Վահան Հովհաննիսյան. Օրակարգի գլխավոր ուղղությունը


Հայոց Աշխարհի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը

-Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահների ընդգծված ակտիվությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ 2006-ին հայկական կողմին կարող են անընդունելի լուծումներ պարտադրվել։

– Չէի ուզենա՝ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե համանախագահները ուզո՛ւմ են 2006-ին հարցը լուծել, իսկ մենք չենք ուզում։ Մենք ինչպես 2004-ին եւ 2005-ին, այնպես էլ հիմա, շահագրգիռ ենք, որ խնդիրը ինչքան կարելի է շուտ կարգավորվի։ Այլ հարց է, թե ինչպե՞ս հասնել դրան։ Մեզ համար ընդունելի մոտեցում է, եւ կարծում եմ՝ բոլորի համար ընդունելի պետք է լինի, որ խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումային սկզբունքով։ Ցավոք, մինչեւ հիմա զիջումների պատրաստակամություն դրսեւորել է միայն հայկական կողմը։ Ադրբեջանի կողմից զիջումների նույնիսկ ուրվագիծը չի երեւում։ Այսինքն, պարզ չէ՝ ադրբեջանական կողմը խաղաղության դիմաց ի՞նչ է առաջարկում, ի՞նչ է պատրաստվում զիջել։ Այս առումով համանախագահների շտապողականությունը իսկապես որոշ մտահոգության տեղիք է տալիս, որովհետեւ, եթե նույնիսկ այդ շտապողականության հիմքում Ադրբեջանի վրա ազդելու տարրեր կան, կամ համանախագահների եւ ադրբեջանական ղեկավարության միջեւ զիջումների շրջագծում ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, առնվազն մեր հասարակությունը դրանց տեղյակ չէ։ Կարծում եմ, համանախագահների ակտիվությունը ավելի շուտ ուղղված է Ադրբեջանին, այսինքն՝ ադրբեջանական կողմին համոզելու խնդիր ունի, հատկապես եթե նկատի ունենանք Բեռնար Ֆասիեի այցելությունը տարածաշրջան։ Որովհետեւ, որքան էլ մենք բանակցությունների մանրամասներին տեղյակ չենք, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ֆրանսիացի համանախագահի աշխատանքը Ադրբեջանի ղեկավարության հետ հենց ուղղված էր փոխզիջման հիմնական սկզբունքների ձեւակերպմանը, որպեսզի հայկական կողմը, ավելի ճիշտ՝ կողմերը, ի վերջո հասկանան՝ Ալիեւը փոխզիջում ասելով՝ ի՞նչ է հասկանում։ Այս առումով՝ առանձնապես մտահոգվելու բան չեմ տեսնում։

-Չե՞ք կարծում, որ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման ֆոնի վրա մեր «կառուցողականությունը» կարող է թուլության, չարդարացված զիջումների գնալու պատրաստակամության տպավորություն ստեղծել։

-Բանակցային մարտավարությունը, իմ կարծիքով, չարժե խառնել բանակցությունների արդյունքի հետ։ Մի՛ բան կարող եմ ասել՝ մենք շատ ենք կենտրոնացել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթության վրա լուծումներ գտնելու մեջ։ Մինչդեռ կարգավորման գործընթացը դեռ կարող է երկարել, եւ մենք պետք է բոլորովին նոր մոտեցումներ որդեգրենք, ավելի համակարգված աշխատենք հատկապես միջազգային ասպարեզում։ Մեր օրակարգի գլխավոր ուղղությունը պետք է լինի հետեւյալը՝ այո, բանակցություններ Ադրբեջանի հետ, բայց առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգային ճանաչում։

ՊԱՐԶ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ

Վտանգները կչեզոքացվեն Իլհամ Ալիեւի առաջիկա այցը Միացյալ Նահանգները կարո՞ղ է բանակցային գործընթացում ստեղծված ստատուս-քվոն փոխել հօգուտ Ադրբեջանի, ինչպես հայաստանյան որոշ շրջանակներ կանխատեսում են։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, Վահան Հովհաննիսյանը նշեց. «Դրանք պարզ սպեկուլյացիաներ են։ Ըստ իս՝ Ալիեւի այցը պետք է դիտարկել բոլորովին այլ հարթության վրա՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների համատեքստում։ Իհարկե, Ադրբեջանը դեմ չի լինի, ավելին, կփորձի դիվիդենտներ քաղել, Միացյալ Նահանգների՝ Իրանի հետ կապված ծրագրերին աջակցելու համար ինչ-որ պայմաններ առաջ քաշել։ Բայց հայ-ամերիկյան հարաբերությունները, կարծում եմ, այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում չեզոքացնել հնարավոր վտանգները»։

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ օրաթերթ
Լլիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Տպել Տպել