Թուրքիայի ռազմական հեռանկարը

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որի անվտանգութիւնը պաշտպանւած է ՆԱՏՕ-անդամ երկրների միջոցով եւ որպէս ՆԱՏՕ-ի անդամ երկիր անվտանգութեան եւ պաշտպանութեան համար օգտւում է Արեւմուտքի ամենաարդիական զինւորական սարքաւորումներից: Բացի այդ Թուրքիան նաեւ Ամերիկայի դաշնակիցն է Միջին Արեւելքում, տարեկան ռազմական հսկայական օգնութիւններ է ստանում ԱՄՆ-ից, Ամերիկան եւ ՆԱՏՕ-ն ռազմական բազմաթիւ յենակներ ունեն Թուրքիայում: Սրանց կողքին պէտք է աւելացնել նաեւ Թուրքիայի եւ Իսրայէլի ռազմական համագործակցութեան հարցը: Իհարկէ 2009-ից, երբ խզւեց այս երկու երկրների յարաբերութիւնները, Թուրքիային Իսրայէլի ռազմական օգնութիւններն էլ նւազեցին: Մինչեւ 2009-ը Թուրքիայի զինւորականների ու բանակայինների մեծ մասի վերապատրաստւածութիւնը յանձնւած էր Իսրայէլին:

Բայց ներկայումս Թուրքիայի իշխանութիւնները որոշել են, որ օտար երկրների ռազմական սարքաւորումներից օգտւող ու սպառող եւ յաճախորդ լինելու վիճակից դուրս գան ու իրենք դառնան ռազմական սարքաւորումներ արտադրող երկիր: Տասնամեակներ Թուրքիան իրեն վտանգւած էր զգում իր հարեւան երկրների կողմից սառը պատերազմի օրերին եւ Խ. Մ.-ից պաշտպանւելու համար անցել էր Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի պաշտպանութեան քողի տակ: Իրան-Իրաք պատերազմի ժամանակ (1980-ական թւականներին) եւս Թուրքիան իրեն վտանգւած էր զգում այս երկու հարեւանների կողմից, եւ հիմա էլ Սիրիայի տագնապը, որը Թուրքիան իր համար սպառնալիք է համարում:

Բացի այն որ Թուրքիայի իշխանութիւնները որոշել են ռազմական սարքաւորումների սպառողական վիճակից դուրս գալ եւ դառնալ արտադրող, նաեւ ծրագրում են այս տարածաշրջանում եւ համաշխարհային իմաստով էլ դառնալ մեծ ուժ: Այդ նպատակին հասնելու համար նրանք դիմում են ցանկացած միջոցների, նոյնսիկ մոռանալով իրենց Արեւմտեան բարեկամներին: Թուրք վերլուծաբանները այն կարծիքին են, թէ Թուրքիան ուզում է ցոյց տալ, որ ոչ կախւած է Եւրոպայից, եւ ոչ էլ ԱՄՆ-ից ու կարող է նաեւ իր կարիքները հոգալ Արեւելքից:

Սա է իրողութիւնը, որ վերջին ամիսների ընթացքում Թուրքիան որոշել է ռազմական սարքաւորումներ գնել Չինաստանից: Խօսքը վերաբերում է HQ-9 (կամ FD-2000) հրթիռային պաշտպանողական համակարգի (ցամաքից օդ հակահրթիռներ) գնմանը, որը թուրքերը որոշել են գնել չինացիներից: Այս հարցը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Թուրքիայի Արեւմտեան բարեկամների ու ՆԱՏՕ-ի երկրների մօտ: Նրանք գտնում են, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ ողջ ռազմական սարքաւորումները Արեւմտեան են, իսկ Չինաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ, եւ չինական հրթիռները ՆԱՏՕ-ի կողմից դիտւում են որպէս հակառակորդի սարքեր, ուստի չի կարելի թշնամու սարքերը ներառել ՆԱՏՕ-ի համակարգի մէջ: Այսպիսով ՆԱՏՕ-ի անվտանգութիւնը կընկնի հարցականի տակ, բացի այդ սայբերնեթիք եւ համակարգչային յարձակումների հաւանականութիւնը ՆԱՏՕ-ի դէմ աւելի է բարձրանալու: Պէտք է աւելացնել, որ ապագայ 20 տարիներում, Արեւմուտքի կողմից Չինաստանը դիտւում է որպէս իրենց համար սպառնալիք երկիր:

Թուրքական կողմը չինական հրթիռների գնումը հիմնաւորում է այն հանգամանքով, որ դրանք աւելի էժան են քան Արեւելեան նմանատիպ հրթիռները, Արեւմտեանը արժէ 4 միլիարդ դոլար, իսկ չինականը՝ 3.4 միլիարդ դոլար:

Բացի այդ չինական կողմը խոստացել է, Թուրքիային տրամադրել նաեւ այդ հրթիռների արտադրման տեխնոլոգիան, եւ քանի որ Թուրքիան որոշել է ինքը դառնալ զինւորական ուժ եւ արտադրող, ուստի յարմար է նկատում այս գործարքը: Իսկ արդեօք շահաւէ՞տ է այս առեւտուրը Չինաստանի համար, քանի որ Չինաստանը փորձում է, Միջին Արեւելքում իր ազդեցութիւնն ունենալ եւ համագործակցութիւնները ընդլայնել տարածաշրջանի երկրների հետ: Սա եւս պատճառ է, որպէսզի արեւմուտքը բողոքի չինական հրթիռները գնելու դեմ: Իսկ ՆԱՏՕ-ի պատասխանատուները այն կարծիքին են, որ Թուրքիան կախւած է ՆԱՏՕ-ից եւ չի կարող իր պաշտպանութիւնն ու անվտանգութիւնը ապահովել, եթէ չլինի ՆԱՏՕ-ն եւ այդ պատճառով հաւանական է, որ հրթիռային առեւտրի մէջ չմտնի Չինաստանի հետ:

* * *
Թուրքիան իր գալիք տարւայ (2014) բիւջէում նաեւ յաւելում է նախատեսել պաշտպանութեան եւ անվտանգութեան ոլորտների համար: Այս տարւայ (2013 թ.) նախատեսւած գումարը, որը ծախսւել է պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի համար՝ 45.3 միլիարդ թուրքական լիրա էր: Յաջորդ տարւայ համար այս գումարը բարձրացւել է 49.6 միլիարդ լիրայի, շուրջ 9.5 տոկոս յաւելում կրելով: Այս գումարը յատկացւելու է արդիականացնելու եւ ուժեղացնելու համար հետեւեալ կառոյցները՝ պաշտպանութեան նախարարութիւն, ոստիկանութիւն, ծովափնեայ անվտանգութեան ուժեր, ժանդարմերիա (գիւղական եւ ոչ-քաղաքային ոստիկանութիւն), եւ ազգային անվտանգութեան կազմակերպութիւն:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել