Ո±րն է հայկական զինուժում կատարվող նման դեպքերի պատճառը: Որպխես այս հարցի պատասխան հաճախ հնչում է. բանակը հասարակության հայելին է: Ու որքան էլ տարբեր ամբիոններից խոսվի ռազմահայրենասիրության մասին, մեր առօրյա կյանքում նույն այդ ռազմահայրենասիրության հիմքի, մեր բանակի առաջին մարտիկների մասին հիշատակումները բացակայում են: Նրանք բացակայում են դպրոցում, մանկապարտեզում, հեռուստաէկրանին: Այսօր Հայաստանի միանգամից չորս օջախներում հիշատակել են իրենց նահատակ որդիներին: Հիշատակել են նաեւ նրանց մարտական ընկերները, համագյուղացիները, եւ վերջ: Իսկ նրանք են կերտել մեր հաղթանակներից շատերը: Մեր շատ գործընկերներ նույնպես այսօր ներկա են եղել Վարդան Բախշյանի, Վաչե Ռոստոմյանի, Գագիկ Գրիգորյանի, Արթուր Ղարիբյանի հիշատակին նվիրված հավաքներին:
Վարդան Բախշյան, Գագիկ Գրիգորյան, Վաչե Ռոստոմյան: Նրանց անուններն արդեն 20 տարի միասին են արտասանում: Նրանք բոլորն ընկան հանուն Արցախի` Հասանաբադի մոտ մղված պայքարում: Վարդանն ու Գագիկը ուսանող էին: Նրանց մասին այսօր ասում են, երբ ընդունվեցին մայր բուհ, մեծ պատիվ էր իրենց համար, այսօր անուրանալի գործով բուհին են պատիվ բերում: 1988-ի փետրվարին այս երիտասարդներն առաջիններից էին, որ Արցախի անկախության կոչերով դուրս ելան Երեւանի փողոցներ: Վարդանը “Դաշինք” ուսանողական շարժման ու համանուն թերթի հիմնադիրներից մեկն էր: Ընկերներն ասում են` Վարդանն ամեն ինչում ղեկավար էր: Նրան հավատում էին, վստահում: Նույն վստահությամբ Երեւանի հրապարակներից շատերը նրան հետեւեցին դեպի Արցախ` Խաչիկ գյուղ, Բերդաձոր, մինչեւ Վարդանի վերջին հանգրվանը` Հասանաբադ: Այսօր արդեն Վարդանին հանդիպելու համար Եռաբլուրի ճանապարհն են բռնում: Վարդան Բախշյանը Հայաստանում սկաուտության վերահիմնադիրներից էր: Նրա օրինակով ու դասախոսություններով երիտասարդներ էին դաստիարակվում 20 տարի առաջ, նաեւ` այսօր: ՀԱՍԿ-ի գրասենյակի նորաբաց սրահն այսուհետ կրելու է Վարդան Բախշյանի անունը, ինչպես պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը:
Վերջին 20 տարիներին Գրիբոյեդով համայնքում շատ տղաներ են ծնվել: Նրանից շատերը հպարտությամբ կրում են “Վաչե” անունը: 1991-ի դեկտեմբերի 16-ին Հասանաբադում զոհված Վաչե Ռոստոմյանին համագյուղացիներն այսպես են շնորհակալություն հայտնում: Նաեւ Վաչեի անունով անվանակոչել են դպրոցն ու հուշաքար կանգնեցրել: Հարազատների ականջներում դեռ լսվում է Վաչեի ձայնը: Մի պահ հուզվում են, բայց հետո հիշում Վաչեի անսպառ կատակներն ու ժպտում:
Գագիկ Գրիգորյանի մայրը 20 տարի անց դեռ կրկնում է որդու` իրեն վստահած ամենամեծ երազանքը` ՙպատերազմից հետո 7 օր 7 գիշեր հարսանիք եմ անելու: Հարսանիքը սկսելու ենք Չափար գյուղից ` հայրիկի ծննդավայրից, հետո այն կշարունակենք քո ծննդավայր Գորիսում, որտեղից էլ կգնանք Տաթեւ: Հետո սուրբ քաղաք Էջմիածնում կավարտենք հարսանյաց հանդեսը: Կտեսնես, մամ ջան, այդպես է լինելու, քիչ մնաց մեր հաղթանակին, մենք այս անգամ անպայման հաղթելու ենք: Գագիկը չէր սխալվում, հաղթանակն իսկապես մերն էր, ցավոք իր եւ ընկերների արյան գնով:
1991 նոյեմբերին Տող գյուղում վայրէջք կատարած ուղղաթիռներով Արցախ ժամանած դաշնակցական մարտական խմբում էր նաեւ Արթուր Ղարիբյանը: Ընկերները այսօր արդեն հիշում են` դեկտեմբերի 16-ին խրամատներում ծննդյան տարեդարձն էր տոնում, երբ հայտնեցին` Հասանաբադում հետախուզական հանձնարարության մեկնած ընկերները` Վարդանը, Գագիկը, Վաչիկը զոհվել են: Լուրը խոցեց, բայց խնդրեց ծննդյան առթիվ մի բաժակ խմել: Երեւի զգում էր, որ 26-րդը վերջին տարեդարձն է լինելու:
Արթուրը զոհվեց Շուշիի ազատագրումը տեսած, 1992-ի նոյեմբերին, Մարտակերտում, միանալով իր նահատակ ընկերների: Նրանց համար արդեն ծնունդն ու նահատակությունը նույնն է: Նրանք անմահացել են: Դեկտեմբերի 16-ին խնկարկում են Վարդան Բախշյանի, Գագիկ Գրիգորյանի, Վաչե Ռոստոմյանի, Արթուր Ղարիբյանի շիրիմներին: Խաղաղություն նրանց հոգիներին:
yerkirmedia.am
16/12/2011