- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Տեղական ընտրութիւններ Թուրքիայում

2014 թւականին քաղաքական կեանքի հարցեր -(2)

թրք [1]Մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ընտրութիւններ:

Տեղական ընտրութիւնները Թուրքիայում տեղի են ունենում իւրաքանչիւր չորս տարին մէկ` այս տարւայ ընտրութիւնները, համարւում են շատ կարեւոր եւ անկիւնադարձային: Ի՛նչ է այդ ընտրութիւնը, ի՛նչ դեր ունի Թուրքիայի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կեանքում:

Սահմանադրութեան 127-րդ յօդւածի համաձայն՝ տեղական կառավարումը երեք մակարդակի է՝ նահանգային, քաղաքային եւ գիւղական, որոնք կառավարում եւ տնօրինում են իրենց շրջանի հարցերը՝ եւ որոնց գլուխներն են՝ նահանգապետը, քաղաքապետը եւ գիւղապետը:

Տեղական իշխանութիւնները ունեն իրենց անկախութիւնը կամ ինքնավարութիւնը, որը ըստ Սահմանադրութեան աշխատում է ապակենտրոն ձեւով, բայց կենտրոնական կառավարութիւնն էլ ունի իր ուժեղ հակակշիռը՝ այդ տեղական ինքանակառավարման վրայ: Այս երեւոյթը ապացուցում է, որ նրանով հանդերձ, որ երկրի իշխանութեան կառուցվածքը ունի ինչ-որ ժողովրդավար ու ապակենտրոնացւած ձեւ, միաժամանակ, ուժեղ կերպով, տիրական է կենտրոնացւած իշխելու ձեւը եւ մշակոյթը: Տեղական իշխանութիւնները անգամներ փորձել են Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ մտցնել, որպէսզի մեծացնեն իրենց իրաւասութիւնների դաշտը, բայց չեն յաջողել:

Տեղական կառավարման մարմինները մեծ դեր ունեն Թուրքիայի հասարակական, տնտեսական եւ քաղաքական կեանքի ձեւավորմման մէջ: Ըստ 2013 թւականի տւեալների՝ երկրում տեղի ունեցած ներդրումների 80 տոկոսը կատարւել, կառավարւել կամ տնօրինւել է տեղական իշխանութիւնների միջոցով՝ նրանք երկրի իշխանութեան ողնաշարն են համարւում: Երկրի ոչ-զինւորական աշխատուժի 11,5 տոկոսը (շուրջ 294,086 հոգի) աշխատում են տեղական իշխանութիւնների համար: Երկրի տնտեսական զարգացման մէջ մեծ դեր ունեն այդ տեղական մարմինները՝ տրանսպորտ, տուրիզմ, բնապահպանութիւն, առողջապահութիւն, մարմնամարզութիւն, մշակոյթ…. այս բոլոր ոլորտների աշխատանքները եւ այդ կապակցութեամբ տեղի ունեցած զարգացումները կատարւում են տեղական կառավարման մարմինների ծրագրաւորումներով եւ աշխատանքներով: Նրանք ունեն իրենց դերը նաեւ երկրի քաղաքական կեանքի ձեւավորման մէջ: Նախարարներից, խորհրդարանի պատգամաւորներից շատերը նախապէս եղել են տեղական կառավարութեան դէմքեր՝ նահանգապետեր, քաղաքապետեր եւ այլ տեղական պատասխանատուներ: Օրինակի Ստամբուլի ընդհանուր քաղաքապետը վարչապետից յետոյ համարւում է երկրի կարեւոր եւ ազդեցիկ դէմքերից մէկը. ով վարում է այս պաշտօնը, նրա որոշումներն ու վարած քաղաքականութիւնը կարեւոր դեր են խաղալու երկրի քաղաքական հարցերում:

Տեղական իշխանութիւնները ունեն իրենց գլուխը (քաղաքապետ կամ գիւղապետ) եւ իրենց խորհուրդը: Քաղաքապետը կամ գիւղապետն ընտրւում է ժողովրդի քւէով եւ պարզ մեծամասնութեամբ, իսկ խորհրդի անդամները դարձեալ ընտրւում են ժողովրդի միջոցով, բայց՝ համեմատական կարգով: Այս բոլոր թեկնածուներին ներկայացնում են կուսակցութիւնները: Ներկայումս Թուրքիայում գոյութիւն ունի չորս գլխաւոր կուսակցութիւն՝
«Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւն (ԱԶԿ), որը արդէն իսկ իշխանութեան գլուխ է կանգնած, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւն (ԺՀԿ), որը ունի ժողովրդավար եւ ընկերվար գաղափարաբանութիւն, հիմնւել է Մուստաֆա Քեմալի միջոցով՝ այժմ ընդդիմադիր, «Ազգային շարժում կուսակցութիւն» (ԱՇԿ), որը ազգային եւ պանթուրքիստական ծայրայեղ գաղափարաբանութիւն ունի եւ չորրորդը՝ քրդական ՙԽաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն՚ կուսակցութիւն (ԽԺԿ):

Արդէն սկսւել է պայքարը այս կուսակցութիւնների միջեւ՝ մարտի 30-ի տեղական ընտրութիւնների համար: Իւրաքանչիւր կուսակցութիւն ներկայացնելու է իր թեկնածուներին եւ փորձելու է հաղթել այդ տեղական կառավարութիւնների մէջ, քանի որ Թուրքիայում տեղի են ունենալու երկու այլ կարեւոր ընտրութիւններ, առաջիկայ երկու տարւայ ընթացքում, մէկը՝ երկրի նախագահի ընտրութիւնը, միւսը՝ խորհրդարանի պատգամաւորների ընտրութիւնը: Վոր ուժը մարտի տեղական այս ընտրութիւններում մեծամասնութեան քւէն շահի եւ տիրանա տեղական իշխանութեանը, նա ազդեցիկ կը լինի նաեւ յաջորդ երկու ընտրութիւններում:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ