- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հանր. նախագահը հանդիպում է ունեցել Իրանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ

aliqԻսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները երէկ հանդիպում են ունեցել հանր. նախագահ դոկտ. Ռոհանիի հետ: Հանդիպմանը ներկայ էին՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, հրեաների պատգամաւոր Սիամաք Մերէ Սեդեղը եւ զրադաշտականների պատգամաւոր դոկտ. Էխթիարին:

Հանդիպման սկզբում, պատւիրակութեան անունից Ռոբերտ Բեգլարեանը շնորհաւորական խօսքեր ուղղեց հանրապետութեան նորընտիր նախագահ դոկտ. Ռոհանիին: Նա ակնարկեց նախագահի խելամիտ ու հաւասարակշռւած քաղաքականութեանը՝ յատկապէս արտաքին ոլորտում:
Ապա զրադաշտականների պատգամաւոր դոկտ. Էխթիարին արտայայտւեց, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների դժւարութիւնների, ինչպէս՝ ժառանգութեան խնդրի վերաբերեալ:

Հրեաների պատգամաւոր դոկտ. Մերէ Սեդեղը եւս իր հերթին նշեց, որ հակառակ երկրի օրէնսդրութեան ոգուն եւ երկրի բարձրաստիճան պաշտօնատարների հոգատար մօտեցումներին, որոշ երկրորդական կամ երրորդական կարգի պաշտօնատարներ՝ խտրականութիւններ են կիրառում փոքրամասնութիւնների նկատմամբ եւ փոքրամասնութիւնների անունից ակնկալեց դրանց վերացումը:

Հանդիպման ընթացքում դոկտ. Կարէն Խանլարեանը կարեւորու-թեամբ անդրադարձաւ այն հարցին, որ երկրում կրօնական փոքրամաս-նութիւնները, ի մասնաւորի հայ համայնքը՝ կարող են օգտակար հանդիսանալ երկրին, թէ՛ ներքին բնագաւառներում, եւ թէ՛ արտաքին քաղաքականութեան ոլորտում:

Վերջում հանրապետութեան նախագահ դոկտ. Ռոհանին ողջունելով կայացած հանդիպումը՝ ասաց, որ կրօնական փոքրամասնութիւնները մեր երկրի հարստութիւնն են եւ կրօնական ու մշակութային այլազանութիւնները, պատմական փաստ են Իրանի համապետական կեանքում:
Նա որպէս օրինակ՝ անդրադարձաւ Իրանի վերելքում, իրանահայութեան դերին՝ թէ՛ յեղափոխութեան յաղթանակի օրերին, թէ՛ պարտադրեալ պատերազմի տարիներին, եւ թէ՛ այսօր:

Նախագահը յոյս յայտնեց, որ առգոյ դժւարութիւնները աստիճանաբար կը կարգաւորւեն եւ աւելացրեց, որ այդ գործընթացում ակնկալում է փոքրամասնութիւնների ակտիւ դերակատարութիւնը:

Դոկտ. Ռոհանին աւելացրեց. «Պէտք է գործել այնպէս, որպէսզի կարողանանք Իրանն աշխարհին ներկայացնել որպէս օրինակելի մի երկիր, ուր կրօնական փոքրամասնութիւնները միմեանց կողքի ապրում են խաղաղ գոյակցութեամբ»:

alikonline.ir

12/11/2013