[1]ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի համոզմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի առաջիկա այցը Հայաստան ոչ մի կերպ չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Ոչինչ պետք չէ սպասել: Նրա` Հայաստան գալու առիթը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Երևանում անցկացվելիք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նրա որոշումը ինչ-որ չափով պայմանավորված է խաբկանք ստեղծելու Թուրքիայի փորձով, փորձում են ցույց տալ, թե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ գործընթաց կա:
Բայց իրականում ոչինչ չկա, միայն փորձում են տպավորություն ստեղծել»,- Aravot.am-ին ասաց պարոն Մանոյանը:
Նա չի կիսում շրջանառվող տեսակետները, թե Դավութօղլուի` Հայաստան գալը արտահայտում է նաեւ Թուրքիայի անհանգստությունը տարածաշրջանում դիրքերը թուլացնելու վերաբերյալ: Թուրք արտգործնախարարի այցը պարոն Մանոյանը չի պայմանավորում նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերը ամրապնդելու վերջերս կատարած հայտարարությամբ:
Պարոն Մանոյանի խոսքով, Դավութօղլուի այցը չի անդրադառնա նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վրա. «Պետք է անդրադառնա այնքանով, որ մեր իշխանությունները մի անգամ էլ հիշեն, որ առաջընթաց չկա եւ արձանագրություններից ստորագրությունները հետ կանչեն»: Նա նաեւ ասաց, որ Դավութօղլուի` այցից առաջ թուրքական «Սաբահ» օրաթերթում ազատագրված 2 տարածքի վերադարձման պայմանավորվածության մասին հրապարակումը նույնպես հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի իմիտացիա ստեղծելու փորձ էր: «Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի կողմից նախապայմանները կան, բայց դրանց մասին չեն խոսելու… Եվ սա ընդհանրապես Հայաստան այց չէ, այլ մի ժողով, որն ընդամենը Հայաստանում է անցկացվելու, նույնն է` Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժողովին Իրանի նախագահը մասնակցում է, բայց դա չի նշանակում, որ իրանական-ամերիկյան հարաբերությունների հարց է քննարկվելու»: Ինչ վերաբերում է նախօրեին Թբիլիսիում հայ եւ թուրք դերասանների միջեւ ամենաերկար ձեռքսեղմումին, պարոն Մանոյանն ասաց. «Գինեսի գրքում գրանցվելու համար ինչ ասես չեն անի, բայց դա ոչ մի կապ չունի Դավութօղլուի այցի, հայ-թուրքական հարաբերությունների հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
aravot.am
Պետք է Դավութօղլուին ինչ-որ բաներ հիշեցնել
[2]Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ժամանումը Հայաստան պաշտոնական այց չէ, այլ ընդամենը տարածաշրջանային կազմակերպության համաժողով է տեղի ունենալու, որի նախագահությունն այս օրերին Հայաստանինն է, եւ նա մասնակցելու է այդ ժողովին. Yerkir.am-ին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը’ անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Դավութօղլուի’ Հայաստան կատարելիք այցից: Ըստ մեր զրուցակցի` եւ քանի որ սա այցելություն չէ Հայաստան, այդ պատճառով էլ ոչ մի ակնկալիք չկա, եթե խոսքը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Ինչ վերաբերում է Դավութօղլուին Հայաստանում «դիմավորելու» խնդրին’ ցույցերով, բողոքի ակցիաներով եւ այլն, ապա Կիրո Մանոյանը գտնում է, որ Դավութօղլուին լրիվ անտեսելն էլ, հավանաբար, ճիշտ չէ.
«Դրա համար էլ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կազմակերպում է ցույց’ հիշեցնելու, որ Թուրքիան տակավին պարտք ունի Հայաստանին եւ հայ ժողովրդին»,- հայտնեց Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ մեսիջ պետք է Թուրքիայի արտգործնախարարին փոխանցի Հայաստանը, նա նշեց, որ եթե պետության մասին ենք խոսում եւ եթե պետությունը մեսիջ ունի փոխանցելու, ապա այս առիթին սպասելու կարիք չունի:
«Այս այցը կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, դրա համար էլ Հայաստանի իշխանությունները մեսիջ չունեն փոխանցելու: Կարծում եմ, որ Հայաստանը քայլեր չունի կատարելու, այլ Թուրքիան քայլեր ունի կատարելու, եւ եթե այդ քայլերը չկատարի, փաստորեն բանակցություններ չեն լինի: Ամեն դեպքում պետք է Դավութօղլուին ինչ-որ բաներ հշեցնել, բայց ոչ թե անպայմանորեն պետությունը դա պետք է անի, այլ հասարակությունը»,- ասաց Կիրո Մանոյանը:
yerkir.am