[1]Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանձնառու է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի որդեգրման գծով՝ հակառակ որոշ արտահայտությունների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ նշելով, որ այդ մասին բարձրաձայնվել է նաև Եվրոպահայերի միության երրորդ համագումարում:
«Արդեն այդ ուղղությամբ համայնքն աշխատանքներ է կատարում համապատասխան կառույցների հետ, որ նվազ խոցելի, եթե չասենք՝ բոլորովին անխոցելի օրինագիծ ներկայացվի և ի վերջո` դարձյալ որդեգրվի, բայց այս անգամ հանկարծ հակասահմանադրական չհամարվի: Թեև աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, բայց դա չի նշանակում՝ իշխանությունում բոլորը համաձայն են, որ այդպես լինի, դրա համար էլ առիթ առ առիթ հայ համայնքը կարիք է զգում իր մտահոգությունները բարձրաձայնելու այս կամ այն պաշտոնյայի ասածների շուրջ»,- ասաց նա:
Հարցին՝ հակասություն չի՞ առաջանում արդյոք թուրք-ֆրանսիական հարաբերությունների ջերմացման և նման օրինագծի ընդունման միջև, Մանոյանը պատասխանեց, որ այդ մտահոգությունը միշտ է եղել, սակայն հայ համայնքն առնվազն վստահ է, որ ինքը կարող է աշխատանքը շարունակել և հաղթահարել նման դժվարությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի հայ համայնքին անհանգստացրել է թուրք-ֆրանսիական հարաբերությունների նոր ջերմացումը: Մտահոգության առիթ է հանդիսացել Թուրքիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի արդյունաբերական վերածննդի նախարար Առնո Մոնտեբուրգի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան կցանկանար այդ երկրի հետ անհարկի լարվածությունից հետո նոր հարաբերություններ կառուցել, քանի որ այդ՝ գերլարված հարաբերություններն անհանգստություն էին պատճառում Ֆրանսիային: Այս արտահայտությունը նպատակ ունի վերացնել այն լարվածությունը, որ շարունակվում է Վալերի Բուայեի կողմից օրենսդրին ներկայացված օրինագծի, այն է՝ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի քվեարկությունից ի վեր: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ազգային բյուրոն զգուշացնում է, որ ֆրանսիական կառավարությունը հարաբերություններ է կառուցում մի պետության հետ, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանության հեղինակն է, սակայն նաև հույս հայտնում, որ այս հարաբերությունները կնպաստեն Թուրքիայի՝ ճիշտ ուղու վրա կանգնելուն, արդարության ճանապարհն ընտրելուն, և ոչ թե կուղղվեն Ֆրանսիայում մարդու իրավունքների և բարոյական արժեքների դեմ:
1in.am