Յօդուածը, որպէս զեկուցում, ներկայացուել է 2013 թ. հոկտեմբերի 17-19 Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայում «Հայագիտութիւնը եւ արդի ժամանակաշրջանի մարտահրաւէրները» խորագրով կազմակերպուած հայագիտական միջազգային երկրորդ համաժողովում:
[1]Հայոց ցեղասպանութեան` առ այսօր գործող հետեւանքներից մէկն էլ Արեւմտեան Հայաստանում եւ Թուրքիոյ Հանրապետութեան այլ տարածքներում վերապրած հայութիւնն է: Այս խնդիրը երկար ժամանակ ոչ միայն չէր քննարկւում, այլեւ որպէս այդպիսին` հանրութեանը ծանօթ չէր: Այն մասնակի կերպով արծարծուել է որոշ յուշագրութիւններում եւ հետազօտութիւններում: Հարցին առաջին անգամ հրապարակայնօրէն անդրադարձաւ Պոլսոյ հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստեանը, 1980-ին, հայութեան այդ հատուածին բաժանելով 4 խմբի.
«ա. Հայեր, որոնք գիտակցաբար եւ կամաւոր կերպով իսլամացել են, խզուել են հայութիւնից եւ ապրում են թուրքերի մէջ: Սրանք են, որ մինչեւ միլիոնի հասնում են իրենց թուով:
բ. Հայեր, որոնք երեք սերունդ առաջ իսլամացել են եւ քրտական աշիրէթական ձեւերով ապրում են մեկուսի եւ չեն խառնւում: Խնուսի շրջանում հարիւր ընտանիքներ կան այդպիսիներից, որ գիտեն, թէ հայ են, գիտակցաբար իրենց մէջ ամուսնանում են եւ փափաքում են վերադառնալ իրենց պապերի կրօնին, եթէ իրենց պայմանները ներեն:
գ. Կամայ թէ ակամայ իսլամացած հայեր, որոնք իրենց հայկական զգացումը պահել են եւ Պոլիս հաստատուելուն պէս` դատարանի միջոցով իրենց անձնագրի վրայի «իսլամ» գրութիւնը «Էրմենի»-ով են փոխարինում:
դ. Բուն գաւառահայերը, որ պատիւ իրենց, հակառակ բոլոր զգալի եւ անզգալի դժուարութիւններին, հայ են մնացել, եւ այսօր Պոլսի հայութեան մեծագոյն մասը նրանցից է բաղկանում»[1]:
Բուն գաւառահայերի թիւն այսօր տարբեր տուեալներով 3-5000 է: Ըստ էութեան, պոլսահայ համայնքն այսօր հիմնականում բաղկացած է այս հայերից, որոնք 40-ական թուականներից սկսած` աստիճանաբար տեղափոխուեցին Պոլիս կամ արտասահման: Միւս խմբերը իսլամացած են կամ ալեւի:
Երեւոյթի ուսումնասիրութեան համար կարեւորւում են այն հարցերի պատասխանը, թէ`
1. Ինչո՞ւ եւ ի՞նչ գործօնների ազդեցութեան տակ իսլամացան այս հայերը:
2. Նրանք այսօր ունե՞ն ազգային ինքնութեանը վերադառնալու հնարաւորութիւն:
3. Ինչպիսի՞ն է թուրքական իշխանութիւնների, գիտական շրջանակների եւ հասարակութեան վերաբերմունքը հայութեան այս զանգուածների նկատմամբ:
Օսմանեան կայսրութիւնում հայերի իսլամացումն ունի դարերի պատմութիւն, սակայն երբեք չի ընդունել համակարգուած բնոյթ: Այն տեղի է ունեցել պարագայաբար` տարբեր գործօնների ազդեցութեամբ:
Համակարգուած ու զանգուածային իսլամացման գործընթացն սկսւում է Ցեղասպանութեան քաղաքականութեան գործադրումով: Յովհաննէս Լեփսիուսը «Գերմանիան եւ Հայաստանը 1914-1918 թթ.» աշխատութեան մէջ գրում է. «Սակայն այս բոլոր միջոցառումները (իմա` իսլամացումը, Հ.Ա.) մինչեւ այժմ համատարած չէին, այլ հանդիսանում էին միայն առանձին գաւառական եւ տեղական պաշտօնեաների կամայականութիւնները: Այժմ դրանք կատարւում էին մեթոտապէս»[2]:
Աւելի՛ն. երիտթուրքական կառավարութեան 1915թ. մայիսին ընդունած որոշմամբ իսլամ ընդունող հայերը չէին տեղահանւում: Սկսւում է զանգուածային իսլամացման գործընթացը: Երկու ամսում իսլամ ընդունողների թիւն անհանգստացնում է անգամ կառավարութեանը, որը յուլիսի 1-ին յատուկ շրջաբերականով արգելում է հայերի կրօնափոխութիւնը, քանզի, Թալէաթի խօսքերով, «Սրանց նպատակը ոչ թէ իրօք մուսուլման դառնալն է, այլ ընդամէնը աքսորից փրկուելը»: Թաներ Աքչամն այդ մասին գրում է. «Միացեալ Նահանգների եւ Գերմանիոյ հիւպատոսներն իրենց յղած զեկոյցներում հաղորդում են, թէ հայերը պետութեան դռների մօտ մեծ հերթեր էին գոյացրել, եւ տեղի էր ունենում հաւաքական դաւանափոխութիւն: Հաւատափոխ եղողներն իրօք չէին տեղահանւում: Միայն իրենց ապրած վիլայեթի սահմաններում ցրւում էին որեւէ մուսուլմանական գիւղում կամ աւանում: Սակայն իսլամ ընդունողների թիւը ենթադրեալից շատ աւելին էր: Կառավարութիւնը թերեւս այն պատճառով, որ այդչափ մեծ կրօնափոխութիւնն անակնկալ էր իր համար, հարկադրուած եղաւ չեղեալ անել այդ որոշումը»[3]:
1915 թ. նոյեմբերին, երբ արդէն գրեթէ ողջ հայութիւնը տեղահանուած կամ բնաջնջուած էր, այս կամ այն կերպ փրկուածներին դարձեալ պարտադրեցին կրօնափոխութիւն, իսկ 1916 թ. գարնանից սկսած` այն դարձաւ հարկադրական: Թուրքիոյ Հանրապետութիւնը օրինականացրեց կայսրութեան այս քաղաքականութիւնը` երկրի ողջ բնակչութեանը սահմանադրութեամբ հռչակելով թուրք: Չանդրադառնալով այնուհետ տեղի ունեցած բոլոր գործընթացներին (խտրական հարկային, կրթական եւ ազգային քաղաքականութիւն, յեղաշրջումներին յաջորդած նորանոր բռնութիւններ եւ այլն), կը խօսենք դրանց պատճառով ստեղծուած եւ այսօր գոյութիւն ունեցող իրավիճակի մասին:
Բացառութեամբ Պոլսի եւ գաւառաբնակ մի քանի հազար հայերի` Թուրքիայում բնակուող հայերն ամբողջութեամբ կրօնափոխ են: Սրանք ըստ դաւանանքի բաժանւում են երկու խմբի` սիւննի իսլամներ եւ ալեւիներ. վերջիններիս թիւը համեմատաբար փոքր է: Այս հայերը հիմնականում հանդէս են գալիս քրդի, թուրքի եւ զազայի, մասամբ էլ ասորու եւ արաբի ազգային ինքնութեան պիտակներով: Առանձին մեծ խումբ են կազմում մօտ երեք դարերի ընթացքում իսլամացած համշենահայերը: Սրանց ինքնանուանումն է հեմշինլի, այսինքն` համշենցի. նրանց այդպէս են անուանում նաեւ միւս ժողովուրդները: Լազերի հետ բնակուողների մէջ ձեւաւորուել է նաեւ հայ լազերի մի առանձին շերտ:
Կրօնափոխ հայերն իրենց ներսում բաժանւում են երկու խմբի.
ա. Առաջին խմբի մէջ ազգային ինքնութեան գիտակցութիւնը կորել է կամ շատ թոյլ է: Այս խումբը կա՛մ ձուլուել է, կա՛մ գտնւում է ձուլման ճանապարհին:
բ. Երկրորդ խումբը կազմում են գաղտնի կամ ծպտեալ հայերը, ովքեր գիտակցում են իրենց ազգային պատկանելութիւնը, այն գաղտնի կերպով փոխանցում են սերնդէ սերունդ, իրենց ընտանիքներում պահպանում են հայկական ազգային որոշ սովորոյթներ, աւանդոյթներ եւ մշակութային տարրեր, հիմնականում խուսափում են օտարների հետ ամուսնութիւնից եւ այլն: Նրանք նպաստաւոր պայմաններում վերադառնում են հայկական ինքնութիւն. նրանց թիւն առայժմ մեծ չէ, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ դարեր շարունակ իրենց մաշկի վրայ զգալով թուրքական ազգային քաղաքականութեան հետեւանքները, կրելով անասելի տառապանքներ եւ ենթարկուելով ցեղասպանութեան` նրանց մեծ մասը, բնականաբար, չի կարող վստահել Թուրքիոյ իշխանութիւններին եւ բացայայտ կերպով խօսել իր ինքնութեան մասին:
Կան նաեւ այլ դժուարութիւններ. նախ` պէտք է դիմել պետական համապատասխան մարմինին, արխիւային փաստաթղթերով ապացուցել հայկական ծագումը, դատարանի միջոցով այն վաւերացնել, որի համար սահմանուած է 6 ամիս ժամանակ, այնուհետեւ պարտադիր կերպով մասնակցել պատրիարքարանի կազմակերպած վեցամսեայ դասընթացներին, որից յետոյ մկրտութեան համար մուծել շօշափելի գումար, դրանից յետոյ դիմել անձնագրային վարչութիւն եւ փոխել անձնագիրը, որի մէջ պէտք է նշում կատարուի տուեալ անձի քրիստոնեայ լինելու մասին: Եթէ հաշուի առնենք, որ այս մարդիկ բնակւում են գաւառներում, ներկայացնում են ժողովրդի առաւել համեստ խաւերը, հիմնականում ունեն ցածր իրաւագիտակցութիւն եւ ի վիճակի չեն մէկ տարի դիւանակալական քաշքշուկներով զբաղուելու կամ Պոլսում դասընթացների մասնակցելու, պատկերը կ՛ամբողջանայ:
Հայութեան այս խմբերը բնակւում են.
«ա. Արեւմտեան Հայաստանում. Կարս, Կարին, Երզնկա, Վան, Մուշ, Սասուն, Մուտքի, Աջար, Վարդօ, Բաղէշ, Տերսիմ, Շապին-Գարահիսար, Բիւրակն, Ակն (Քեմալիէ), եւ այլ բնակավայրերում բնակւում են թաքուն (ծպտեալ) հայեր:
բ. Հարաւարեւմտեան Հայաստանում. Տիգրանակերտ, Կորճայք (Հաքքեարի), Ուրֆա, Սայլակկայա, Մալաթիա, Կերկեր, Դերիկ, Խարբերդ, Ատըյաման, Մարտին, Սղերդ, Արաբկիր եւ այլ բնակավայրերում հիմնականում բնակւում են «թաքուն» եւ մասամբ էլ` քրիստոնեայ հայեր:
գ. Պոնտոսում. Տրապիզոն, Արդուին, Ռիզէ, Խոփա, Բորչկա եւ այլ բնակավայրերում` իսլամացած համշէնահայեր:
դ. Պատմական Կիլիկիայում. Ալեքսանտրեթ, Ատանա, Քրքխան, Մերսին, Վագըֆ եւ այլ բնակավայրերում կան պատրիարքարանին ենթակայ քրիստոնեայ համայնքներ եւ «թաքուն» հայեր:
ե. Փոքր Հայքում եւ յարակից շրջաններում. Կեսարիա, Ամասիա, Գիւմուշհաճըգիւղ, Գաստամոնու, Եոզկաթ, Պողազլեան, Սեբաստիա, Թոքաթ, Անթալիա, Անգարա եւ այլ բնակավայրերում բնակւում են ե՛ւ իսլամացած համշէնահայեր, ե՛ւ թաքուն, եւ քրիստոնեայ հայեր»[4]:
Նշուած շրջանների հայութեան խնդիրներով զբաղուող ուսումնասիրողները նշում են տարբեր թուեր, սակայն առաւել հիմնաւորուած պէտք է համարել 2,5-3 միլիոնը:
Դեռեւս 1918 թ. դեկտեմբերի 16-ի համարում «Այգը» գրում է. «Ըստ վերջին ստոյգ տեղեկութիւնների, Տաճկաստանում ապրում է մէկ միլիոն հայ»[5]: Սակայն 1918-1920 թթ. շարունակուող հալածանքների, կոտորածների ու տեղահանութիւնների պատճառով այս թիւը էականօրէն կրճատուեց: Սեւրի պայմանագրի նախօրէին` 1920 թ., անգլիացիներին տուած իր վիճակագրական տեղեկագրում պատրիարքը Ցեղասպանութիւնից փրկուածների թիւը գնահատել է 625 հազար[6]»:
1920-1922թթ. ընթացքում Քեմալ Աթաթուրքի գլխաւորած, այսպէս կոչուած, ազգային-ազատագրական պատերազմին զոհ գնացին երկու հարիւր հազարից աւելի հայեր:
Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տուեալներով, որն ամփոփումն է 1918-1922 թթ. զանազան հայկական եւ օտար աղբիւրների տուեալների, 1922 թ. Ցեղասպանութիւնից փրկուածների թիւը մօտ չորս հարիւր հազար է եղել:
Թուրքիայի բնակչութեան աճի կշռոյթը հաշուի առնելով (1915թ. յետոյ Թուրքիայի բնակչութիւնն աճել է մօտ 7-8 անգամ)` պէտք է ենթադրել, որ իսլամացած հայերի թիւն այսօր կարող էր լինել 2,5 – 3 միլիոնի սահմանում[7]: Այս թիւը չի ներառում համշէնահայերին: Համշէնահայութեան խնդիրների լաւագոյն հետազօտողներց մէկի` ծնունդով ռիզեցի, համշենահայ Ալիէ Ալթի (մկրտուելուց յետոյ` Ալիս Կոստանեան) տուեալներով, իսլամացած համշէնահայութեան թիւն անցնում է մէկ միլիոնից[8], որից 350 հազարն արտագաղթել է[9]: Նոյն յարաբերակցութիւնն ենք ընդունում նաեւ հայերի միւս խմբերի համար, այսինքն արտագաղթածների թիւն ընդունում ենք 30 տոկոս: Այս թիւը Թուրքիայից արտագաղթածների պաշտօնական ընդհանուր թուից (6 տոկոս) 5 անգամ շատ է, սակայն նկատի ունենալով, որ հայերը (թէկուզ իսլամացած) աւելի շատ պատճառներ ունեն արտագաղթելու, կարելի է համարել ընդունելի:
Այսպիսով, հանելով արտագաղթածներին, կը ստանանք 2-2,5 միլիոնին մօտ թիւը, որի գրեթէ կէսը ծպտեալ կամ գաղտնի հայեր են: Սրան մօտ են նաեւ թուրքական պաշտօնական տուեալները. այս տարուայ սեպտեմբերի 25-ին Հիւրրիյէթում Թուրքական պատմագիտական ընկերութեան նախկին նախագահ Եուսուֆ Հալաչօղլուն, դարձեալ անդրադառնալով ծպտեալ հայերի խնդրին, գրում է. «Եթէ ՄԱԿ-ի գրանցումները նայենք, կարող ենք ասել, որ այսօր Թուրքիայում ապրում է շուրջ 500 հազար ծպտեալ»: Խօսքը ծպտեալների եւ ոչ թէ բոլոր իսլամացած հայերի մասին է: Մէկ այլ ազգայնամոլ` Եուսուֆ Կեզկինը աւելի է բացում փակագծերը. «Այսօր Անատոլիայում… ենթադրւում է, որ գոյութիւն ունի 500 հազարից մինչեւ մէկ ու կէս միլիոնի միջեւ տատանուող հայ ազգաբնակչութիւն: Այս հատուածի մի մասն իրօք մահմետական է դարձել եւ լուծուել թուրք ու քիւրտ հասարակութեան մէջ: Բայց նշանակալից չափով հայեր ծպտեալ վիճակում պահպանում են հայկական ինքնութիւնն ու կրօնը: Այսօր այս հատուածի զաւակները հասարակութեան մէջ շատ աւելի ազդեցիկ են, քան` բացայայտ հայերը: Իրենց ծննդավայրն ու անունները փոխելուց յետոյ մեծ քաղաքներ եկած ծպտեալ հայերը շատ ներգործուն են դիւանակալական ամենառազմավարական կէտերում, ինչպէս նաեւ` արուեստի եւ Զանգուածային լրատուական միջոցների աշխարհում» (Եուսուֆ Կեզկին, www.sagduyu.de):
Իսլամացած հայութեան թուի մասին գրեթէ նոյն տեսակէտն ունէր նաեւ հարցի լաւագոյն գիտակներից մէկը` Հրանդ Տինքը, որը մի առիթով գրել է. «Եթէ Թուրքիան Եւրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւնը առնուազն երկու միլիոն եւս շատնայ Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւով»:
Յաջորդ հարցն այն է, թէ հայութեան այս հատուածն ունի՞ հնարաւորութիւն իր ինքնութեամբ ապրելու: Հիւրրիյէթի նշուած հրապարակման մէջ Եուսուֆ Հալաչօղլուն ասում է. «Բնականաբար, ինձ չի անհանգստացնում որեւէ մէկի հայ կամ մահմետական լինելը, բայց ես չեմ ուզում խաբուել: Այս միջանկեալ վիճակը նրանց տեսանկիւնից էլ է զուլում եղել: Իրենց մուսուլմանի դիմակի տակ ներկայացնող մարդիկ պէտք է իրենց իրական կրօնով հանդէս գան մեր հասարակութիւնում: Նշանակում է` քաշւում են: Ըստ իս, այլեւս նման մթնոլորտ չկայ Թուրքիայում: Աւելի՛ն. նրանք կը լինեն Լոզանի պայմանագրով ամրագրուած հովանու ներքոյ»: Սակայն հասկանալի է, որ մի երկրում, որտեղ բոլորը սահմանադրութեամբ հռչակուած են թուրք, դա գործնականում անհնար է: Լոզանի պայմանագիրը գրեթէ հարիւր տարի, բացի Պոլսից (այն էլ` վերապահութիւններով), ոչ մի այլ բնակավայրում չգործեց: Ծպտեալութեան երեւոյթը Թուրքիոյ կառավարութեան վարած ազգային քաղաքականութեան հետեւանքն է, ուստի հարկաւոր է փոխել նախ այդ քաղաքականութիւնը եւ այդ քաղաքականութիւնը պայմանաւորող սահմանադրութեան համապատասխան յօդուածները: Սակայն կարեւորագոյն պայմանը ազգայնամոլ շրջանակների եւ հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների մէջ հայերի եւ այլ փոքրամասնութիւնների նկատմամբ ձեւաւորուած թշնամական վերաբերմունքի, այլամերժութեան վերացումն է:
Վերջին 10-15 տարում իսլամացած հայերի եւ այլ փոքրամասնութիւնների ազգային ինքնութեան զարթօնքը հնարաւոր եղաւ` շնորհիւ մի շարք հանգամանքներ, որոնցից կարեւորներն են քրտական շարժումը, ԽՍՀՄ-ի փլուզումը եւ Թուրքիոյ` ԵՄ-ին անդամակցութեան հետեւողական ջանքերը: Փոքրամասնութիւնների ազգային ինքնագիտակցութեան վերելքը կասեցնելու եւ թուրքական խարխլուող ինքնութիւնը վերջնական փլուզումից փրկելու համար թուրք հասարակութեան մէջ սերմանւում է փոքրամասնութիւնների նկատմամբ թշնամանք ու ժխտողականութիւն, որն առաւել ընդգծուած է դրսեւորւում հակահայ, հակայոյն եւ հակահրեայ քարոզչութեան մէջ:
Մինչեւ «Էրկենեքոն» կազմակերպութեան դատավարութիւնը` ծպտեալ հայերը մեղադրւում էին ամենատարբեր հակապետական եւ, յատկապէս, քիւրտ անջատողական շարժումներին յարելու մէջ: Դատավարութեան ընթացքում պարզուեց, որ այս քարոզչութիւնը ոչ պաշտօնական կերպով կազմակերպում եւ հովանաւորում են իշխանութիւնները:
Դատական գործընթացն «Ի յայտ բերեց» եւ մամուլին տրամադրեց ծպտեալ հայերի վերաբերեալ այնպիսի «փաստեր», որոնք անսպասելի էին անգամ թուրք ազգայնամոլների համար. «պարզուեց», որ ազգութեամբ հայեր են «Էրկենեքոն»-ի բազմաթիւ ղեկավար դէմքեր` զօրավար Վելի Քիւչիւքը, Բանուորական կուսակցութեան առաջնորդ, «Էրկենեքոն»-ի գործով ձերբակալուած Տողու Փէրինչեքը, Լեւենթ Կեոքթաշը, որի հրամանով են շարժւում շատ զօրավարներ, ԱՇԿ (Գորշ գայլեր) նախագահ Տեւլեթ Պահչելին, Ժողովրդական հասարակարգ կուսակցութեան նախագահ Ահմեթ Թուրքը, ԱՇԿ երեսփոխաններ Մեհմեթ Շանտըրը, Մեհմեթ Էյմուրը, մօտ 20 համալսարանների նախագահներ, տնօէններ եւ այլք:
Մամուլում լայնօրէն քարոզւում է նաեւ, որ «Էրկենեքոն»-ի գաղտնի կառոյցներում «գործ անողները, սադրանքներ հրահրողները հիմնականում բոլորն էլ քրիփթօ հայերն են: Ուրուային գործերում հայերը գործադրողներին ու կատարողներն են, իսկ հայերից աւելի սպիտակ եղող հրեաները եւ սապաթայականները` որոշումներ կայացնողներ… Այսօր ռազմավարական նշանակութիւն ունեցող կէտերում բազմաթիւ ծպտեալ հայեր ու սապաթայականներ կան» (Եուսուֆ Կեզկին, www.aktifhaber.com):
«Էրկենեքոն»-ի գործով մեղադրուող, Յատուկ գործողութիւնների գրասենեակի նախագահի նախկին տեղակալ Իպրահիմ Շահինի գրութիւններում յայտնաբերուել են տուեալներ, ըստ որոնց, Անատոլիայի կենտրոնական եւ հարաւարեւելեան շրջանների միջեւ ընկած տարածքի բնակչութիւնն իբր թէ կազմուած է հայերից: Շահինը համոզուած է, որ «ՔԱԿ»-ն քրտական ծագմամբ մեր եղբայրներին ներկայացնող մի կառոյց չէ, այլ հայկական կառոյց էր» Հետաքրքիր է, որ նոյն համոզմունքն ունի նաեւ Քիւչիւքը. «Ելոյթներ եմ ունեցել Արեւելեան հարցի վերաբերեալ եւ միշտ պաշտպանել եմ այն տեսակէտը, թէ դա քրդական հարց չէ: Գիւղ առ գիւղ բացատրել եմ, որ ՔԱԿ-ն քրտական չէ, որ արեւելեան հարցը ոչ թէ քրտական, այլ հայկական հարց է»:
Տողու Փերինչէքի, յայտնի համաթուրքական Վելի Քիւչիւքի եւ այլոց հայկական ծագումը բացայայտելը, նրանց հայկական դաւադրութեան մէջ մեղադրելը կամ ՔԱԿ-ի եւ «Էրկենեքոն»-ի միջեւ թուրքական իշխանութիւնների կողմից կապ տեսնելը հետապնդում է մի քանի նպատակ, որոնցից կարեւորւում են հետեւեալները.
ա. Նախ` ասպարէզ է նետւում քրտական շարժման եւ թուրքական «ուրուային պետութեան» գաղտնի համագործակցութեան ենթադրեալ իրողութիւնը, որի նպատակը ռազմական յեղաշրջման ճանապարհով երկրում անկայունութիւն ստեղծելն է:
բ. Երկրորդ` այս ճանապարհով խնդրոյ առարկայ է դառնում ազգայնամոլ ուժերին եւ «Էրկենեքոն»-ին հովանաւորող բանակի ղեկավարութեան հեղինակութիւնը:
գ. Երրորդ` քրտերի մէջ ՔԱԿ-ի նկատմամբ անվստահութիւն է սերմանւում:
դ. Չորրորդ` Թուրքիայում բնակուող հայերը (նաեւ` այլ փոքրամասնութիւններ) յայտարարւում են անվստահելի կամ թշնամի տարր, որոնք քրտական շարժումն օգտագործում են` երկրում անկայունութիւն ստեղծելու եւ արտաքին ու ներքին շահագրգիռ ուժերի աջակցութեամբ հայկական պետականութիւնը «Արեւելեան Անատոլիայում» (Արեւմտեան Հայաստանում) վերականգնելու նպատակով:
Հակահայ քարոզչութեան այս պայմաններում, սակայն, կատարւում են հետաքրքիր գործընթացներ. ստեղծւում են հայերի հայրենակցական եւ մշակութային միութիւններ, այդ թւում` իսլամացած հայերի (Վագըֆլըի գիւղացիների միութիւն, Մալաթիոյ հայերի միութիւն, Սեբաստիոյ հայերի եւ ընկերների միութեան նախաձեռնութիւն, Սասունի հայերի միութիւն, Պուրունքըշլայի հայերի նախաձեռնութիւն, Արաբկիրցիների փլաթֆորմ, Տերսիմի հայերի միութիւն, Համշէնի «Հատիկ» մշակութային միութիւն): Միութիւններ ստեղծելու ճանապարհին են նաեւ այլ շրջանների հայերը: Կրօնափոխ Տերսիմի հայերը հրատարակում են «Տերսիյադ» ամսագիրը, համշէնահայ բեմադրիչ Ալպեր Օզճանը ժապաւէններ է նկարում հայերի կեանքից, որոնցում կերպարները խօսում են համշենի բարբառով, հայոց լեզուի արեւելահայ եւ արեւմտահայ տարբերակներով, «Վովա» (Համշէնի բարբառով` «Ո՞վ է») համոյթը լայնօրէն տարածում է համշենի բարբառով երգերն ու հայկական պարերը:
Սակայն առաւել արտառոցն այն է, որ Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ մի քանի քաղաքներում (Ատանա, Մարաշ, Տերսիմ եւ այլն), Պոլսոյ օրինակով, այս տարի նշուեց ապրիլի 24-ը` այդ թւում` կրօնափոխ հայերի նախաձեռնութեամբ:
ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ
Արեւմտահայոց հարցերի
ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն,
բանասիրական գիտութիւնների թեկնածու
[1] «Ալիք», Թեհրան, 1980, դեկտեմբերի 18:
[2] «Նորք», Երեւան, 1990, ապրիլ, էջ 110:
[3] Թաներ Աքչամ, «Պետութիւնն ընկել է իսլամացած հայերի յետեւից», http://www.taraf.com.tr/haber/devlet-musluman-ermeninin-pesinde.htm
[4] Կարէն Հ. Խանլարի, «Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում (1923-2005 թթ.)», Ե., 2005:
[5] «Այգ», Թաւրիզ, 1918, դեկտեմբերի 16:
[6] «Նոր Մարմարա», 2005, փետրուարի 12:
[7] «Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում (1923-2005 թթ.)», Ե., 2005 աշխատութեան մէջ Կարէն Հ. Խանլարին հանգամանօրէն անդրադառնում է 1923-2005 թթ. Թուրքիայում բնակուող հայութեան բոլոր խմբերին, տալիս գրեթէ բոլոր հետազօտողների հաշուարկները` յենուելով 80 տարում ստեղծուած պատկառելի գրականութեան տուեալների վրայ: Հեղինակը յանգում է այն տեսակէտին, որ Թուրքիայում բնակւում է 2-2,5 միլիոն հայ (տե՛ս էջ 103-104):
[8] «Դիտակ», Պէյրութ, 2002, մարտ-ապրիլ, էջ 26:
[9] «Դիտակ», 2004, ապրիլ-մայիս, էջ 58:
aztagdaily.com