Արցախի մրցակցային առավելությունը շարունակելու է գիտելիքի եւ էկոլոգիական միջավայրի վրա հիմնված տնտեսությունը

արթուրԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ելույթը «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ

Արցախի երիտասարդ հանրապետությունը ժառանգել է ամբողջությամբ ավերված տնտեսություն` որպես հետեւանք Խորհրդային միության փլուզման եւ պարտադրված ավերիչ պատերազմի: Մեր տնտեսության վիճակն այդ ժամանակ կարելի է գնահատել հետեւյալ կերպ`

Կայուն իրացման շուկաներից զրկված, մեծամասամբ ավերված արդյունաբերություն,
Սնանկացած գյուղատնտեսական տնտեսություններ` սովխոզներ եւ կոլեկտիվ տնտեսություններ,
Տարիներով չմշակված այգիներ, էրոզիայի ենթարկված հազարավոր հեկտար հողատարածքներ եւ պարապուրդի մատնված գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններ:

Տնտեսության վերականգնման գործընթացն Արցախում սկսվեց եւ իրականացվեց տնտեսության վերափոխման գործընթացներին զուգահեռ` Հայաստանի Հանրապետության հետ համատեղ նոր տնտեսական հարաբերությունների ձեւավորմամբ եւ զարգացմամբ:

Անցած 20 տարիների ընթացքում իշխանությունները հետեւողականորեն իրականացրել են տնտեսության զարգացմանն ուղղված բազում ծրագրեր: Ինչպես նաեւ մեծածավալ ռեսուրսներ են ներդրել ենթակառուցվածքների ձեւավորման ու զարգացման համար:

Զարգացման հիմնական ուղղությունները

ԼՂՀ կառավարության 2012-17 թվականները ծրագրով գերակա են հռչակվել

– արդյունաբերությունը` մասնավորապես հանքարդյունաբերությունը, թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը
– գյուղատնտեսությունը
– էներգետիկան
– տուրիզմը
– զարգացման մեծ հնարավորություններ ունի նաեւ շինարարությունը

Թվարկածս այն ճյուղերն են, որոնք իրական դերակատարություն ունեն ՀՆԱ-ի ձեւավորման գործում:

Էներգետիկա

Էներգետիկ համակարգը հանդիսանալով տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածք ԼՂՀ-ում, դիտվում է նաեւ որպես գերակա ճյուղ, որում էլեկտրաէներգիայի արտադրությունը հանդիսանում է հիմնական ուղղություն: Մինչեւ 2008թ ԼՂՀ-ում գործում էր միակ` Խորհրդային ժամանակներում կառուցված Սարսանգի ՀԷԿ-ը, 50 ՄՎտ հզորությամբ եւ 100 մլն ԿՎտ տարեկան արտադրողականությամբ:

2008թ սկասած ԼՂՀ կառավարությունը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման համատեքստում ձեռնամուխ եղավ հիդրոէներգետիկայի բնագավառի 2 հիմնական ` <<Արցախ ՀԷԿ>> եւ <<Սյունիքի կասկադ>> նախագծերի կյանքի կոչմանը: Այդ ընթացքում կառուցվեցին 8 փոքր ՀԷԿ եւ այսօր ԼՂՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի միջին տարեկան ծավալը կազմում է 220 մլն ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիա եւ ակնկալվում է սպառման տարեկան 7տոկոս աճ:

ԼՂՀ տարածքում հիդրոէներգետիկայի հնարավորությունները միջինում գնահատվում է 500 մլն ԿՎտ/Ժ:

Գտնվելով ՀՀ էլեկտրական ցանցերի հետ միեւնույն համակարգում էլեկտրաէներգետիկայի արտադրության ծավալների աճը ունի երաշխավորված սպառում: Այդ առումով բնագավառը շարունակում է հետաքրքրել ներդրողներին:

Էներգետիկ անկախության ապահովման տեսանկյունից կարեւորում եւ աջակցում ենք նաեւ այլընտանքային էներգիայի այլ աղբյուրների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: Երկրորդային հումքից բրիկետների եւ պելլետների արտադրությունը ԼՂՀ-ում նոր եւ հեռանկարային ուղղություն է: Շուկայի իրական սպառման ծավալները, ինչպես նաեւ հումքային բազայի առկայությունը, այս կամ այն բնագավառում նոր հումքային բազայի առկայությունը, այս բնագավառում նոր ներդրումներ կատարելու հնարավորություն են ընձեռում:

Հանքաարդյունաբերություն

Արցախը տիրապետում է տնտեսական, մարդկային եւ բնաշխարհագրական անհրաժեշտ ներուժի` ժամանակի պահանջներին համապատասխան արդյունաբերական արտադրությունների կազմակերպման համար: Մասնավորապես այս առումով անհրաժեշտ եմ համարում առանձնացնել հանքարդյունաբերության ոլորտը: ԼՂՀ ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Տասնամյակների ընթացքում ոսումնասիրվել եւ հայտնաբերվել են մոտ 300 հանքավայր, երեւակում եւ հանքայնացման կետ: Արցախն ունի վառելիքային, մետաղական, ոչ մետաղական օգտակար հանածոների, խորքային ջրերի պաշարներ:

2002 թ. գործում է դեռեւս խորհրդային տարիներին հետախուզված Դրմբոնի ոսկու հանքը, որի արդյունահանման ծավալները այս 11 տարիների ընթացքում կազմել են արդյունաբերության ծավալների մոտ 35 տոկոսը եւ տարբեր տարիներին երկրի ՀՆԱ-ի 5-10 տոկոսը:

Այժմ մեծ աշխատանքներ է ընթանում Կաշենի պղնձի եւ Կովսականի ոսկու հանքավայրերում:

Երկրում շահագործվում են մի շարք քարհանքեր, որոնք քարի վերամշակման մի քանի տասնյակ տեղական կազմակերպությունների ապահովում են որոկյալ հումքով: Վերջիններիս արտադրանքը իրացվում է ոչ միայն տեղական շուկայում, այլ նաեւ հաջողությամբ արտահանվում է: Ակնկալում ենք, որ մոտակա մեկ-երկու տարում հանարդյունաբերությունը կկազմի ՀՆԱ-ի կայուն 10 տոկոսը:

Համոզված ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ բնական պաշարների օգտագործման վրա հիմնված արտադրությունների կազմակերպումը շահեկան կլինի եւ ներդրողների, եւ մեր տնտեսության համար:

Գյուղատնտեսություն

Հումքառեսուրսային գործոնի տեսանկյունից առավել գրավիչ են գյուղատնտեսությունը եւ գյուղմթերքների հետագա վերամշակումը: Արցախն իր գոյության ողջ ընթացքում դիտվել է որպես ագրարային երկիր: Արցախյան պատերազմի, ինչպես նաեւ հողերի մասնավորեցման գործընթացով պայմանավորված գյուղատնտեսության մեջ իշխող դերակատարությունն անցավ տնային տնտեսություններին:
Ինչպես մսի, այնպես էլ բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությունը մասամբ իրականացվում էր տնային տնտեսությունների կողմից:

2007թ իշխանությունները գյուղատնտեսության զարգացման նպատակով ընդլայնեցին պետական աջակցության ծրագրերը` կիրառելով նոր մեխանիզմներ: Հիմնվեց գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը, որի միջոցով այս ընթացքում մոտ 22մլդ դրամ ուղղվեց գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը: Ստեղծվեցին փորձարարական տնտեսություններ, հիմնվեցին հիմնադրամին կից մեքենատրակտորային կայաններ եւ ռեգիոնալ ագրոքիմիկատների եւ սերմերի պահեստային տնտեսություններ:

Տնտեսվարող սուբյեկտներին, որոնք զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ եւ հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ հիմնադրամի միջոցով իրականացվում է տրամադրված վարկային ռեսուրսների տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում: Արդյունքում 2008-2012թ գյուղատնտեսությունն ապահովել է երկրի ՀՆԱ-ի 13.5 տոկոսը:

2013թ գյուղօգտագործման ցանքատարածքները կազմել են մոտ 64 000 հա: Այստեղ շեշտադրված պետք է ասեմ, որ ռազմավարական նշանակություն ունեցող <<Արաքսի հովիտ>> ծրագրով նպատակ է հետապնդվում ընդլայնել այդ հողատարածքները` բնակլիմայական առումով առավել նպաստավոր հողատարածքների հաշվին: Այս առումով Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ծրագրերով հազարավոր հեկտար էռոզիայի ենթարկված հողատարածքներ բերվում են արտադրական տեսքի:
Այսօր ԼՂՀ-ում արտադրվող հացահատիկն ու մսամթերքը գերազանցում են ներքին պահանջարկը, եւ իրականացվում է արտահանում ՀՀ, որտեղ, թե հացահատիկի եւ թե մսամթերքի ներմուծման ծավալները շարունակում են գերազանցել ներքին արտադրությունը:

Ի դեպ` Արաքսի հովտում հացահատիկի արտադրությամբ զբաղվելը բարձր շահութաբերությամբ բիզնես ուղղություն է: Ներդրումային առումով այն ավելի գրավիչ դարձնելու համար ստեղծվել է ռեգիոնալ մասնագիտացված մեքենատրակտորային կայան:

Գյուղատնտեսության մյուս կարեւոր ուղղությունը. որին ուզում եմ անդրադառնալ, դա այգեգործությունն է: Շուկայում առկա մեծ պահանջարկը հնարավորություն է ընձեռել գյուղացիական տնտեսություններին զբվաղվել նռան այգիների հիմնմամբ: Այսօր Արցախում արտադրված նուռն իրացվում է դեֆիցիտի պայմաններում, որը այս ճյուղին լայն հնարավորություններ է ընձեռում թափ հավաքելու համար: Սա ներդրումային առումով գրավիչ է, քանի որ այս արտադրանքի բավարար ծավալների առկայությունը կբերի նոր բիզնես գաղափարների կյանքի կոչմանը: Ակնկալում ենք արտասահմանյան ներդրողների մասնակցությունը այս ճյուղի զարգացմանը:

Թեթեւ եւ սննդի արդյունաբերություն
Թեթեւ արդյունաբերությունը նոր զարգացող ուղղություն է: Այս բնագավառում կայացած ձեռնարկությունը <<Արցախ կարի-կոշիկի արտադրական միավորում>> փակ բաժնետիրական ընկերությունն է, որը հետագա ընդլայնում չի ունեցել, քանի որ գործունեությունը իրականացրել է միայն պետական պատվերների շրջանակում:
Այսօր ԼՂՀ իշխանությունները, կարեւորելով ոլորտը նաեւ աշխատատեղերի ստեղծման տեսակետից, կյանքի են կոչվում թեթեւ արդյունաբերության բնագավառում պիլոտային մի ծրագիր, որը անվանվել է <<Ղարմետաքսկոմբինատ. Բիզնես միջավայր>>:

Ներդրողների համար այս բնագավառը գրավիչ դարձնելու լավագույն միջոց է ընտրվել կոմունիկացիոն բոլոր տարածքների տրամադրումը:

Այս գաղափարը նվազագույնի է հասցնում բիզնես ծրագրերով պահանջվող հիմնական կապիտալում ներդրումների ծավալը, սահմանափակվելով միայն տեխնոլոգիաներում պահանջվող ներդրումներով, ինչի շնորհիվ կրճատվում է վերջիններիս հետ գնման ժամկետը:

Այս պիլոտային ծրագիրը համարում ենք կայացած միայն այն պարզ պատճառով, որ այսօր այդ տարածքում արդեն գործում են կայացած 3 արտադրություններ (բրդյա թելի արտադրություն, բամբակյա ու կիսաբամբակյա կտորեղենի արտադրություն եւ ձեռագործ գորգերի արտադրություն):

Վերջինս մեր մշակույթի անբաժանելի մասն է եւ մենք մեծ կարեւորություն ենք տալիս դրա զարգացմանը:

Մեր կողմից խրախուսվելու են թեթեւ արդյունաբերության բնագավառի այն բոլոր ներդրողները, որոնք կստեղծեն կայուն ներքին շուկա, ինչպես նաեւ իրենց շուկաները կգտնեն ԼՂՀ եւ ՀՀ սահմաններից դուրս:

Այստեղ եւս կգործեն պետական աջակցության գործուն մեխանիզմները:

Սննդի արդյունաբերությունը ԼՂՀ-ում ունի անցյալ:
Դրա զարգացմանը նպաստել է կայուն ներքին շուկան եւ գյուղմթերքների վերամշակման ավանդույթը, որը գալիս է խորհրդային տարիներից:

Այսօր Արցախում սննդի արդյունաբերության ոլորտում գործում են կայացած ընկերություններ, որոնք ունեն կայուն ներքին եւ արտաքին շուկա:

Համոզված ենք, որ գյուղմթերքների վերամշակումը շարունակելու է մնալ գրավիչ ներդրողների համար:
Բուսաբուծության եւ անասնապահության հետագա աճին զուգընթաց, այս ճյուղն ունի ընդլայնեվու լայն հնարավորություններ: Հաստատ կարող եմ ասել, որ այսօր մեր արտադրական ծավալները զիջում են արտաքին շուկայի պահանջարկին եւ ակնկալում ենք սննդի վերամշակման բվանագավառում նոր ներդրողների մասնակցություն: Ի դեպ` ճյուղի զարգացմանը նպաստում է նաեւ Արցախում աճող հատապտուղների բազմազանությունը:

Տուրիզմ

Վերջին մի քանի տարիների ընթացքում Արցախ այցելող զբոսաշրջիկների թվաքանակի աճը հիմք է հանդիսացել խոսելու ճյուղի հեռանկարների մասին:
Քարվաճառով Արցախը Հայաստանին միացնող ռազմավարական ճանապարհի կառուցումը եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը մեծ թափ կհաղորդի ճյուղի զարգացմանը:

Տուրիզմի կարեւոր բաղադրիչն է համարվում`

-Էթնոտուրիզմը,
-Էկոտուրիզմը
-Մշակութային տուրիզմը
-Արկածախնդրային տուրիզմը:
Տուրիզմի այս տեսակները միշտ գրավիչ են եղել ինչպես երկրագնդի տարբեր վայրերում ապրող հայության համար, այնպես էլ օտաերկրացիների համար:

Մեր պետության համար տուրզմի զարգացումը գերակա ուղղություն է, եւ ԼՂՀ իշխանությունները շարունակելու են ներդրումներ կիրականացնել այս ոլորտում, եւ խրախուսելու են մասնավոր սեկտորի այն ներկայացութցիչներին, որոնք ներդրումներ են իրականցնելու այս բնագավառում:

Ուզում եմ ավարտեմ խոսքս հետեւյալ հավաստիացմամբ`

Արցախի մրցակցային առավելությունը շարունակելու է գիտելիքի եւ էկոլոգիական միջավայրի վրա հիմնված տնտեսությունը: Մենք շարունակելու ենք աջակցել տնտեսության ցանկացած ճյուղում գործունեություն ծավալած այն սուբյեկտներին, որոնք լուծելու են սոցիալական կարեւոր խնդիր`աշխատատեղերի ստեղծման, եւ նպաստելու են ԼՂՀ արտահանման ծավալների ավելացմանը:

10.10.2013
aparaj.am

Տպել Տպել