- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն կասկածներ ունի, որ արտահերթ նիստը իշխանությունները կտապալեն

Արմեն1Այսօր, նոյեմբերի 15-ի ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով բյուջեի մասին, 5 բալանոց սանդղակով 2014թ. բյուջեն գնահատել է անբավարար, որովհետև այն չի բավարարում երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

«Մենք ուշի ուշով հետևում ենք ու խոշորացույցով ընկած որևէ դրական բան ենք ման գալիս բյուջեի փաստաթղթում և գտել ենք ընդամենը երկու դրական կետ»,- ասել է Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ այդ կետերն են աշխատավարձերի բարձրացման միասնական սանդղակի ձևավորումը, որը բերեց համաչափություն այդ համակարգում: Իսկ երկրորդ դրական կետը դա բուհերի վարկանշավորումն է, երբ բուհերի վարկանիշը սահմանվելու է ըստ այն ցուցանիշի, թե տվյալ բուհն ավարտողներից քանիսն են անցել աշխատանքի ըստ մասնագիտության:

Նա նշել է, որ ՀՅԴ-ն ներկայացնելու է առաջարկություններ, կան մի քանի համատեղ նախաձեռնություններ, որոնք դեռ բանակցությունների փուլի մեջ են: Արմեն Ռուստամյանը նշել է նաեւ որ ծրագրում են մի քանի կուսակցություններով միանալ ու համատեղ առաջարկություններ ներկայացնել, որովհետև փորձը ցույց է տվել, որ նման մեթոդով կարող են ինչ-որ բան տեղից շարժել:

«Ակնկալում ենք, որ այսօրվա նիստը կգումարվի, թեև լուրջ կասկածներ ունենք, որ այն կարող է տեղի չունենալ: Իշխանությունները խուսափում են այն քննարկումներից, որոնցում կարող են դրսևորվել իրենց ծրագրերի խոցելությունը»,- նկատել է պատգամավորը` չբացառելով, որ հանրապետականները կարող է չգան արտահերթ նիստին, որովհետև ծանոթ են իրենց ծրագրին:

Ըստ Արմեն Ռուստամյանի` Հայաստանի համար ամենավտանգավոր զարգացումը ոչ Ասոցացման համաձայնագրի, ոչ էլ Մաքսային միությանն անդամակցելու տարբերակն է. Հայաստանը նվազագույնը գոնե այդ սահմանը չպետք է սխալներով անցնի, որպեսզի երկու կառույցներից էլ «չընկնի, չհայտնվենք անօգնական, միասնական, մեկուսացած վիճակում»:

Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանը հնարավորություն ուներ ճիշտ ուղղությամբ դնելու հարցերը, Եվրոպային, Ռուսաստանին բացատրելու` որ ուղղությունն է մեզ համար կենսական. «Մենք պետք է շարժենք այն տրամաբանությամբ, թե ո՞րն է մեզ համար կենսական անհրաժեշտության խնդիր, որ լուծել է պետք: Իսկ լուծել պետք է ցանկացածի հետ՝ մեր հարաբերություններն ամրապնդելով: Օրինակ՝ Իրանի հետ մեր հարաբերությունները չի ողջունում Ամերիկան, բայց իրենք հասկանում են, որ մենք կենսական անհրաժեշտություն ունենք իրենց հետ հարաբերություններ կառուցելու համար: Մեր ընտրությունը պետք է մեր նվազագույն, կենսական անհրաժեշտությունից բխի և հասկանան, ըմբռնեն»:

Նա հիշեցրել է, որ իրենք հայտարարել են՝ Մաքսային միությանն անդանակցելու «այլ ճար չկար», ապա նշեց, թե գնալով այս ուղղությամբ Հայաստանը լուծում է մասնավորապես անվտանգության խնդիրը, որը լինելիության աստիճանի հարց է:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը միաժամանակ նշել է, որ այն դաշտում, որտեղ անվտանգության խնդիրը լավագույնս կլուծվի, պետք է այդ դաշտ տեղափոխվենք, ու այստեղ ոչ ոք չի կարող մեզ մեղադրել. «Մենք Եվրոպայի առաջ չենք դրել, որ անվտանգության հարց ունենք, որ մեզ պետք են արտոնություններ, որովհետև սահմանափակված տիրության մեջ ենք զարգանում, որ մեզ տնտեսական արտոնություններ են պետք: Երբ այսպես ես դնում հարցրերը՝ դառնում ես գործընկերոջ համար հասկանալի զրուցակից»:

Արմեն Ռուստամյանը նշել է նաև, որ Ուկրաինան ևս հայտարարում է, որ իրենց ոչ ոք չփոխհատուցեց ՌԴ հարաբերությունների խզմամբ պայմանավորված կորուստները, ուստի իրենք չեն կարող խզել իրենց հարաբերությունները. «Եթե Ուկրաինան չի կարող խզել, բա Հայաստանն ի՞նչ անի: Բնականաբար, մենք հիմա պետք է Եվրոպային էլ ասենք, որ սխալ վարվեցին Հայաստանին մղելով այլընտրանք չլինելու դաշտը»:

Հարցին, թե Ուկրաինան, ի վերջո, կստորագրի ՄՄ անդամակցության համաձայնագիրը, Արմեն Ռուստամյանն ասել է, որ հնարավոր է՝ Ուկրաինան ստորագրի երկու փաստաթղթերն էլ, թե՛ Ասոցացման համաձայնագիրը, թե՛ ՄՄ անդամակցության մասին որոշումը. «Ուկրաինան կստորագրի՞ Ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ, առևտրային հարվածի տակ է, որովհետև հստակ է խնդիրը դրված, որ իրար հետ համատեղելի չեն այս կառույցները: Եթե պարզվի, որ համատեղելի են, հարց կառաջանա՝ բա Հայաստանն ինչո՞ւ չստորագրեց: Կամ պետք է նստեն համատեղելի դարձնեն այն, ինչ համարվում էր մինչ օրս անհամատեղելի, բայց չեմ կարծում, որ մինչև Վիլնյուս դա կհաջողվի»:

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ բացառված չէ, որ ասոցացման գործընթացը վերանայման ենթարկվի, ինչը դրական կլինի նաև Հայաստանի համար, քանի որ «և-և» տարբերակը կդառնա իրագործելի: