Ո՞վ է կառավարում Վրաստանը

infoՎերջին երկու օրվա ընթացքում Վրաստանում զարգացել են տագնապալի իրադարձություններ: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ վրաց պատրիարքը եկեղեցում քարոզի ժամանակ քաղաքական հայտարարություն արեց Տեղական ինքնակառավարման բարեփոխման նախագծի վերաբերյալ:

«Եթե ընդունվեն այդ բարեփոխումները, մենք կհանգենք Վրաստանի քայքայմանը: Մենք երբեք չենք հաշտվի դրա հետ և կանենք հնարավորը, որպեսզի դա տեղի չունենա: Յուրաքանչյուր շրջան պետք է անմիջականորեն կապված լինի Կառավարությանը: Այդ կապի համար չկա ինչ-որ կապող օղակի ստեղծման անհրաժեշտություն: Կառավարությունն ինքը պետք է ուսումնասիրի այս կամ այն շրջանի խնդիրները: Չգիտես ինչո՞ւ ինչ-որ մեկը փորձում է հապշտապ ընդունել այդ օրինագիծը: Մեր կարծիքով այդ հարցը պետք է քննարկվի ամբողջ ժողովրդի հետ միասին: Ժողովուրդը պետք է որոշի, թե ինչն է ընդունելի երկրի համար, ինչը` ոչ: Մեծ հարգանքով ուզում եմ դիմել Խորհրդարանին և Կառավարությանը, որպեսզի նրանք հաշվի առնեն այդ վտանգները և չշտապեն այդ բարեփոխումներն ընդունելու հարցում», -հայտարարել է վրաց պատրիարքը:

Այդ իսկ օրը Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին մեկնաբանել է հոգևոր գործչի քաղաքական հայտարարությունը: «Այն հիմնավորումը, թե տեղական ինքնակառավարման բարեփոխումները որևէ կերպ սպառնալիք են պարունակում երկրի միասնությանը, լիովին աբսուրդ է: Ինքնակառավարումը չի նշանակում, որ պետությունն ինչ-որ մեկին փոխանցում է իր գործառույթները: Պետությունը բոլոր հիմնական պարտականությունները թողնում է իր ձեռքում: Օրենսդրություն, ոստիկանություն, բանակ, անվտանգություն, պաշտպանություն, ֆինանսներ, տնտեսության քաղաքականություն, սահմանների պաշտպանություն, պայքար հանցագործության դեմ և այլն… Բոլոր այս գործառույթները մնում են պետության ձեռքում»:

Խորհրդարանի նախագահի հայտարարության համեմատ Խորհրդարանական մեծամասնության անդամ Թամար Քորիձեն կատարել է ամբողջական և պատրիարքի հայտարարությանը լիովին համապատասխան մեկնաբանություն. «Երբ պատրիարքը կոչ է անում Կառավարությանը մտածել «ինքնակառավարման» կոդեքսի ընդունման մասին, գուցե, ավելի լավ կլիներ, որ նա ինքը խորհեր եկեղեցական քարոզի ընթացքում արած իր հայտարարության վտանգների մասին: Անթուլատրելի է, որ պատրիարքը հայտարարություն անի տեղական ինքնակառավարման օրենքի հետ կապված վտանգների մասին, առավել ևս, որ բնակչության կեսից ավելին նույնիսկ մինչև վերջ չի էլ կարդացել այդ օրինագիծը: Հետևաբար, եթե Պատրիարքը կոչ է անում հանրությանը քննարկել այդ հարցը, նա չպետք է նման գնահատական տա օրենքին: Կարծում եմ, որ նմանատիպ գործողություններով Պատրիարքարանն ավելորդ անգամ խառնվում է Կառավարության գործունեության մեջ: Պետության և եկեղեցու լիազորությունները հստակորեն տարանջատված են և այդպես էլ պետք է մնա»:

Իսկապես, չնայած այն բանին, որ վրացական եկեղեցու լիազորություններն անհամեմատ շատ են, քան ցանկացած այլ կրոնական համայնքներինը և այդ լիազորություններն օրինակարգվում են վրացական եկեղեցու և պետության միջև ստորագրված սահմանադրական համաձայնությամբ, միևնույնն է, պետությունն առանձին է եկեղեցուց: Համապատասխանաբար, ամեն անգամ, երբ վրաց եկեղեցին բացեիբաց խառնվում է Խորհրդարանի և Կառավարության աշխատանքին, հենց դրանով նա ամենակոպիտ ձևով խախտում է երկրի օրենսդրությունը: Վրաստանում գոյություն ունի սահմանադրական անվտանգության դեպարտամենտ, և, զարմանալի է, որ այսքան տարվա ընթացքում այն ոչ մի քայլ չի ձեռնարկել, որպեսզի կանխի երկրի Սահմանադրության դրույթների խախտումը վրաց եկեղեցու կողմից և պաշտպանի Վրաստանի բնակչությանը վրաց եկեղեցու հակասահմանադրական գործունեության հետ կապված վտանգներից և սպառնալիքներից:

Հայտարարություն անելով երկրի անվտանգության սպառնալիքների վերաբերյալ, որոնք կարող են հետևել տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումներ ընդունելուց հետո, վրացական եկեղեցուն արժե մտածել և բացեիբաց պատմել իր հավատացյալներին թե ի՞նչը դարձավ 90-ական թվականներին երկրի տարածքային ամբողջականության խախտման պատճառ: Հենց տեղական ինքնակառավարման իրավունքների սահմանափակումը և օս ժողովրդի ինքնավարության լուծարումը դարձավ այն առիթը, որից անհապաղ օգտվեցին Վրաստանի թշնամիները: Այսօր Վրաստանում չկա այնպիսի մարդ, որը կասեր` այո,՛ օսերի ինքնավարության լուծարումը ճիշտ քայլ էր: Բոլորը միաձայն հայտարարում են, որ դա ճակատագրական սխալ էր, և այդ սխալի պատասխանատվությունը գցում են երկրի այն ժամանակվա նախագահի վրա: Մինչդեռ: 90-ականներին էլ էր Իլիա Երկրորդը Վրաստանի Պատրիարքը: Եթե այսօր, ողբերգական իրադարձություններից ավելի քան 20 տարի անց, նա կոչ է անում բարեփոխումներ չանցկացնել ինքնակառավարման համակարգում, ապա շատ հավանական է, որ ամենաքիչը 90-ականներին նա չէր համոզում Գամսախուրդիային ճակատագրական որոշումն չընդունել: 20 տարին բավականին մեծ ժամանակահատված է ճիշտ հետևություններ անելու և սխալներն ուղղել սկսելու համար: Իսկ եկեղեցին այսօր Վրաստանին մռայլ 90-ականներին վերադարձնելու քաղաքականություն է վարում:

Դեռևս աշխարհի ոչ մի երկրում շրջաններին նվազագույն ինքնակառավարման հնարավորությունների շնորհումը չի եղել անջատողականության մթնոլորտի ստեղծման պատճառ: Մարդիկ, որոնք կարող են օգտվել Սահմանադրական իրավունքներից, որոնք չեն չարաշահվում և խտրականության ենթարկվում, երբևէ չեն էլ մտածի այս կամ այն երկրի կազմից դուրս գալու մասին: Դա հասարակ տրամաբանություն է: Անջատողականության զգացումը ծնվում է այն ժամանակ, երբ մարդկանց ինչ-որ խումբ իր անվտանգության և այս կամ այն երկրի սահմաններում իր գոյության հանդեպ իրական սպառնալիք է զգում: Սա ևս հասարակ տրամաբանություն է: Այսօր, երբ եկեղեցին ամեն հարմար առիթի հայտարարում է, որ այս կամ այն փոքրամասնությունը, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, վիրավորել է իր զգացմունքները, նա փոքրամասնական խմբերի մոտ առաջացնում է հենց այդպիսի` ոչ պաշտպանվածության և ոչ ապահովվածության զգացում:

Հարկ է ևս մեկ փաստ նշել: Պատրիարքի հակասահմանադրական և վտանգավոր հայտարարությունից հետո Կառավարության ներկայացուցիչներն այցելեցին Պատրիարքարան: Պատրիարքի և երկրի Կառավարության ներկայացուցիչների հանդիպման արդյունքում Շրջանային զարգացման նախարար Դավիթ Նարմանաիան արեց հետևյալ հայտարարությունը. «Տեղական ինքնակառավարման մասին կոդեքսը չէր պարունակում էական վտանգներ: Չնայած դրան վերջին մի քանի օրվա ընթացքում մենք անցկացրինք ինտենսիվ խորհրդակցություններ Խորհրդարանի և Խորհրդարանական մեծամասնության հետ: Մի քանի դրույթեր վերանայվեցին և փոխարինվեցին, համապատասխանաբար, երկրի Խորհրդարանի ուսումնասիրմանը կներկայացվի ձևափոխված և ավելի ճշգրտված օրինագիծը: Չնայած դրան` մեկ անգամ էլ կնշեմ` կոդեքսում չկար վերոնշյալ ոչ մի վտանգ և սպառնալիք»:

Տեղական ինքնակառավարման համակարգում Խորհրդարանի` բարեփոխումներ ընդունելուց առաջ, դժվար է ասել համապատասխանու՞մ են արդյոք այդ բարեփոխումները եվրոպական մակարդակին և ապահովու՞մ են արդյոք շրջանների իրական ինքնակառավարումը թե ոչ: Մինչդեռ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները ետին պլան են մղվում: Երկրում ավելի լուրջ խնդիր կա: Խնդիր, որն իսկապես կարող է վնաս հասցնել երկրի անվտանգությանը և միասնականությանը: Այդ խնդիրը կարելի է լուծել երկու եղանակով. կա՛մ երկիրը փոխում է Սահմանադրությունը և ընդունում է կառավարման Աստվածաբանական ձև, կա՛մ համապատասխանաբար, կառավարական գերատեսչություններն արդյունավետ միջոցներ են ձեռնարկում` սանձելու երկրի Սահմանադրության և Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների պարբերական խախտումը: Չէ՞ որ օրենքի վերահսկումը ցանկացած իրավական պետության գոյության գլխավոր սկզբունքն է:

armenian-community.ge

Տպել Տպել