- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սիմոն Զավարյան – 100. Գիտական նստաշրջան գիտությունների ակադեմիայում

զավ3 [1]

Այս նյութամոլ, այս կեղծավոր դարի մեջ,
Արհամարհեց նա ամեն բարձ ու պատիվ,
Միշտ վառ պահեց այն երկնային ջահն անշեջ,
Եղավ բոլոր որբ սրտերի քաջ հովիվ:

Ավ. Իսահակյան

Հոկտեմբերի 23-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գիտական նստաշրջան նվիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիր անդամ Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցին:
Գիտաժողովին ներկա էին ակադեմիական, գիտակրթական-մտավորական, կուսակցական շրջանակների, ինչպես եւ հասարակայնության ներկայացուցիչներ: Գիտական նստաշրջանում բացման խոսք ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:zavarian-014 [2]

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Լեւոն Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, Էդիկ Մինասյանը:

Ելույթ ունեցողները շեշտեցին, որ Սիմոն Զավարյանը եղել է ժամանակի ամենահեղինակավոր մտավորականներից ու ազգային գործիչներից մեկը:

Նա կարող էր նվիրվել գիտական ու մանկավարժական գործունեության, զբաղվել ագրարային ոլորտի զարգացման խնդիրներով եւ լուրջ հաջողությունների հասնել , եթե կյանքը չնվիրեր հարազատ ժողովրդի փրկության գործին: Զավարյանը եղել է իր ժամանակի ամենաճանաչված եւ ամենահեղինակավոր գործիչներից մեկը: Զավարյանի հեղինակությունը պատկառանք է ներշնչել թե կուսակիցների եւ, թե ամենատարբեր հայացքներ ու խառնվածքներ ունեցող ազգային երեւելի գործիչների: zavarian-015 [3]

Նստաշրջանի բացման խոսքում ԳԱԱ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ Սիմոն Զավարյանը ոչ միայն հայտնի քաղաքական գործիչ էր, այլեւ, առաջին հերթին խոշոր տնտեսագետ: «Սիմոն Զավարյանի թողած ժառանգությունը բավականին հարուստ ու բավականին արդիական է նաեւ այսօր, եւ գիտաժողովը շատ կարեւոր է` ներկայացնելու համար գործչի գործն ու կենսագրությունը: Մենք պետք է դասեր քաղենք այդ խոշոր գործչի թողած ժառանգությունից»,- նշեց ակադեմիկոսը:

ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը ներկայացրեց նորահայտ մի բանաստեղծություն, որը Ավետիք Իսահակյանը ժամանակին ձոնել էր մեծ հայորդու հիշատակին:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը նշեց, որ մեր նոր շրջանի պատմության մի սերնդի ներկայացուցչի մասին է խոսքը, որը կարողացավ հանճարեղ կերպով իրար միացնել գրիչը, զենքը եւ աշխատանքը: «Սիմոն Զավարյան կերպարի մեջ շատ համերաշխ ու համաչափ ձեւով համադրված են այս երեք սկզբունքները, որոնք ի վերջո մեր ժողովրդի ապագան ու հարատեւության գաղտնիքն են», -ասաց Լեւոն Մկրտչյանը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը շեշտեց, որ լինելով հարազատ կուսակցության ամենահեղինակավոր ու սիրված դեմքերից մեկը, միաժամանակ, համահայկական ընդգրկում ուներ եւ պատկանում է ողջ հայ ժողովրդին: Ժամանակակիցները բարոյական անբիծ նկարագրի համար Սիմոն Զավարյանին անվանել են «Աշխարհիկ սուրբ»:

Այնուհետեւ հետեւեցին զեկույցները, որոնցում տարբեր դիտանկյուններից ներկայացվեց Զավարյան անհատը, գիտնականը, ազգային եւ հասարակական-քաղաքական գործիչը:

Պատկերացում կազմելու համար շոշափված խնդիրների բազմազանության եւ ընդգրկունության մասին բավական է նշել զեկուցաբերների ներկայացրած թեմաները: «Վեմ» հանդեսի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Խուդինյանի զեկույցը ուներ հետեւյալ խորագիրը. «Սիմոն Զավարյանը եւ ազգի բարոյական վերածննդի հիմնախնդիրը»: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ> հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Սամվել Ավետիսյանի զեկույցի թեման էր. «Սիմոն Զավարյանի դերը հայ ագրարային տնտեսագիտական մտքի ձեւավորման գործում»:

ՀՅԴ կենտրոնական արխիվի տնօրեն Վաչե Բրուտյանը ներկայացրեց. «Սիմոն Զավարյանը եւ ՀՅԴ ապակենտրոնացումը» թեման: ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի աշխատակից, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի զեկույցը վերնագրված էր.«Հովհաննես Թումանյանը եւ Սիմոն Զավարյանի գաղափարական ժառանգությունը»: Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու Ալա Խառատյանը զեկույցն էր. «Սիմոն Զավարյանի կերպարը արեւմտահայ գրականության մեջ>: Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Դանիելյանը ներկայացրեց. «Սիմոն Զավարյանի գործունեության նարոդնիկական շրջանը»: Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Արթուր Ղազարյանը կարեւորեց մեծ գործչին որպես. «Սիմոն Զավարյանը սոցիալական արդարության ջատագով»: Բանասիրական գիտությունների դոկտոր Թերեզա Շահվերդյանի եւ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Արմեն Հարությունյանի համատեղ զեկույցի թեման էր. «Սիմոն Զավարյանի մանկավարժական հայացքները»: ՀՀ զիված ուժերի «Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը ներկաներին ներկայացրեց նորահայտ հեռագրեր եւ հիշատակի խոսք, որոնց առիթը եղել է Զավարյանի մահը: Մասնավորապես ներկայացվեցին Ստեփան Շահումյանի ցավակցական հեռագիրը եւ այս առթիվ գրված Գարեգին Նժդեհի խոսքը:

Թռուցիկ անդրադառնալով ներկայացված ելույթներին մասնավորապես կարելի է նշել հետեւյալը.

Տնտեսական գիտությունների դոկտոր Սամվել Ավետիսյանը զեկուցելով Հայ ագրարային տնտեսագիտական մտքի ձեւավորման գործում Սիմոն Զավարյանի ունեցած դերակատարության մասին ափսոսանք հայտնեց, որ այսօրվա հայկական տնտեսագիտական դասագրքերի մեջ բացակայում է Զավարյանի անունը: Այն դեպքում, երբ նրա ուսումնասիրությունների արդյունքները եւ զարգացրած գաղափարները այսօր էլ արդիական են հայաստանի տնտեսական զարգացման առումով: Իսկ վերջինիս շատ նախանշումներ հետագայում կյանքի են կոչվել եւ այդ ուղղությունները ընկած են Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության հիմքում: Նրա թողած գիտական աշխատությունները այսօր էլ արժանի են խորը ուսումնասիրության:

Ելույթ ունեցողները նշեցին, որ երիտասարդ տարիքից, տարվելով ազգային-հեղափոխական գաղափարներով, Զավարյանը Դաշնակցության ճանապարհով կյանքը նվիրեց հայության ազատագրության դատին: Գործեց արեւմտահայաստանում եւ արեւելահայաստանում, եղավ հեղափոխական գործի ու գաղափարների քարոզիչ ու տեսաբան: Մասնավորապես Զավարյանը գլխավոր տեսաբաններից է ապակենտրոնացված կառավարման սկզբունքը, որը հիմքն է Դաշնակցության կառույցի, եւ որպիսի վարչաձեւ էր տեսնում Զավարյանը ապագա Հայաստանի համար:

Գիտական նստաշրջանով մեկնարկած հիշատակի միջոցառումները շարունակվելու են հոկտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին ՀՀ ազգային արխիվում կազմակերպվող փաստաթղթերի ու նյութերի ցուցահանդեսով եւ հոկտեմբերի 26-ին լոռու մարզի Այգեհատ գյուղում, Զավարյանի շիրիմի մոտ, կազմակերպվելիք արարողությամբ:

ՀՅԴ մամլո դիվան