Դավութօղլուի այցը հետնամուտքով

6_copyՀայ երիտասարդների բողոքի ցույցը վախեցրե՞լ էր Դավութօղլուի անվտանգությունն ապահովողներին, թե՞ Դավութօղլուն էր հրահանգել ՀՀ իշխանություններին` այնպես անել, որ ինքը անցանկալի կարգախոսներ չտեսնի ու չլսի: Մի խոսքով` Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստի առիթով Երեւան ժամանած Դավութօղլուին Արմենիա-մարիոթ բերեցին հետնամուտքով, այնպես, որ ոչ ոք չտեսնի:

Լուրն առնելուն պես երիտասարդներն սկսեցին վանկարկել` ամոթ` չճշտելով, թե ում էր ուղղված այդ բառը` Դավութօղլուի՞ն, թե՞ նրա անվտանգության համար խիստ մտահոգ ՀՀ իշխանություններին:

Փաստորեն Գյուլի գալուց հետո ոչինչ չի փոխվել ՀՀ իշխանությունների մտածելակերպի մեջ: Նրանք դեռ հայ-թուրքական արձանագրությունների տպավորության տակ են: Դավութօղլուն լավ է հասկանում, որ այդ արձանագրություններն իր զենքն են և նա հավանաբար օգտագործելու է այդ զենքը` իր հայաստանյան պտույտը ծառայեցնելով թուրքական քարոզչության հաղթարշավին:

Իսկ ինչ արեցին մերոնք: Նրանք ամեն ինչ արեցին, որ միջազգային հանրությունը հերթական անգամ չնկատի հայ ժողովրդի բողոքը և հերթական անգամ հիանա թուրք պաշտոնյայի անկաշկանդ ելումուտով մի երկիր, որի հետ, իբրեւ թե, Թուրքիան խաղաղություն հաստատելու գործընթացի մեջ է:

Բնականաբար Դավութօղլուին դիմավորելու չէին եկել հայոց արծիվները, Կարեն Ավագյանի փուչիկակիր գումարտակները, և չընդդիմադիր ու ընդդիմադիր էլի շատերը, ովքեր հավատարիմ մնացին Գյուլի գալստյան ժամանակ իրենց որդեգրած կեցվածքներին` պայմանավորված հավանաբար ֆուտբոլային դիվանագիտության գաղափարական հենքով:

Դավութօղլուն Գյուլ չէ, Դավութօղլուի այցն էլ Գյուլի այց չէ: Սա հասկանում ենք բոլորս: Նա եկել է մասնակցելու մի համաժողովի, որի հերթական նիստը տեղի է ունենում Երևանում: Բայց կարելի՞ էր առիթը օգտագործել և ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնել, որ արդեն 100 տարի է Թուրքիան բոլորի քթից բռնած մոլորեցնում է ու հաջողությամբ հերքում Հայոց ցեղասպանությունը, կարելի՞ էր աշխարհին հիշեցնել, որ այստեղ կա պահանջատեր մի ժողովուրդ, որ այդ ողբերգությունը չի ներելու և մինչև վերջ պայքարելու է իր միացյալ հայրենիքին տեր դառնալու համար: Վերջապես կարելի էր հերքել թուրքական հերթական կեղծիքն այն մասին թե ցեղասպանության եւ առհասարակ հայ դատի խնդիր Հայաստանը չունի, այն գոյություն ունի միայն սփյուռքյան որոշ շրջանակների համար:

Կարելի էր, անշուշտ, կարելի էր շատ բան անել` օգտագործելով Դավութօղլուի` Երևանում գտնվելու հանգամանքը: Բայց, ավաղ, փոխարենը համոզվեցինք, որ ունենք իշխանություններ, որոնց օրոք ստիպված ենք լինելու ևս մի քանի տարի անցկացնել դավութօղլուների հետ թեյ խմելով:

Էդիկ Անդրեասյան

hraparak.am

Տպել Տպել