[1]Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, եթե մինչեւ նստաշրջանի սկիզբը հավաքվում են 44 ստորագրություններ եւ հանձնվում ԱԺ քարտուղարությանը, ապա հարցը իմպերատիվ կերպով մտնում է քննարկման:
ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները որոշել են այս ընթացակարգով անակնկալի բերել քաղաքական մեծամասնությանն ու յուրաքանչյուր քառօրյայի սկզբին շրջանառության մեջ դնել մի նոր որոշման նախագիծ: Բացումը արվեց երեկ գազային պայմանագրերի «մութ» կողմերը բացահայտող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Հանձնաժողով, որը, ըստ ընդդիմության, պետք է տա մասնավորաբար հետեւյալ հարցերի պատասխանները՝ ինչպե՞ս է կուտակվել գազի 300 մլն դոլարի պարտքը, ինչպե՞ս է հաշվվում ու որոշվում գազի գինը:
«Գազային» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմության նախաձեռնության շուրջ Հայոց Աշխարհը ներկայացնում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի տեսակետը.
-Խորհրդարանական մեծամասնության գնահատմամբ, նման հանձնաժողովի ստեղծման առաջարկը ոչ իրատեսական է, հետեւաբար քաղաքական ընդդիմության նպատակն է տարբեր կառույցների, հկ-ների ներկայացուցիչների ԱԺ հրավիրելով՝ հերթական անգամ լծվել քաղաքական շոուի:
-Իսկ, կներեք, ինչպե՞ս ստեղծել հանձնաժողով: Եթե այդ կերպ մտածենք, նշանակում է պետք է հանել սահմանադրության այդ հոդվածը, որի համաձայն կոնկրետ հարցեր ուսումնասիրելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվում, ու դրանց բոլորին կարելի է տալ «շոու» բնորոշումը: Սա սուս ու փուս, ծածկադմփոցով հարցերը փակելու քաղաքականություն է, որ իրականացնում է կառավարությունը ժողովրդի թիկունքում:
Նույն բառերը մենք լսել ենք 4 տարի առաջ, եւ մեծամասնության պահվածքը այլ բան չէ, քան «դե ժավյու», քանի որ 2010-ին մենք դարձյալ ներկայացրինք նման մի առաջարկ` գազամատակարարման համակարգը ուսումնասիրելու նպատակով ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
Եթե ընթերցեք 2010-ի հիմնավորումները, կհամոզվեք, որ այսօր դրանք դարձյալ հրատապ են, ոչ մի տող, անգամ նախադասություն, բացի տարեթվերից, փոխելու անհրաժեշտություն չկա: Իսկ սա փաստում է, որ նախկինում առկա բոլոր մտահոգությունները այսօր դարձյալ կան: Եթե 2010-ին բարձրացված հարցերին տրվեր սպառիչ պատասխան, ապա այսօր այս իրավիճակը չէր առաջանա:
-Քաղաքական մեծամասնությունը հակված է կարծելու, որ հանձնաժողովներում նման կարեւոր հարցերը չեն լուծվում:
-Այդպես չէ, հիշո՞ւմ եք «Մազութի գործով» ստեղծված հանձնաժողովը, որի նախագահը ՀՅԴ պատգամավոր Դավիթ Լոքյանն էր: Հանձնաժողովը ջրի երես հանեց 200 մլն դոլարի խնդիր, դրա զգալի մասը վերականգնվեց ու ուղղվեց պետական բյուջե:
Ծիծաղելի է ասել, թե քաղաքական ընդդիմությունը գնում է քաղաքական շոուի ճանապարհով: Իրենք են շոու անում, որովհետեւ փորձում են թաքցնել այն, ինչ տեղի է ունեցել: Այսօր քաղաքական մեծամասնությունը փորձում է ամեն ինչ մեկնաբանել, անգամ բազմապատկման աղյուսակը: Այդպես չի կարելի:
-ԱԺ մեծամասնությանը առանձնապես վրդովեցրել է այն, որ նախապես չեք դիմել, իրենց տեղյակ չեք պահել, որ նախապես չեք իրազեկել բոլոր քաղաքական ուժերին, ու միայն քառօրյայի առաջին օրը ներկայացրել եք հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը:
-Ինչի՞ մասին է խոսքը, երբ խորհրդարանում մենք գազային համաձայնագրի քննարկման ժամանակ բարձրաձայնել ենք բոլոր մտահոգությունները: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցվեց 25 հարց, մինչդեռ դրանցից ոչ մեկին սպառիչ պատասխան չտրվեց: Եթե ԱԺ մեծամասնությունը, իրոք, շահագրգռված էր այդ խնդիրների պարզաբանմամբ, ուրեմն հենց իրենք պետք է նախաձեռնեին նման հանձնաժողովի ստեղծումը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
armworld.am