գնում են դեպի Հայաստան: Բացի հացամթերքից այսօր Հայաստան է տեղափոխվում նաեւ վառելափայտ:

-Հայտնի է, որ Արցախը ունեցել է նռնենիների փարթամ ու բերրի այգիներ, ինչն այսօր չկա: ժամանակը չէ՞ մտածել նաեւ նռան այգիներ հիմնելու մասին:

-Արցախը հիմա էլ ունի նռան այգիներ. Տիգրանակերտում, Ասկերանի տարածքում, Արաքսի հովտում, Մարտունու շրջանի ցածրադիր գոտիներում միշտ էլ նուռ է մշակվել։ Այն եղել է եկամտաբեր աշխատանք, քանի որ նռան մշակումը դժվար գործ չէ: Այսօր արցախցիներից շատերն են իրենց սեփականաշնորհած հողերը վերածել նռան այգիների:

Բայց այստեղ դարձյալ մեզ խանգարում է մեր փոքր ռեսուրսը, արտադրված նռան քանակն այնքան քիչ է, որ երեք օրում սպառվում է: Ունենք երկու տնտեսավարող սուբյեկտներ, որոնք արտադրում են նռան օշարակ եւ անսահմանափակ շուկա ունեն: Սրանից գործարարները պետք է անհրաժեշտ հետեւության հանգեն: Հույս դնել 140 000 արցախցու վրա, որոնք ե՛ւ նռան այգիներ կհիմնեն, ե՛ւ հացահատիկ կարտադրեն, ե՛ւ խաղող կմշակեն, չի՛ կարելի, մեր մարդկային ռեսուրսը սահմանափակ է, ուրեմն մեզ պետք է օգնության հասնեն այն մարդիկ, որոնք ունեն աշխատելու ցանկություն:

-Ե՛վ տնտեսության զարգացման, ե՛ւ սահմանների անձեռնմխելիության համար ամենակարեւորը Արցախի վերաբնակեցումն է. 2001-ին մշակվեց վերաբնակեցման ռազմավարության 10-ամյա ծրագիր, բայց իրողությունը փաստում է, որ այն չիրականացավ: Ինքներդ էլ մտահոգություն էիք հայտնել. «Մեկ, երկու միլիոն բնակիչ կերակրելու հնարավորություն, բերրի հողեր, աղբյուրներ ունեցող տարածքում ապրում է ընդամենը 140 հազար մարդ: Անթույլատրելի է»:

-Արցախում վերաբնակեցումը սկսվեց զինադադարի հաստատումից անմիջապես հետո եւ առ այսօր շարունակվում է: Գուցե ժամանակին այս կարեւորագույն հարցում սխալներ են թույլ տրվել, բայց այսօր մեր գլխին կախված մարտահրավերները պարտադրում են մեզ առավել ակտիվ լինել այս հարցում:

Այո, վերաբնակեցման տեմպերը շատ դանդաղ են: Արցախի բյուջեն չունի հնարավորություն վերաբնակեցումը լիարժեք կատարելու: Դրա համար որոշեցինք նախաձեռնել Ազգային վիճակախաղ, որից ստացված շահույթը ուղղվելու է վերաբնակեցման ծրագրերին: Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա խաղարկությունը: Եթե ամեն մի հայ վիճակախաղի մեկ տոմս գնի, որի գինն ընդամենը 5 դոլար է, ու եթե մենք կարողանանք 7-8 միլիոն վիճակախաղի տոմս թողարկել, հավատացեք, շատ հարցեր կլուծվեն:

-Ոմանք էլ դժգոհ են վարկային քաղաքականությունից՝ ասելով, թե տոկոսները բարձր են:

-Նման բան չկա, կեղծ տեղեկատվություն է: Արդեն 8 տարի է, որ գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար Արցախում տրամադրվում են ցածր՝ 8 տոկոսով վարկեր:

-Ասացիք՝ մեր հայրենակիցները չեն նախընտրում ներդրումներ անել Արցախում, բայց անվերջ խոսվում է դեպի Արցախ սիրիահայերի մեծ հոսքի մասին, նույնիսկ Ադրբեջանը սկսեց աղմկել:

-Ադրբեջանը միշտ էլ աղմկում է՝ Արցախի հետ կապված ցանկացած հարցում: Արցախի իշխանությունները պատրաստակամ են ընդունելու սիրիահայերին, մենք արդեն իսկ ընդունել ենք գյուղատնտեսությամբ զբաղվող սիրիահայերի, որոնք այսօր հաճույքով հող են մշակում, կառուցում իրենց տնտեսությունը, չսպասելով պետական բյուջեից օգնության՝ նրանք կառուցում են իրենց ապագան Արցախում: Բայց, ցավոք, այդպիսիների թիվը շատ փոքր է:

Չնայած դրան, ԼՂՀ կառավարությունը հույսը չի կտրել, համոզված ենք, որ մեր հայրենակիցներն իրենց ապագան կփնտրեն ոչ թե եվրոպաներում կամ Երեւանում, այլ հենց Արցախում: Գիտեք, մի քիչ էլ վիրավորված ենք, որ Արցախն անտեսվում է հե՛նց մեր հայրենակիցների կողմից, ոչ միայն Սփյուռքի, նաեւ հայաստանցիների, ինչո՞ւ եք այլ երկրներ փնտրում ներդրումների համար, երբ հայրենիքը ձեր կարիքն ունի:

-Գյուղատնտեսությունից բացի, ո՞ր ոլորտներում Արցախը կարող է գրավիչ լինել ներդրողի համար:

-Թեթեւ արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներում: Կան հայաստանցի գործարարներ, որոնք ներդրումներ են իրականացրել Արցախի հանքարդյունաբերության ոլորտում: Ունենք ոսկու, պղնձի հանքեր: Արցախը բաց է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի մեր գործարարների առաջ: Այսօր Արցախով հետաքրքրված են ե՛ւ օտար ներդրողները, բայց մինչեւ մեր հայրենակիցներն անհրաժեշտ չափով ներդրումներ չանեն, օտարի համար չբացահայտեն Արցախն ու այն գրավիչ չդարձնեն, օտարը դա չի անի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

armworld.am

Տպել Տպել