- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հունվարի 18-ին հանրահավաք-երթ` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի

արծվիկ [1]«Հինգ բալանոց սանդղակով գնահատելիս` կառավարության գործունեությունը 2-ի է արժանի»,-բացասական գնահատական տալով կառավարության գործունեությանը` մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` հաշվի առնելով, որ կառավարությունը իր նախորդ ծրագրերից և ոչ մեկը ամբողջապես չի կատարել, բացառությամբ առանձին դրվագների, որոնք մասնակի դրական արդյուքներ են արձանագրել, ընդհանուր գնահատականներով` սա ձախողված կառավարություն է, և այս կառավարության օրոք, ըստ էության, հանրապետությունը թե՛ տնտեսական, թե՛ կենսամակարդակի առումով բացասական արդյունքների է հասել:

Անդրադառնալով հունվարի 18-ին սպասվելիք ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանրահավաք-երթին` ՀՅԴ պատգամավորը նշեց, որ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են որոշ մանրամասնություններ, այդ թվում նաև հունվարի 18-ի հանրահավաքի և երթի մանրամասները: ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը ևս մասնակցելու են հանրահավաք-երթին` դրանով վերահաստատելով այն, որ համակարծիք են քաղաքացիական ընդվզման հետ: Այս միասնությունը հնարավորություն կտա ևս մեկ անգամ Սահմանադրական դատարանի ուշադրությունը հրավիրել օրենքի վիճահարույց դրույթները կասեցնելու, ինչպես նաև դրանք չեղյալ ճանաչելու վրա:

«Բացի դրանից՝ կան նաև այլ նախաձեռնություններ ևս, որոնք դեռևս քննարկումների փուլում են: Հիմնական խնդիրը գալիս է նրանից, որ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, որոշ հանձնարարականներ են տրված թե՛ կառավարությանը, թե՛ Կենտրոնական բանկին և թե միջազգային փորձի ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբին՝ վերլուծություններ անելու համար: Մենք էլ ենք պատրաստվում համապատասխան վերլուծություններ անել և մոտեցումներ առաջ քաշել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա հույս ունի, որ հունվարի 18-ին կլինի հնարավորինս բազմամարդ հանրահավաք և երթ, հասարակության պահանջներն ավելի հստակ և նպատակաուղղված կլինեն: Հունվարի 18-ին ՀՀ քաղաքացիները ևս մեկ անգամ կիրազեկվեն Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բացասական կողմերի մասին, ինչը իշխանությունները ամեն կերպ փորձում են թաքցնել:

Լիլիթ Վահանյան

nyut.am