- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մարտիրոս (Բաշգյառնեցի) Աբրահամյան (1886-1957) – ազգային-ազատագրական շարժման գործիչ

մարտիրոսՄարտիրոս (Բաշգյառնեցի)Աբրահամյան.

Ծնվել է 1886թ., գ. Բաշգյառնի (այժմ` Գառնի` ՀՀ Կոտայքի մարզում):

ՀՅԴ կուսակցության անդամ: Կրթությունը ստացել է ծննդավայրում: 1904-ին մտել է Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) «Մասիս» ֆիդայական խմբի մեջ:

1905-06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եղել ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, գործել Կոտայքում, ապա Դրոյի հրամանատարությամբ մասնակցել Սիսիանի և Գողթենի պաշտպանությանը:

1908-ին անցել է Պարսկաստան, մասնակցել Իրանի հեղափոխությանը: Ցարական իշխանությունները ձերբակալել են նրան և 1909-11-ին բանտարկել Երևանի, ապա Նովոչերկասկի բանտերում:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-16-օգոստոս) եղել է հարյուրյակի հրամանատար` Դրոյի կամավոր 2-րդ գնդի կազմում:

1918-ին որպես հեծյալ զորախմբի հրամանատար մասնակցել է Բաշ Ապարանի ճակատամարտին, աչքի ընկել խիզախությամբ:

1920-ի թուրք-հայկական պատերազմի օրերին պաշտպանել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մարգարայի կամուրջը:

1920-ի դեկտեմբերին գործել է Զանգեզուրում, 1921-ին ղեկավար մասնակցություն է ունեցել Փետրվարյան հակախորհրդային ապստամբությանը, Հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծմանը: Նրա զորամասը գրավել է Քանաքեռն ու Երևանը, գրոհել բանտի վրա և ազատել քաղ. շատ գործիչների:

1921-ից` վտարանդի, ապրել է Թեհրանում:

Մահացել է 1957թ., Թեհրանում: 1990-ին աճյունը տեղափոխվել և ամփոփվել է Գառնիում:

*****
Երկեր
Փետրվարյան օրերից, “Ալիք” Թեհրան, 1957թ. փետրվար 18-22:

Բաշգյառնեցի Մարտիրոսի հուշերը, “Ալիք”, Թեհրան, 1978թ., հունիս-դեկտեմբեր:

Գրականություն
Վալադյան վ., Գաղափարի և գործի մարդը(Բաշգյառնեցի Մարտիրոս), “Հայրենիք”, 1958, հ.36, N3: