[1]Ժամանակն է, որ Սպիտակ տունը լրջորեն վերաբերվի ԱՄՆ -Հայաստան առևտրային համագործակցությանը և գործառության մեջ դնի նախագահ Օբամայի խոստումը` ընդլայնված առևտրի միջոցով Հայաստանի աճին և զարգացմանը նպաստելու մասին:
Հոկտեմբերին Վաշինգթոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան տնտեսական բանակցություններին ընդառաջ` «Արմենպրես»-ին հաղորդեց Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Հայ-ամերիկյան առեւտրատնտեսական համագործակցությունը կանոնակարգող Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի (USATF) այս տարվա նիստում ակնկալվում է հիմնականում երկկողմանի հարաբերությունները նոր հարթակի վրա բարձրացնել` քննարկման դնելով մի շարք կոնկրետ ուղղություններ` առևտրի ընդլայնում, նոր ներդրումներ և լավ աշխատատեղեր:
«Վերջին երկու տասնամյակներում ԱՄՆ կառավարությունը չանսաց ամերիկահայ համայնքի կոչին` կառավարել Թուրքիայի կողմից շրջափակման վերացման գործընթացը և ընդլայնել ԱՄՆ – Հայաստան տնտեսական հարաբերությունները: Սա, ցավոք, հանգեցրեց ներկայիս իրավիճակին, երբ Հայաստանը բավարար ռազմավարական ընտրանքներ չունի իր տարածաշրջանային հարաբերոթյունները կարգավորելու համար»,- նշեց Համփարյանը:
ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերի ընդլայնումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, կամրապնդի հայ և ամերիկացի ժողովուրդների երկարամյա բարեկամությանը, կօգնի վնասազերծել թուրք-ադրբեջանական շրջափակման ազդեցությունը, և որ ամենակարևորն է, Հայաստանի համար կստեղծվեն ռազմավարական հնարավորություններ տարածաշրջանում իր տնտեսական և անվտանգության քաղաքականությունը կազմակերպելու հարցում:
Այդ պատճառով Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը երկար տարիներ ջանացել է, որպեսզի ԱՄՆ-ի առաջնահերթություների մեջ ընդգրկվի նաև Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնման հարցը: ANCA-ն մեծապես բանակցել է նախագահ Օբամայի վարչակազմի և Կոնգրեսի հետ` Հայաստանի հետ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի, Կրկնակի հարկային պայմանագրի և մի շարք այլ համաձայնագրերի կնքման ուղղությամբ:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ձևավորվել է 2000 թվականին և երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու, առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումներն առաջ մղելու, ինչպես նաև Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացման համար ԱՄՆ օժանդակության ոլորտները վեր հանելու հարթակ է:
armenpress.am