Նշանավոր փորձագետի վերջին խոսքերը` Թուրքիայի Ցեղասպանության պատասխանատվության մասին

հԱՐՈՒԹՀայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգընթաց աճում է հասարակական հետաքրքրությունը Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հարցում:

Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը կրող հոդվածում համառոտ շարադրել է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հիմքերը:

Դոկտ. Բարսեղովը պնդում էր, որ 1920 թ. «Օսմանյան կայսրությունը ճանաչեց այդ հանցագործության համար իր պատասխանատվությունը», ստորագրելով Սևրի պայմանագիրը, որը, ցավոք, չվավերացվեց Դաշնակից տերությունների կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու դժկամության պատճառով: Այդ ժամանակից ի վեր, չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պրոֆ. Բարսեղովը կարծում էր, որ նման ճանաչումները «չեն լուծի [Թուրքիայի] պատասխանատվության խնդիրը»:

Պրոֆ. Բարսեղովը պնդում էր, որ «քանի դեռ Թուրքիան համառորեն շարունակում է հրաժարվել ընդունելու, որ հանցագործություն է կատարել, Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության հարցն անհրաժեշտ է լուծել իրավասու միջազգային մարմինների միջոցով՝ նման որոշումները պարտադիր դարձնելով երկու կողմերի [Հայաստան և Թուրքիա] համար»:

Դոկտ. Բարսեղովը չէր հավատում, որ Միավորված ազգերի կազմակերպությունը լավագույն միջոցն է Հայոց ցեղասպանության հարցի լուծման համար, քանի որ այն շատ քաղաքականացված մարմին է: «Գլխավոր ասամբլեայի որոշումները չեն համարվում պարտադիր», իսկ մեծ պետությունները, ինչպիսին են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, Անվտանգության խորհրդում հավանաբար կօգտագործեն վետոյի իրենց իրավունքը՝ Թուրքիայի դեմ որևէ գործողություն արգելափակելու համար:

Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության հիման վրա դատական գործ նախաձեռնելու խնդիրն այն է, որ Հայաստանը և Թուրքիան պետք է նախօրոք համաձայնվեն ենթարկվել դատարանի որոշումներին: Այս երկրներից ոչ մեկը դեռևս չի «ընդունել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավազորությունը»: Քանի որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի նման իրավազորության ենթարկվել, դոկտ. Բարսեղովն առաջարկել էր, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան պետություն, օգտվի «եզակի հնարավորությունից»` միակողմանիորեն Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության վերաբերյալ գործ հարուցել` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայի IX հոդվածի հիման վրա»:

Դոկտ. Բարսեղովն ափսոսանք էր հայտնել, որ որևէ պատասխան չի ստացվել Հայաստանի կառավարության կողմից, երբ մի քանի տարի առաջ այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության Միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը, որը նա ղեկավարում էր, ուսումնասիրություն էր ներկայացրել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին:

Դոկտ. Բարսեղովը բացատրել էր, որ «այս դատական ընթացակարգով [հոդված IX] գործ սկսելու համար, Հայաստանի կառավարությունը պետք է ձևակերպի իր դիրքորոշումը Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման կամ իրականացման հարցերի վերաբերյալ, դրա հիման վրա թուրքական պետության կողմից կատարված հանցագործության պատասխանատվության հարցի առնչությամբ»:

Պրոֆ. Բարսեղովը նախազգուշացրել էր հայ պաշտոնյաներին, որ «միջազգային իրավունքում գործում է այն դրույթը, որը հաստատվել է միջազգային դատարանի կողմից այլ դեպքերով, ըստ որի, եթե մի պետություն հայց ներկայացնելու հնարավորություն ունի, սակայն չի անում այդ, նշանակում է, որ այն համաձայն է գոյություն ունեցող իրավիճակի հետ»:

Դոկտ Բարսեղովը փորձում էր փարատել հայկական այն հնարավոր մտավախությունը, որ Միջազգային դատարանը կարող է առարկել նման գործ ներկայացնելու համար՝ կապված Ցեղասպանության կոնվենցիայի հետադարձ գործողության հարցերի հետ: Նա խորը համոզմունք էր հայտնել, որ Կոնվենցիան վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, չնայած որ այն նախորդել է Կոնվենցիային: Միջազգային դատարանը 1951թ. իր Խորհդատվական եզրակացության մեջ նշել էր. – «Ցեղասպանության մասին կոնվենցիայում ամրագրված սկզբունքները, ի տարբերություն դրանում սահմանված պայմանագրային պարտավորությունների, այդ սարսափելի հանցագործությունների կատարման ժամանակ արդեն իսկ սովորութային միջազգային իրավունքի մաս էին կազմում»:

Պրոֆ. Բարսեղովը նշել է, որ Կոնվենցիայի հետադարձ ուժը հիմնավորող փաստարկներն առաջ են քաշվել Միջազգային դատարանի կողմից, որը «երկու անգամ իրավասու, սպառիչ բացատրություններ է տվել Կոնվենցիայի կիրառելիության սկզբունքային, հիմնական հարցերի, այդ թվում՝ դրա հետադարձ ուժի վերաբերյալ»: Պրոֆ. Բարսեղովն այս կանոնների հիման վրա եզրակացրել է. «Կոնվենցիան տարածվում է նաև նախկինում կատարված հանցագործությունների վրա, որոնց հետևանքները, վերացված չեն»:

Ինչպես հայտարարվեց վերջերս Երևանում կայացած մի համաժողովի ժամանակ, Հայաստանի կառավարությունը ձևավորել է աշխատանքային խումբ պատրաստելու համար փաթեթ, որով հայց կներկայացվի Թուրքիայի դեմ միջազգային դատարաններում: Պրոֆ. Բարսեղովի և այլ մասնագետների խորհուրդը պետք է երաշխավորի, որ դատական գործը պատշաճ կերպով է նախապատրաստված և ներկայացված, որպեսզի ձեռք բերվի վաղուց սպասված արդարություն Հայոց ցեղասպանության զոհերի համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.azatutyun.am

Տպել Տպել