Վահան Հովհաննիսյան. Պետք չէ մարդկանց իրար դեմ հանել


Նեզավիսիմյա գազետա թերթի տված հարցազրույցում հանրապետության իրավիճակի մասին է պատմում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հ.Յ.Դ. խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը

-Ձեր կարծիքով՝ Հայաստանն իրո՞ք հայտնվել է հեղափոխության շեմին:

-Իրավիճակը բավական բարդ է: Բայց դրանում դեռ ամրության անհրաժեշտ պաշար կա, որը թույլ կտա իրավիճակը լիցքաթափել առանց լուրջ հետեւանքների: Կատարվածը հարկ է դիտարկել երկու հարթության վրա. ի՞նչ է ուզում ժողովուրդը եւ ինչի՞ է ձգտում ընդդիմությունը: Որքանո՞վ են համընկնում այդ շահերը: Փաստ է, որ հայ ժողովրդի զգալի մասը դժգոհ է ներկայիս իշխանությունից: Դա հերքելը թե՛ հիմարություն է, թե՛ անազնվություն: Բայց դա բոլորովին չի նշանակում, թե ժողովուրդն ուզում է այն, ինչ ընդդիմությունը՝ իշխանության հեղափոխական փոփոխություն, նախագահի հրաժարական: Ժողովրդին այլ բան է պետք. անվտանգություն, սոցիալական բարգավաճում եւ զարգացում՝ քաղաքական, տնտեսական, հոգեւոր, ազգային եւ այլն: Իհարկե, այդ նպատակներին հասնելու եղանակներից մեկն էլ կարող է իշխանափոխությունը լինել: Բայց կարող է եւ չլինել: Եվ մարդիկ դա հասկանում են:

-Ի՞նչ դիրքերում է կանգնած ձեր կուսակցությունն այդ իրավիճակում:

-Դաշնակցությունը, իբրեւ կուսակցություն, կառավարական կոալիցիայի մաս կազմելով, շատ բաներում համաձայն է ժողովրդի պահանջների հետ. ազգի, պետության առջեւ ծառացած խնդիրները պետք է լուծել: Իսկ գործադիր իշխանությունը հաճախ դրանք բոլորովին չի լուծում կամ էլ լուծում է շատ դանդաղ: Եթե ընդդիմությունը հրաժարվեր իր առավելագույն պահանջներից՝ առաջադրելով իրատեսական նպատակներ, այդ ժամանակ մենք կկարողանայինք միասին մտածել, թե այդ իրավիճակում որն է ամենակարճ ճանապարհը՝ իշխանափոխությո՞ւնը, թե՞ մեկ այլ բան: Օրինակ՝ դաշնակցականները համարում են, որ այսօր Հայաստանի զարգացմանը խոչընդոտում է չինովնիկական ապարատի կոռումպացվածությունը, ազատ, շուկայական հարաբերությունների անբավարար զարգացումը:

-Ընդդիմության ապրիլյան ակտիվացումը ծայրաստիճան սրեց ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Երեւանում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր, որոնց միակ կարգախոսն էր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:

-Երկխոսությունն անհրաժեշտ է նաեւ հիմա: Եվ փոխզիջումը հնարավոր է: Ընդդիմության ասածների մեծ մասը, իրոք, իմաստ ունի: Այն, ինչ նրանք պահանջում են, հարկավոր է անել: Այդ պատճառով մենք առաջարկեցինք «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» դաշինքներին աշխատել միասին: Բայց ոչ թե նախագահին փոխելու, այլ իսկապես կարեւոր եւ ժողովրդին անհրաժեշտ նպատակներին հասնելու համար: Մենք այժմ էլ բաց ենք այդ երկխոսության, շփման համար, եւ ես հուսով եմ, որ այն վաղ թե ուշ տեղի կունենա: Միայն պետք չէ մարդկանց իրար դեմ հանել: Ավաղ, ամեն ինչ դրան է գնում:

-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կզարգանա իրավիճակը:

-Կարծում եմ՝ իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է դուրս գան ներկայիս կացությունից՝ պահպանելով իրենց դեմքը: Այստեղ չպիտի լինեն պարտվածներ, առավել եւս՝ ջախջախվածներ: Հարկավոր է գտնել ռացիոնալ հատիկ, փոխադարձաբար ընդունելի մի ինչ-որ միջին, փորձել լուծել հիմնախնդիրները, իսկ քաղաքական վեճերը տեղափոխել խորհրդարան: Ինչ վերաբերում է կանխատեսմանը… Պատկերացրեք, որ Քոչարյանը, այնուամենայնիվ, հրաժարական է տվել: Ըստ Սահմանադրության՝ քառասուն օր հետո պետք է անցկացվեն նոր ընտրություններ: Բայց չէ՞ որ «իշխանության բեկորներն» այդչափ կարճ ժամկետում պարզապես չեն կարող կազմակերպել դրանք: Ընդդիմությունը նույնպես. նա նույնիսկ դեռ չի լուծել միասնական լիդերի հարցը: Արդյունքում՝ իշխանության ղեկի մոտ կհայտնվի գորշ, լպիրշ «դրամական զանգվածը»: Եվ կարեւոր չէ, թե այդ ժամանակ ով կդառնա նախագահ. իրավիճակն անվերահսկելի կլինի: Ժողովուրդը դա հասկանում է, այդ պատճառով էլ հանդես է բերում զսպվածություն:

-Այնինչ ընդդիմությունը չի պատրաստվում հրաժարվել իր միտինգներից: Այդ ակցիաները չե՞ն հանգեցնի իրավիճակի հետագա սրմանը:

-Դժվար է կանխատեսել, բայց ես գիտեմ, որ միտինգներից մեկի ժամանակ (ամեն դեպքում, այդպես հայտարարեց կենտրոնական հեռուստատեսությունը) ձերբակալել են երկու զինված երիտասարդներ: Հարցաքննության ժամանակ նրանք հայտնել են, թե իրենց ծրագրի մեջ էր մտնում միտինգավորների շրջանում խուճապ առաջացնելը եւ բախում հրահրելը: Դիմակայության վերաճումը զինված բախման անթույլատրելի է, բայց դա բացառել, ցավոք, չի կարելի: Իրավագիտության մեջ կա այսպիսի հասկացություն՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանների չարաշահում: Երբեմն իշխանությունն էլ է չարաշահում ինքնապաշտպանության անհրաժեշտ սահմանները, երբ առանձնահատուկ վտանգ է տեսնում:

-Տեղեկատվություն եղավ, թե, ընդդիմության միտինգը ցրելու մասին որոշում կայացնելով, նախագահ Քոչարյանն ստացել է Մոսկվայի հավանությունը: Ճիշտ է, այստեղ այդ վարկածը չեն հաստատում: Ի զորո՞ւ է նախագահը, երկրի ղեկավարը նման իրավիճակում ինքնուրույն հաղթահարել ճգնաժամը: Թե՞ արդեն հաղթահարել է:

-Ի զորու է: Բայց ես չեմ կարծում, թե ճգնաժամն արդեն հետեւում է: Դրա համար կառավարությունը պետք է մշակի ժողովրդի առաջ քաշած պահանջների կատարման հստակ ծրագիր: Ինչ վերաբերում է արտասահմանյան միջամտությանը, դրանք հիմարություններ են: Հայաստանն արդեն քանիցս ապացուցել է, որ դրսից ոչ ոք չի կարող ազդել երկրում տեղի ունեցող գործընթացների վրա: Այս անգամ եւս որեւէ հրահանգ չի եղել, այդ թվում նաեւ Ռուսաստանից:շ

Վիկտորյա ՊԱՆՖԻԼՈՎԱ

ՆԵԶԱՎԻՍԱՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ

23 Ապրիլ 2004, Մոսկվա

Տպել Տպել