- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԱՄՆ Հավայիում օրենսդիրները մերժել են Ադրբեջանի հովանավորած հակահայկական բանաձևերը

ANCA [1]Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին հաջողվել է կանխել Ադրբեջանի հերթական հակահայկական սադրանքը: Միացյալ Նահանգների Հավայի նահանգում, որը նախագահ Օբամայի ծննդավայրն է, օրենսդիրները մերժել են Ադրբեջանի հովանավորած հակահայկական բանաձևերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի բնորոշմամբ, երկու բանաձևերն էլ կողմնակալ և փաստերի տեսանկյունից թերի են եղել: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել հանդուրժողականության և մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ իրենց նվիրվածությամբ հայտնի Ալոհա նահանգի ներկայացուցիչներին` Բաքվի աճպարարական ջանքերը կանխելու իմաստության համար: Այսօրվա քվեարկությունը հզոր ազդանշան էր, որ Ադրբեջանի կոռումպացված և ոչ ժողովրդավար նախագահ Իլհամ Ալիևր, չնայած խավիարային դիվանագիտության վրա վատնած միլիոններին, չի կարող ձայներ հավաքել այստեղ` ԱՄՆ-ում»,- նշել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

Հավայի վարչական միավորի Ներկայացուցիչների պալատի Վետերանների, ռազմական, միջազգային հարցերի և մշակույթի ու արվեստի կոմիտեն այսօրվա լսումների ժամանակ մերժել է երկու հակահայկական բանաձևեր, որոնք ներկայացրել էր կոմիտեի նախագահ Մարք Թաքեյը:

Նշվում է, որ նահանգային ներկայացուցիչ Ռիդա Քաբանիլանը տեղական «Civil Beat» լրատվամիջոցին հայտնել էր, որ «բանաձևերն առաջ են մղվում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի կողմից»: «Civil Beat»-ը հետագայում հայտնել էր, որ անցյալ տարվա մայիսին կոնգրեսական Քաբանիլան և նախագահ Թաքեյն այցելել են Ադրբեջան, որի կառավարությունը մոտ 8 հազար դոլար էր ծախսել երկու օրենսդիրների ճանապարհորդության համար:

Լսումների ժամանակ համոզիչ ելույթներ են ունեցել տեղի հայկական համայնքի անդամներ Արփինե Ֆիլյանը, Արթուր և Անի Մարտիրոսյանները, որոնց ձայնն էլ ազդել էր որոշման վրա: Բացի այդ, լսումներին նախորդող օրերին բանաձևերին ընդդիմացող հարյուրավոր նամակներ և վկայություններ են ուղարկվել կոմիտե:

Նշենք, որ 2009 թվականի ապրիլի 7-ին օրինական ուժի մեջ է մտել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որով Հավային դարձել է ԱՄՆ-ի 42-րդ նահանգը, որ պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Ի դեպ, հենց Հավայի նահանգում է ծնվել ու մեծացել է ԱՄՆ նախագահ Օբաման, հենց այդ փաստաթուղթը պաշտոնապես ընդունելու օրը Օբաման պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում: