«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ ձախողված արտահերթ նիստի, ինչպես նաեւ կենսաթոշակային բարեփոխումների բացահայտ եւ թաքնված վտանգների մասին իր նկատառումներն է ներկայացնում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
-Երեկ հանրապետական պատգամավորներն ամենաբարձր մակարդակով երաշխավորում էին, որ չեն բոյկոտելու, եւ նիստը կայանալու է։ Ավելին՝ օրվա վերջում քաղաքական մեծամասնությանը անհրաժեշտ եղավ նիստից հետո արտահերթ նիստ հրավիրել բյուջեի քննարկումն ավարտելու համար, եւ մենք սիրահոժար մեր ստորագրությունը դրեցինք, որպեսզի նիստը տեղի ունենա։ Բայց արդեն երեկ՝ ուշ ժամի, տեղեկացանք, որ որոշումը փոխվել է, եւ նրանք չեն մասնակցելու արտահերթ նիստին։ Ի՞նչ կարող եմ ասել՝ քաղաքական մեծամասնության ճանապարհներն անքննելի են. խոստանում են, բայց վերջին պահին փոխում են իրենց որոշումը։
-ՀՀԿ խմբակցության ղեկավարը նիստը բոյկոտելու որոշումը հիմնավորում է նրանով, որ այդ նախաձեռնության նպատակն իրականում մեծամասնությանը բովանդակային քննարկումների դաշտ ներքաշելն էր, մինչդեռ ի սկզբանե խոսքը վերաբերում էր կիրարկման ժամկետի երկարաձգմանը։
-Դա միայն պարոն Սահակյանի ենթադրությունն է՝ մենք ներկայացրել էինք օրենսդրական նախաձեռնություն պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին։ Այդ ենթադրությունն անհիմն է՝ չգիտեմ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը ինչի՞ց է եկել նման եզրահանգման։
-Բովանդակային առումով ի՞նչ խնդիրներ, ի՞նչ վտանգներ եք տեսնում՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի գործարկման հետ կապված։
-Ընդհանրապես կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումները բարդագույն խնդիր են ցանկացած երկրի համար։ Այստեղ հնարավոր են բազմաթիվ տարբերակներ։ Մենք ի սկզբանե ասել ենք. այն, ինչ առաջարկում է այս կառավարությունը, Հայաստանի համար ճիշտ տարբերակ չէ՝ հաշվի առնելով նաեւ նախորդ կառավարության եւ Կենտրոնական բանկի՝ անցած 5 տարիներին որդեգրած քաղաքականությունը, մի քանի պատճառներով։
Նախ, Հայաստանում քաղաքացիների եկամուտները չափազանց ցածր են, եւ այդ եկամուտներից նման մասհանումներ անել կենսաթոշակային կուտակային համակարգի համար արդեն իսկ լուրջ սոցիալական խնդիր է։
Երկրորդ՝ այն ռազմավարությունը, որ իրականացնում է կառավարությունը, ոչ այնքան սոցիալական պաշտպանության քաղաքականություն է, այլ ավելի շուտ ծառայում է ֆինանսական շուկան ակտիվացնելու, «երկար փողեր» առաջացնելու նպատակին, ինչը մեր այսօրվա պայմաններում, կարծում եմ, լավագույն լուծումը չէ։
Բոլոր այն երկրները, որոնք գնացել են այս ճանապարհով՝ գոնե դրանց 99 տոկոսը, ձախողվել են։ Միակ դրական օրինակը, որ բերում է կառավարությունը, Չիլիի նախադեպն է, բայց մեր եւ նրանց իրողությունները անհամեմատելի են։
Նշվում է նաեւ Էստոնիայի օրինակը, բայց այս դեպքում էլ համեմատությունը տեղին չէ, որովհետեւ Էստոնիայում գործում է սոցիալական համերաշխության շատ հզոր համակարգ։ Բացի դրանից, նրանք նախ ներդրել են կամավոր կուտակային համակարգը, մի քանի տարի փորձարկել, հետո նոր աստիճանաբար ավելացրել պարտադիր բաղադրիչը, այն էլ՝ միայն 18 տարեկանների համար։
Հաջորդը՝ Էստոնիայում մասհանումները կատարվում են ընդամենը 2 տոկոս քաղաքացու աշխատավարձից, իսկ պետության մասնակցությունը 4 տոկոս է։ Այսինքն՝ համամասնություններն ամբողջապես խախտված են։
Սա նաեւ ծանրաբեռնվածություն է առաջացնում մեր բյուջեի վրա. 2014թ. բյուջեով նախատեսված է 20,7 միլիարդ դրամ տրամադրել քաղաքացիների 5 տոկոս մասհանումները հատուցելու համար։ Եթե այդքան էլ հավաքվի աշխատողներից, ստացվում է 40 միլիարդից ավելի, այսինքն՝ մոտ 100 միլիոն դոլար գնալու է այս հիմնադրամին։
Այստեղ այլ հարցեր էլ են առաջանում՝ որտեղ են ներդրվելու եւ որքանով արդյունավետ են ծախսվելու այդ գումարները։ Պետությունը որոշ երաշխավորություններ տալիս է, բայց միայն գնաճի մասով։ Ամբողջ խնդիրն այն է, որ կառավարությունը ունենալու է «երկար փողեր», որոնց ճակատագիրը, Աստված գիտի՝ ինչ է լինելու, բայց 20, 30, 40 տարի հետո արդյունքները չենք տեսնում, եւ խնդիր էլ չենք դնում՝ գոնե միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների հիման վրա ապահովելու այսքան կենսաթոշակ մեր քաղաքացիների համար։
Մեր համոզմամբ, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե դնեինք, կամավոր կուտակային համակարգը փորձարկեինք, մեխանիզմներն աշխատեին, հետո նոր ինչ-որ չափաբաժնով եւ ինչ-որ տարիքից անցում կատարեինք այս համակարգին։
Սա ամենը չէ։ Հունվարի 1-ին մնացել է ընդամենը ամիս ու կես, բայց հասարակությունը չգիտի, խորհրդարանը չգիտի՝ ուր ենք հասել։ Ըստ կառավարության գործունեության ծրագրի եւ ժամանակացույցի, 2013թ. հուլիսի 1-ին արդեն պիտի Հայաստանում լինեին լիցենզավորված կառավարիչներ, որոնք պետք է համապատասխան երաշխիքներ եւ մեխանիզմներ ստեղծած լինեին։ Այսօր նոյեմբերի 15-ն է, բայց լիցենզիաներ ունեցող կառավարիչները դեռեւս չկան, կառավարությունը ակնհայտորեն չի հասցնում, պատրաստ չէ այդ համակարգի ներդրմանը։
Մենք ընդամենը առաջարկում ենք՝ հետաձգել մեկ տարով, հանգամանորեն քննարկել, հասարակական լայն քննարկումներ անցկացնել, լսել բոլոր փաստարկները եւ հակափաստարկները եւ հարցին ամբողջական, արդարացի լուծում տալ։
-Որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը։ Կարո՞ղ եք հարցը հաջորդ քառօրյայում՝ արտահերթ քննարկման ընթացակարգով, «պարտադրել» մեծամասնությանը։
-Այդ հնարավորությունն այսօր գոյություն չունի, որովհետեւ նստաշրջանն արդեն ավարտվում է։ Այսօր չորս խմբակցությունները, որոնք մասնակցել էին ստորագրահավաքին, հանդիպել են, քննարկել հետագա անելիքները։ Չի բացառվում, որ առաջիկայում հայտարարություն լինի։ Եթե մյուս խմբակցությունները համաձայնեն, գուցե նորից արտահերթ նիստ հրավիրելու հարցով ստորագրահավաք կազմակերպենք։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
armworld.am