ՀՅԴ Երևանի Մարզային կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴԱնցած շաբաթ ավարտվեց ՀՅԴ Երևանի մարզային 17-րդ ժողովը։

Երևանը ներկայացնող շուրջ 60 պատվիրակներ քննեցին ՄԿ-ի գործունեությունը, գնահատականներ տրվեցին ՀՀ ԱԺ, ՀՀ նախագահի եւ Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, դրա պատճառներին և հետևանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանական մթնոլորտին։ Հանրապետությունում տիրող քաղաքական տնտեսական, ժողովրդագրական ու հոգեբարոյական իրողությունները ժողովը որակեց տագնապահարույց՝ երկրի զարգացման հեռանկարը վտանգող։

Ժողովը միաժամանակ հաստատեց իր հանձնառությունն ու պատասխանատվությունը ՀՅԴ նկատմամբ երևանցիների վստահությունն ամրացնելու, զարգացող Երևանի, պաշտպանված և իրավատեր երևանցու համար լրացուցիչ ջանքեր գործադրելու, քաղաքացիների մեջ բարոյական քաղաքականության, ժողովրդավարական արժեքների հաղթանակի նկատմամբ համոզումի հաստատման ուղղությամբ։

ՀՅԴ Երևանի կառույցը լիարժեք օգտագործելու է իրեն վերապահված քաղաքական մարմնի լիազորություններն ու գործառույթները տեսանելի ներդրում ունենալու Երևան քաղաքի և երևանցիների համար կենսական խնդիրների բարձրացման ու լուծման, մայրաքաղաքում սոցիալական արդարության և հանրային համախոհության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։

Երևանի խնդիրների շուրջ տեսակետների բյուրեղացման և համախոհների շրջանակը ընդլայնելու նպատակով ՄԿ-ն նախաձեռնելու է հասարակակական-քաղաքական խորհրդակցությունների, կլոր սեղանների շարք՝ համագործակցության եզրեր գտնելու մայրաքաղաքի խնդիրներով մտահոգ ՀԿ-ների և հասարակական-քաղաքական, քաղաքացիական ուժերի հետ։ Ճշտված առաջնահերթությունների և համաքաղաքային հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ ՄԿ-ն հնարավոր գործակցության ձևաչափեր է որդեգրելու նաև Երևանի քաղաքապետարանի հետ։

Իրավագիտակից, ժողովրդավարության և ազգային պետության արժեքներով կողմնորոշված քաղաքացի ձևավորելու հեռանկարով ՄԿ-ն կնախաձեռնի նաև քաղաքական դպրոց-ակումբի հիմնադրման աշխատանքներ։

ՀՅԴ Երեւանի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Լիլիթ Գալստյանը։

ՀՅԴ Երևանի Մարզային կոմիտե
11.11.2013

Տպել Տպել