- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Որտե՞ղ Է հարցերի լուծման բանալին

yuraԵրեւանում երեկ տեղի ունեցավ «ՀԱՊԿ-ը եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» թեմայով խորհրդաժողով՝ նախաձեռնությամբ «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության, «Նորավանք» գիտակրթական կենտրոնի, Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի մասնաճյուղի եւ ՀԱՊԿ վերլուծական ընկերակցության:

Այս կապակցությամբ «Հայոց Աշխարհ»ը զրուցեց «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանի հետ ։

-Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԱՊԿ վերլուծական ընկերակցության ստեղծումը:

-Ընկերակցությունը ստեղծվեց 2013-ի մարտին՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոշմամբ: Ընկերակցության հիմնադրման պատճառը շատ պարզ է. ՀԱՊԿ ղեկավարները օգտագործում են պետական, գերատեսչական տեղեկատվություններ, վերլուծություններ, սակայն անհրաժեշտություն առաջացավ անվտանգության, համագործակցության խնդիրների վերաբերյալ ստանալ նաեւ քաղաքագիտական կենտրոնների գնահատականներն ու վերլուծությունները: Ահա այդ աշխատանքներն էլ կազմակերպված ձեւով կիրականացնի այս վերլուծական ընկերակցությունը:

-Այն, որ ՀԱՊԿ վերլուծական ընկերակցությունն իր առաջին խորհրդաժողովը կազմակերպեց Երեւանում, պայմանավորված է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման շուրջ ակտիվ ընթացող գործընթացներո՞վ:

-Ճիշտն ասած, դրանք ուղղակիորեն միմյանց հետ կապված չեն, որովհետեւ եթե անգամ Հայաստանը կայացներ մեկ այլ ինտեգրացիոն որոշում եւ շարժվեր մեկ այլ ուղեծրով, ապա, միեւնույն է, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, նման վերլուծական աշխատանքներ Հայաստանի հետ կազմակերպվելու էին: Ինչու, որովհետեւ Հայաստանը, ինչպես եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, ուղղակի թե անուղղակի, բախվում է տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներին:

Իսկ դրանք քիչ չեն՝ ինֆորմացիոն անվտանգություն, ոչ լեգալ միգրացիա, թմրամիջոցների առք ու վաճառք, ռազմական սպառնալիքներ: Արցախյան հիմնախնդրի չկարգավորված լինելու հանգամանքը, Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, նրա կողմից՝ սպառազինության ընդլայնումը այն անմիջական մարտահրավերներն են, որոնց առաջ կանգնած է Հայաստանը:

Ուրեմն, անդամակցելով ՀԱՊԿ վերլուծական ընկերակցությանը, պետք է կարողանանք համակարգված ձեւով ներկայացնել մեր տեսակետները թե՛ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների, թե՛ գլոբալ խնդիրների վերաբերյալ: Սրանք կարեւորելով էլ առաջին գիտաժողովը կազմակերպեցինք հենց Երեւանում:

Հիշո՞ւմ եք, Մինսկում տեղի ունեցած Եվրասիական միության բարձրագույն խորհրդի անդամների հանդիպման ժամանակ Բելառուսի ու Ղազախստանի նախագահների կողմից որոշակի տրամադրություններ արտահայտվեցին։ Դա ցույց տվեց, որ անհրաժեշտություն կա լրջագույն աշխատանք իրականացնելու այս երկրների պետական ուսումնական հաստատությունների, վերլուծական կենտրոնների հետ:

-Կարծում եք, տեղեկատվական, վերլուծական բա՞ցն էր պատճառը, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման համար Բելառուսի նախագահը ցանկացավ նախ հաշվի նստել Ադրբեջանի կարծիքի հետ:

-Իսկ ինչու ոչ: Եթե մենք Բելառուսում կամ Ղազախստանում ունենանք գոնե երկու պատրաստված քաղաքագետներ, որոնք հայկական խնդիրները խորքային վելուծությամբ կներկայացնեն համապատասխան կառույցներին, շատ արդյունավետ կլինի մեզ համար։ Դրանով նաեւ կլրացնենք պետական, գերատեսչական, դիվանագիտական խողովակներով կատարվող աշխատանքը: Ես շատ եմ կարեւորում այս ընկերակցության միջոցով Ղազախստանի, Բելառուսի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների պետական վերլուծական ինստիտուտների հետ աշխատելը, նրանց անհրաժեշտ չափով հայկական խնդիրներին հասանելի դարձնելը: Տեղեկացվածության պակասը մեր շահերից չի բխում:

-Չնայած հայտարարված զինադարարին, ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի հերթական խախտումն է արձանագրում: Հնարավոր չէ՞ ՀԱՊԿ շրջանակներում հասնել նրան, որ դադարի Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ:

-Դուք խոսում եք մի այնպիսի պետության մասին, որի առաջին դեմքն է ռազմատենչ քաղաքականության հեղինակը: Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ այդ շրջանակներում ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցությունն այն զսպաշապիկն է, այն վստահելի հովանոցը, որը կարողանում է գլոբալ առումով զսպել ագրեսիվ տրամադրված պետության ղեկավարին:

Ցավոք, դա դեռ հնարավոր չի լինում կատարել նաեւ լոկալ իմաստով. ո՛չ Հայաստանը, ո՛չ ՀԱՊԿ-ը չեն կարող կանխել տաք գլուխներին ու արկածախնդիրներին: Բայց, կրկնում եմ, գլոբալ առումով զսպումը կատարվում է: ՀԱՊԿ-ում մշակված են բավարար մեխանիզմներ վտանգի դեպքում անդամ երկրին օգնելու համար:

Մի բան է, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստանում է զենքի մեծ քանակություն, մեկ այլ բան, եթե չլիներ այս զսպաշապիկը: Հավատացեք, եթե Հայաստանը լիներ միայնակ՝ պատկերը բոլորովին ուրիշ կլիներ: Չնայած Ադրբեջանը մեծ չափերով սպառազինվում է, սակայն չմոռանանք, որ բալանսը վերահսկելի է:

Գիտեք, երբ ագրեսիվ տրամադրված պետությունը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, ուզում է հաշվարկել իր պոտենցիալը, բնականաբար արձանագրում է հետեւյալ փաստերը. հակառակորդ կողմը կոլեկտիվ անվտանգության անդամ է, որն ունի արագ արձագանքման, խաղաղարար ուժեր եւ հարկ եղած դեպքում քաղաքական, ռազմական «սիգնալ» կստանա, ուրեմն պաշտպանված է:

-Ի՞նչ կասեք Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի հայտարարության մասին՝ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում ռազմակայանը ռազմական գործողություններ կսկսի:

-Ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ եւ կասեմ ընդամենը հետեւյալը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է ու այդ շրջանակներում պաշտպանված է։ Չմոռանանք նաեւ, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Ահա սա՛ է բանալին, որտեղ լուծվում են բոլոր հարցերը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

armworld.am