- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ալբերտ Աճեմյան. Մոսկովյան քննարկումներ

[1]
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Ալբերտ Աճեմյանը, ընկերակցությամբ ՀՅԴ Բյուրոյի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Սեյրան Բաղդասարյանի, հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ռուս պաշտոնյաների ու քաղաքագետների հետ: Այցի արդյունքները գնահատում է Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ Ալբերտ Աճեմյանը:

-Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանդիպումը եւ ո՞ւմ նախաձեռնությամբ այն կայացավ:

-Հանդիպումը կազմակերպվել էր ու կայացավ Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով՝ նկատի ունենալով նախ առկա միջազգային եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների սրընթաց զարգացումները, որոնք տեղի են ունենում Սեպտեմբերի 11-ի նյույորքյան իրադարձություններից հետո:

Երկրորդ՝ նկատի ունենալով Հարավային Կովկասի ու Հայաստանի կարեւորությունը տարածաշրջանում հարավ-հյուսիս, արեւելք-արեւմուտք քաղաքական-տնտեսական առանցքների խաչմերուկում, մասնավորապես Ռուսաստանի համար:

Եվ երրորդ նկատի առնելով նաեւ Հայաստանում ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի մեջ գործող ամենածավալուն ու ազդեցիկ քաղաքական կազմակերպության՝ ՀՅ Դաշնակցության հանգամանքը, որի դիրքորոշումները շատ ու շատ հարցերում չի նույնանում ՀՀ իշխանությունների մոտեցումների հետ, ուստի Ռուսաստանի պետական քաղաքագիտական նման առաջատար կենտրոնի համար պիտի հետաքրքիր լիներ ու անհրաժեշտ՝ լսելու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչների տեսակետները, գնահատականն ու դիրքորոշումները, որոնք վերաբերում են տարածաշրջանում ընթացող քաղաքական զարգացումներին՝ ընդհանրապես ու Հայաստանի արտաքին քաղաքականության, ներքաղաքական իրավիճակի, Արցախի հիմնահարցի ու հայ-ռուսական հարաբերություններին՝ մասնավորապես:
Հարց.-Ովքե՞ր էին մասնակցում ռուսական կողմից, ու՞մ էին նրանք ներկայացնում:

-Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի քաղաքական կյանքում դերակատար եւ բավական բարձր դիրք ունեցող պաշտոնյաներ, որոնք ներկայացնում էին Արտաքին գործերի նախարարության հարավ կովկասյան երկրների դեպարտմենտները, այդ գծով Հայաստանի բաժնի ղեկավարները, ՌԴ անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության ու այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանյան ներկայացուցիչը, ինչպես նաեւ քաղաքագիտական-վերլուծական կենտրոնների ու մի շարք լրատվամիջոցների պատասխանատու ներակայցուցիչներ:

-Ի՞նչ հարցեր էին կարեւորում ռուսները: Ի՞նչ հարցեր էիք կարեւորում դուք:

-Ռուս քաղաքագետներին հետաքրքրում էր Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումները, տնտեսական իրավիճակը, Արցախի հիմնահարցի հանգուցալուծման բանակցային գործընթացի հեռանկարներն ու Հ.Յ. Դաշնակցության տեղն ու դերը վերոհիշյալ հարցերում, ինչպես նաեւ Հայ Դատի ուղղությամբ տարվող աշխատանքները:

Մեզ համար կարեւոր էր ռուս-հայկական կապերի զարգացման հարցերը՝ ռազմական ու մանավանդ տնտեսական, ինչպես նաեւ մշակութային բնագավառներում: Մեզ հետաքրքրում էին նաեւ Արցախի հարցի հանգուցալուծման գծով Ռուսաստանի մոտեցումները եւ վերջապես, Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցքի կայացման ու ամրացման երաշխիքները ու այդ գործընթացում առկա խոչընդոտները:

-Այս հարցի շրջանանակներում Դուք ի՞նչ դրույթներով հանդես եկաք:

-Ելնելով միջազգային եւ տարածաշրջանային այս նոր փոխհարաբերությունների իրադրություններից ու քաղաքկաան-տնտեսական զարգացումների ներկա իրավիճակի լույսի ներքո՝ երեք հիմնական առանցքների շուրջ ներկայացվեցին այն մարտահրավերները, որ այսօր դրված են մեր առջեւ, որպես պետություն ու ժողովուրդ:

Առաջին՝ Հայաստանի անվտանգության ու հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության հարցը՝ նկատի ունենալով չարաշահման փորձերը, որ մեծապետական որոշ ուժեր կատարում են միջազգային ահաբեկչության դեմ ծավալած արշավը որպես քրիստոնյա-իսլամ հակամարտություն, կամ այսպես ասած, քաղաքակրթությունների ընդհարում ներկայացնելու ուղղությամբ: Եվ կամ ազգային ազատագրական պայքար հասկացությունը նույնացնելով ահաբեկչության հետ, դավադրկան ապատեղեկատվությամբ ու քարոզչությամբ փորձում են Արցախի հարցով հագուրդ տալ իրենց նկրտումներին: Ներկայացրեցինք նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից 907 բանաձեւում արգելքի վերացման գործընթացի բերումով Արցախի անվտանգության խոցելիության հարցը, միաժամանակ՝ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Ջավախքահայության անվտանգության հարցը՝ նրանց մարդկային, ազգային, մշակութային իրավունքների պահպանման հարցերը եւ այլն:

Երկրորդ՝ Հայաստանի Արտաքին քաղաքականության ոլորտում կարեւորեցինք արեւելումի հարցերը՝ նկատի առնելով միջազգային քաղաքական ներկա իրադրությունը, որոնք կտրուկ կերպով արագացրել են աշխարհի բաժանման ազդեցության գոտիների եւ կայուն դաշինքների կազմավորումը, որոնցով էլ որոշվելու է ուժերի վերադասավորումը ապագայում:

Ելնելով տարածաշրջանում ռազմավարական շահերի ընդհանրությունից, անդրադարձանք Հայաստան-Ռուսաստան երկկողմ ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում քաղաքական, ռազմական եւ տնտեսական դինամիկ համագործակցության հարցին, որը ոչ միայն համապատասխանում է մեր երկրների ազգային անվտանգության պաշտպանության խնդիրներին, այլեւ հանդիսանում է ուժերի հավասարակշռության գործոն, ինչը գալիս է ապահովելու կայունությունը Հարավային Կովկասում:
Եվ երրորդ՝ Հայաստանում հայության թվաքանակի պահպանման ու նրա ազգային անվտանգության հարցերը, նկատի առնելով երկրից դեռ շարունակվող արտագաղթը եւ դրան տուն տվող տնտեսական ու սոցիալ-հոգեբանական այլ պատճառները, որ մեր կարծիքով այդ ծանր իրավիճակի մեղմացման մեջ մեծ դեր կարող էր ունենալ Ռուսաստանը: Նկատի ունեմ հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման անբավարար մակարդակը, որը չի համապատասխանում ռազմա-քաղաքական համագործակցության բարձր մակարդակին: Իրադրություն՝ որը անշուշտ ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, ինչպես Ռուսաստանն ու Հայաստանը կապող ցամաքային ճանապարհների փակ լինելը, երկու երկրների համագործացության համար անհրաժեշտ քաղաքական կամքի ու վերջապես իրավական դաշտի բացակայությունը եւ այլն:

-Ի՞նչ նշանակություն եւ արդյունք ունեցավ հանդիպումը: Ի՞նչ շարունակություն է այն ենթադրում՝ հայ-ռուսական հարաբերությունների հարստացման դիտանկյունից:

-Երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման ու զարգացման գործում ոչ միայն միջպետական-կառավարական կապերն ու ծրագրերն են դերակատար, այլ միաժամանակ մեծ դեր է վերապահված տվյալ երկրներում ու իրենց ժողովուրդների մեջ գործող այն քաղաքական ուժերի կամ հաստատությունների ճիգերին, որոնք նախ, անկեղծորեն հավատացած են այդ կապերի հաստատման կարեւորությանը, ու գալիս են մղում տալու, հասարակական եւ պետական կարծիքը կողմնորոշելու, առակա խոչընդոտները վերացնելու, համագործակցության դաշտը ձեւավորելու ու ընդլայնելու ուղղությամբ:

Այդ առումով, կարծում եմ, որ կարեւոր նշանակություն ունեցավ այս հանդիպումը եւ հավատացած եմ, որ նման նախաձեռնությունները օգտակար են եւ պիտի շարունակվեն որպեսզի ստեղծված դրական քաղաքական ենթահողի վրա խարսխվի ռազմավարական նշանակություն ներկայացնող երկու բնական դաշնակից երկրների ու ժողովուրդների միջեւ հաստատուն համագործակցությունը:

ԵՐԵՒԱՆ, 15 Դեկտեմբեր 2001
Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան