Հայաստանը պետք է չեղյալ համարի թուրքական արձանագրությունները Ցեղասպանության հարյուրամյակից շատ առաջ

Harout-SassounianՀայաստանն այլևս չի կարող իրեն թույլ տալ սպասել: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 18 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, և Հայաստանի նախագահը պետք է հետ կանչի իր կառավարության ստորագրությունն այդ չարաբաստիկ Արձանագրություններից: Հայաստանը չի կարող մեղադրվել այդ քայլի համար, քանզի թուրք պաշտոնյաները մշտապես հայտարարել են, որ նրանք մտադիր չեն վավերացնել Արձանագրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

«Ակնկալելով քարոզչական մեծ մղձավանջ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում, թուրք պաշտոնյաները փորձում են վնասազերծել իրենց երկրի՝ առանց այն էլ արատավորված հեղինակությունը:

Թեև նրանք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն թուրք ղեկավարները անընդհատ ձևանում են շինծու հաշտարար հայտարարություններով: Կեղծորեն պնդելով, թե իբր Թուրքիան հարթում է Հայաստանի հետ իր տարաձայնությունները, Անկարայի թաքուն նպատակն է տարհամոզել այլ երկրների Հայոց ցեղասպանության ճանաչման մտադրությունից:

Սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի հիվանդագին արձագանքը Հայաստանի հետ սահմանը բացելու Թուրքիայի ցանկացած ելույթի վերաբերյալ, թուրք պաշտոնյաներն ստիպված են նահանջել, նախագզուշացնելով, որ Հայաստան-Թուրքիա սահմանը այնքան ժամանակ փակ կմնա, քանի դեռ «առաջընթաց» չի գրանցվել Արցախյան հարցում:

Նման հակասական թուրքական հայտարարություններ բազմիցս են տարածվել՝ սկսած 2009 թվականից, երբ Հայաստանն ու Թուրքիան Արձանագրություններ ստորագրեցին իրենց ընդհանուր սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ սահմանը բացելու համար: Առճակատվելով ընդդիմադիր պատգամավորի հետ Թուրքիայի իրական մտադրությունների հարցով` Դավութօղլուն արագ փոխեց իր դիրքորոշումը, ասելով, որ նախ Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղից մինչև սահմանի հնարավոր բացումը:

Թուրքիայի արտգործնախարարը նմանատիպ ելույթ ունեցավ նաև մեկ ամիս առաջ Շվեյցարիա կատարած իր այցելության ժամանակ, երբ հայտարարեց, որ Թուրքիան «ստեղծագործական գաղափարներ» է փնտրում՝ Հայաստանի հետ իր հարաբերությունները բարելավելու համար: Դավութօղլու ստեղծագործական կամ ավելի շուտ խորամանկ քայլն է՝ խուսափել խափանարարի պիտակից, միաժամանակ արդարացնելով իր երկրի կողմից Արձանագրությունների վավերացման մերժումը:

Դեռևս 2009 թվականին, Թուրքիայի կառավարությունը, թվում էր, թե ցանկանում է վավերացնել Արձանագրությունները, որոնք ընդգրկում էին տարբեր կողմնակի հարցեր, այդ թվում՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության համար: Երբ Ադրբեջանը կտրականապես դեմ արտահայտվեց Հայաստանի հետ սահմանի բացման թուրքական ծրագրերին, Թուրքիան հայտարարեց, որ նա այլևս չի կարող վավերացնել Արձանագրությունները, թեև դա ակնհայտորեն բխում էր նրա ազգային շահերից: Այսպիսով, չնայած նրա հավակնություններին որպես տարածաշրջանի գերիշխան պետություն, Թուրքիան ենթարկվեց Ադրբեջանի վետոյին: Նոյեմբերի 6-ին Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում Դավութօղլուն ոչխարի նման հլու հնազանդ կրկնեց, որ իր երկիրը Հայաստանի հետ սահմանը կբացի միայն Ադրբեջանի արտոնությունն ստանալուց հետո:

Ակնհայտ է, որ մամուլում այս արտահոսքից խայտառակվելով, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հերքեց, որ Դավութօղլուն հանդես է եկել նման հայտարարությամբ: Այս հերքումն արժանահավատ չէ, քանի որ թուրք պաշտոնյաները նախկինում ևս բազմիցս նման հայտարարություններ են արել: Հայաստանի հետ սահմանի բացման և երկաթուղային կապի վերականգնման հեռանկարի աշխուժացման համար միակ հավանական բացատրությունը կարող է լինել Թուրքիայի մտադրությունը ճնշում գործադրելու Վրաստանի նորընտիր նախագահի վրա, որը հրաժարվում է աջակցել վաղուց ծրագրված Կարս-Թբիլիսի-Բաքում երկաթգծին, որով նախատեսվում էր շրջանցել Հայաստանը:

Թուրքիայի կողմից Արձանագրությունների շարունակվող շահարկմանը վերջ դնելու համար նախագահ Սերժ Սարգսյանը պետք է իրականացնի երեք տարի առաջ տված իր խոստումը, երբ նա զգուշացրել էր, որ եթե Թուրքիան «շուտով» չվավերացնի Արձանագրությունները, ապա նա կվերանայի իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, այսինքն՝ Հայաստանը կհրաժարվի այս պայմանագրից: Քանի որ Արձանագրությունները դեռևս վավերացված չեն դրանց ստորագրումից չորս տարի անց, ապա նախագահ Սարգսյանը դրանք պետք է չեղյալ հայտարարի:

Հասկանալի է, որ հայ պաշտոնյաները չեն ցանկանում նման կտրուկ քայլի դիմել, քանի որ մտահոգված են, որ մեծ տերությունները իրենց կմեղադրեն Արձանագրությունների ձախողման համար: Հայաստանը նախընտրում է, որ թուրքական կողմն առաջինը հրաժարվի Արձանագրություններից՝ մեղադրանքի արժանանալով դրանց տապալման համար: Հնարավոր է, որ թուրք պաշտոնյաները նույն խաղն են խաղում՝ սպասելով, որ առաջինը Հայաստանը հրաժարվի:

Իմ կարծիքով, Հայաստանն այլևս չի կարող իրեն թույլ տալ սպասել: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 18 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, և Հայաստանի նախագահը պետք է կատարի երեք տարի առաջ տված իր խոստումն ու հետ կանչի իր կառավարության ստորագրությունն այդ չարաբաստիկ Արձանագրություններից: Հայաստանը չի կարող մեղադրվել այդ քայլի համար, քանզի թուրք պաշտոնյաները մշտապես հայտարարել են, որ նրանք մտադիր չեն վավերացնել Արձանագրությունները:

Զարմանալի չէ, որ անցյալ շաբաթ Դավութօղլուն ևս հայտարարեց, որ Ցեղասպանության հարյուրամյակի հայկական ծրագրերին հակազդելու համար Թուրքիան «տենդագին և արագընթաց պատրաստություն է տեսնում»: Որպեսզի թույլ չտրվի Թուրքիային խոչընդոտելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումներն ամբողջ աշխարում, Հայաստանի ղեկավարները պետք է չեղյալ համարեն Արձանագրությունները 2015 թվականի Ապրիլի 24-ից շատ առաջ:

Բացի այդ, հաշվի առնելով թուրքական կառավարության հարյուրամյա համառությունը ճանաչելու իր մեղավորությունը Ցեղասպանության համար և համապատասխան հատուցման մերժումը, հայ պաշտոնյաները պետք է հայտարարեն, որ նրանք մտադիր են արդարության հասնել վերջապես, տեղական, տարածաշրջանային և միջազգային դատարաններ դիմելու միջոցով»:

Հարութ Սասունյան

armenpress.am

Տպել Տպել