- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ չէ ՄՄ-ին անդամակցելուն, քանի որ հստակ ոչինչ պարզ չէ

KMՄաքսային միությանը միանալու` Հայաստանի ցանկության կապակցությամբ կան հարցեր` դեռ հստակ չէ, թե Հայաստանը Մաքսային միությանն ինչ պայմաններով է միանալու, այսօր, նոյեմբերի 20-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նշեց, թե ՀՅԴ-ի համար տակավին պարզ չէ, թե այդ անդամակցության գործընթացներում Արցախի կարգավիճակի հարցն ինչպես պետք է կարգավորվի` ոչ թե անպայման «ԼՂ հարցը կկարգավորվի» իմաստով, այլ այն հարաբերությունները, որ այսօր Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ կան, չպետք է որեւէ ձեւով փոփոխվեն Մաքսային միության հետ կամ այլ տնտեսական համագործակցության պայմանավորվածությունների պատճառով:

Այդ իմաստով էլ, ինչպես նշեց Կիրո Մանոյանը, դեռեւս հստակ չէ ՄՄ-ին անդամակցության խնդիրը, որովհետեւ ոչ միայն Ղարաբաղի հարցով հստակություն չկա, այլեւ ընդհանրապես հստակություն չկա:

«Շատ է խոսվում, թե` շտապում ենք, այսքան պայմանագրերը պետք է մշակվեն, ստորագրվեն եւ այլն, սակայն դրանցից որեւէ մեկը հայտնի չէ, եւ Հայաստանի մասով պարզ չէ, թե Հայաստանն ինչպիսի պարտավորություններ է ստանձնում»,- ասաց Կիրո Մանոյանը:

Այդ առումով, ըստ նրա, հիմք չկա որեւէ լավատեսության, թե ՄՄ անդամակցությունը Ղարաբաղի հարց կլուծի: Անորոշությունը նաեւ դժգոհության առիթ է, որովհետեւ այս պահվածքը ճիշտ չէ, ընդունելի չէ, ու այդ մասին ՀՅԴ-ն ասել էր սեպտեմբերի 3-ից հետո` անկախ համաձայնել-չհամաձայնելու հարցից: Բանախոսն ասաց, թե ՀՅԴ-ն սկզբունքային հակառակություն չուներ ՄՄ-ին անդամակցել-չանդամակցելու հարցում, բայց պետք է պայմանները հստակ լինեն: Որպեսզի կուսակցության կեցվածքը հստակ լինի, այն պետք է հիմնված լինի հստակ տեղեկությունների վրա, թե իրականում ինչ է կատարվում: Քանի որ անորոշություններ կան, կուսակցության կեցվածքն էլ վերջնականապես հստակ չի լինի:

«Հակառակություն չունենք, որովհետեւ ծանոթ չենք պայմաններին. Այսինքն` հայտնի չէ, թե ինչ պիտի վճարենք: Նույնքան անորոշ են մեզ համար Եվրամիությւան հետ գործակցության այդ պայմանագրի պայմանները, սկզբունքորեն դրան էլ դեմ չենք: Դրա համար անհրաժեշտ է, որ հստակ լինի, թե ինչ պայմանների մասին է խոսքը»,- պարզաբանեց Կիրո Մանոյանը` հորդորելով չշահարկել ինքնիշխանության մի մասը զիջելու խնդիրը, քանի որ իրականում որեւէ միության կամավոր մաս կազմելիս ինչ-որ բանից հրաժարվելը շատ բնական է: Բայց այդպիսի զիջումներ բոլորը պետք է անեն, այդ միության անդամ բոլոր պետությունները պետք է նույնքան հրաժարվեն իրենց ինքնիշխանությունից: Իսկ եթե այդպես չի լինելու, ուրեմն արդեն խնդիր կա: Դրա համար էլ պետք է ամեն ինչ պարզ ու հստակ լինի, քանի որ անորոշությունը լավ բանի նշան չէ:

Մինչ այցը Հայաստան ՌԴ նախագահը պետք է հանդիպի Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, ու երեկվա Սարգսյան-Ալիեւ հանդիպման դրական կողմերից մեկն էլ այն է, որ այն տեղի ունեցավ մինչեւ Պուտին-Էրդողան հանդիպումը` Էրդողանի ազդեցության մի քիչ ավելի պակաս լինելու առումով. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Թե այդ հանդիպումն ի՞նչ արդյունքներ կտա, ըստ բանախոսի, դա էլ պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, քանի որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, հատկապես` տնտեսական, բավական սերտ են, մեծանում են եւ, ի վերջո, իրենց քաղաքական ազդեցությունը կունենան երկու երկրների հարաբերությունների, բնականաբար` նաեւ տարածաշրջանային զարգացումների վրա:

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք Պուտին-Էրդողան հանդիպմանը, ինչպես նաեւ նրանց կառավարությունների հանդիպմանը: Պետք է ուշադրությամբ հետեւենք, թե ինչ հարցեր կլուծվեն այդտեղ»,- ասաց Կիրո Մանոյանը:

Իսկ Պուտինի երեկվա այն հայտարարության մասին, թե Հայաստանն ու Ղազախստանը պետք է ՀՕՊ միասնական համակարգեր ստեղծեն, նա ասաց, որ դա տարածաշրջանում սրացումներ կբերի: Ովքեր սրացումների առիթ են փնտրում, կարող են դա որպես պատրվակ օգտագործել, այլապես` ոչ մի այլ ազդեցություն չի լինի, դեռ հակառակը` կստիպի տարածաշրջանի պետություններին ավելի զուսպ լինել’ պատերազմական գործողությունների դիմելուց առաջ:

«Ու հնարավոր է, որ Պուտինի այդ հայտարարությունը’ Հայաստան գալուց առաջ, մեսիջ է ոչ միայն Հայաստանին, այլեւ Արեւմուտքին` ընդհանրապես, որպեսզի նա տարածաշրջանային իր ծրագրերում ուշադիր լինի»,- ասաց Կիրո Մանոյանը:

Որ ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը կարող է մեզ համար ինչ-ինչ վտանգներ պարունակել, դա այդպես է: Որովհետեւ, ըստ Մանոյանի, տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է դրականորեն անդրադառնալ երկու երկրների քաղաքական հարաբերությունների սերտացման վրա, ինչն էլ, իր հերթին, կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հայաստանն էլ այդ հարաբերությունների վրա ազդելու որեւէ հնարավորություն չունի:

Կիրո Մանոյանը անդրադարձավ նաեւ այն իրողությանը, որ Էրդողանն իր խոսքում նշել էր «Քուրդիստան» բառը. նա նկատի է ունեցել Իրաքի Քրդստանը, այլ ոչ թե Թուրքիայի’ փորձելով գոհացնել նաեւ Թուրքիայի քրդերին: Ըստ նրա` Քրդստան ասելով` Էրդողանը նկատի չի ունեցել Թուրքիայի որեւէ տարածք, ուստի տարածաշրջանային զարգացումներում այդ արտահայտությունը չի կարող լուրջ փոփոխություններ նախանշել:

Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է մոտ ժամանակներում հանգեցնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը. «Հույս ունեմ, որ մենք ինչ-որ բան ստացանք այս հանդիպումից: Այլապես, իսկապես, հանդիպման կարիքը չէր լինի: Ինչ-որ բանը, պարզ ասած, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը, հուսով եմ, որ կլինի: Այսինքն, մի քանի շաբաթից մենք արդեն կկարողանանք դեպի Ստեփանակերտ թռչել»: