Հայտարարություն

5AE676FD-43CD-4704-B34F-3C45C7BCE24D_w640_r1_sՕրերս Վրաստանի ակադեմիական շրջանակները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման դեպքում տուգանքների կիրառմանը: Նախաձեռնությանն արձագանքել է խորհրդարանի կրթության կոմիտեն, ինչից կարելի է եզրակացնել, որ վերջինս շուտով կընդունվի խորհրդարանի կողմից և կստանա օրենքի ուժ, որը կտարածվի ինչպես պետական հաստատություններում աշխատող անձանց, այնպես էլ՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և այլ շրջանակների վրա:

Հիշեցնենք, որ այս գործընթացն իր դրսևորումներն էր ունեցել նաև 2012 թ. իշխանափոխության օրերին, երբ Բ. Իվանիշվիլու թիմակիցների կողմից հայտարարվեց այսպես կոչված “Լեզվի ոստիկանության” ստեղծման մասին:

Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի ամբողջական տարածաշրջաններ բնակեցված են ոչ վրացական ազգություններով, իսկ վրացական իշխանությունները մինչ օրս չեն ստորագրել կամ վավերացրել բնիկ ժողովուրդներին և ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերը, դրանց միանալու դեպքում էլ՝ երկրում չեն մշակվել և կիրառության մեջ դրվել համապատասխան օրենքները, վերոնշյալ ողջ գործընթացն իր անմիջական ազդեցությունն է գործելու Վրաստանի կազմում գտնվող մի շարք տարածաշրջանների, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայահոծ շրջանների հայության վրա:

Միջազգային պարտավորություների չկատարման, օրենսդրական այսպիսի բացի պայմաններում վրացական իշխանությունների այսպիսի քայլերը նշյալ հայահոծ տարածաշրջաններում տեղի են տալու նոր հուզումների, կրկին մեծանալու է վրացական իշխանությունների հանդեպ անվստահությունը, խորանալու է ջավախահայության մեկուսացումը պետական ինստիտուտներից:

Նշյալ և այլ բացասական գործընթացներից խուսափելու համար Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը պահանջում է վրացական իշխանություններից, որ վերջիններս զերծ մնան իրենց ծրագրերի հանդեպ երկակի ստանդարտների կիրարկումից և նման գործընթացներ սկսելու շրջանակներում շուտափույթ կերպով ձեռնամուխ լինեն խնդրո առարկա տարածաշրջանում հայերենին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելուն: Դրանով նաև Վրաստանի նոր իշխանությունները կապացուցեն, որ պահպանում են իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իրենց որդեգրած քաղաքական ուղեգիծն ու դրանով իսկ տարբերվում են նախորդ իշխանություններից:

Ի վերջո՝ ժամանակն է ընդունելու, որ բազմահազար ջավախահայեր բնիկ լինելու հետ մեկտեղ նաև հարկատու են, ինչպես երկրի բնիկ և հարկատու վրացիները, և ջավախահայերը ևս իրավունք ունեն սեփական լեզուն կիրառելու վարչական օղակներում կամ պետական միջոցներով պաշտպանելու այն, ինչպես փորձ է արվում ներկայումս՝ պաշտպանելու վրացերենը: Սա է իրական ժողովրդավարությունը:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ

ք. Ախալքալաք
02 հոկտեմբերի, 2013 թ.

Akhaltskha.Net

Տպել Տպել