Դեկտեմբերին կհրապարակվեն վիճակախաղի տոմսերը իրացնելուն նպաստող անձանց անունները

armԻնչպես հայտնի է, ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Ղարաբաղի ազատագրված տարածքներում վերաբնակեցում կազմակերպելու նպատակով հանդես էր եկել նախաձեռնությամբ` մշակելով պետական վիճակախաղ իրականացնելու ծրագիր:

Վիճակախաղի մեկ տոմսի արժեքը 2000 դրամ է, սակայն գնելու դեպքում մարդիկ շահելու են ոչ թե գումար, այլ Արցախում արտադրված ձեռագործ գորգեր և այլ իրեր: Տոմսերի վաճառքից առաջացած ողջ գումարը պետք է ուղղվի հիմնականում Քաշաթաղի, Շահումյանի, Շուշիի և Հադրութի վերաբնակեցման գործին:

Արթուր Աղաբեկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շրջանառության մեջ դրված է 300 հազար տոմս, որից արդեն իսկ վաճառված է 170 հազարը: Ժամկետը մինչև դեկտեմբերի 1-ն է: Դեկտեմբերի 1-ից հետո բոլոր չվաճառված տոմսերը կոչնչացվեն, որպեսզի դեկտեմբերի 28-ին կազմակերպվի վիճակահանությունը:

Արթուր Աղաբեկյանի խոսքով՝ տոմսերն իրացվել են «Արցախ փոստ»-ի, «Արցախ» բանկի և «Հայ փոստի»-ի միջոցով: Նա նաև նշեց, որ օգտվել են տոմսերն իրացնելու ոչ ավանդական մեթոդներից. «Մենք դիմել ենք մեր Հայաստանի գործընկերներին, որպեսզի աջակցեն, օգնեն իրացնելու տոմսերը, քանի որ այդ տոմսերի իրացման շնորհիվ մենք ցանկանում ենք ոչ միայն վերաբնակեցման ծրագիր իրականացնել, այլև խրախուսել արցախյան գորգերի արտադրությունը»:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Աղաբեկյանը վիճակախաղի հազարավոր տոմսեր է տվել հայաստանյան օլիգարխներին՝ իրացնելու համար, բացի Գագիկ Ծառուկյանից: Գործարարները հետաքրքրվել են, թե ինչու է Ծառուկյանին անմասն թողնում այս գործից, և պատասխան է հնչել, որ նա այդքան բարոյական իրավունք չունի մասնակցելու ազատագրված տարածքները վերաբնակեցնելու ազնիվ աշխատանքին:

Արթուր Աղաբեկյանից հետաքրքրվեցինք, թե որոնք են տոմսերն իրացնելու իր մատնանշած ոչ ավանդական եղանակները, և արդյոք Ծառուկյանն իսկապե՞ս մասնակցություն չի ունեցել այս աշխատանքներին: «Ոչ ավանդական եղանակներ ասելով՝ ես նկատի ունեմ առանձին անհատ անձանց, առանձին գործընկերների: Այո, դիմել ենք գործարարների, պետական ծառայողների, որոնք աջակցել են»,- ասաց Աղաբեկյանը` հրաժարվելով, սակայն, հրապարակել նրանց անունները. «Դա գաղտնիք չի պարունակում իր մեջ, դա հպարտություն է պարունակում: Պարզապես դեկտեմբերի սկզբին նոր կհրապարակվեն անունները»:

Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա Աղաբեկյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մեր ունեցած տեղեկությունը: Նա միայն ասաց, որ կոչ է անում բոլոր գործարարներին, այդ թվում Ծառուկյանին, չուշանալ և նպաստել, որ մինչև դեկտեմբեր ամբողջությամբ կարողանան սպառել այդ 300 հազար տոմսը: Այսինքն մինչ այս նա չի՞ մասնակցել տոմսերի իրացմանը` կրկին հետաքրքրվեցինք մենք, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հիմա չեմ կարող ասել, ես դեկտեմբերի սկզբին, նոր կհրպարակեմ այն անձանց անունները, որոնք նպաստել են վիճակախաղի տոմսերը իրացնելուն»:

Նշենք, որ այս ծրագիրը շարունակական է լինելու, այն կշարունակվի առնվազն 3 տարի, որը, Աղաբեկյանի հաշվարկներով, հնարավորություն կտա ապահովել առավել քան 500 աշխատատեղ կանանց համար:

Հիշեցնենք, որ խաղարկությունը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 28-ին:

Անահիտ Սվաճյան

1in.am

Տպել Տպել